Հոդված՝ Փրկության ափ, թե՞ ներհայման տարածություն
Հեղինակ՝ Հասմիկ Հակոբյան
Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կռուզո» վեպը, որը 18-րդ դարի լուսավորչական գրականության լավագույն նմուշներից մեկն է, արկածային վեպի օրինաչափություններով գրված այլաբանական առակ-ասելիք է մարդկային կյանքի իրական առաքելության, անցնելիք ճանապարհի, աստվածային նախախնամության մասին: Տարբեր ժամանակաշրջաններում վեպը մեկնության տարաբնույթ հայեցակարգային մոտեցումների է ենթարկվել (հեղափոխական երկ, դաստիարակչական, բարոյական, հոգեբանական, փիլիսոփայական և այլն): Օրինակ, Էնգելսը Ռոբինզոնին տիպիկ «բուրժուա» էր համարում, անգլիական գաղութատիրական համակարգի ներկայացուցիչ վաճառական, որը գիտի ամեն ինչի գինը և կարող է օգուտ ստանալ իրեն շրջապատող աշխարհից: Հայտնվելով կղզում, Ռոբինզոնը նախևառաջ հաշվում է իր ունեցվածքն ու գրառում մատյանում, իսկ հետո կղզու վրա իր սեփականատիրական կարգերը հաստատում: Հասարակագիտական տեսանկյունից անցյալ՝ նախասկիզբ, հետվերադարձով Դեֆոն նկարագրում է մարդկային հասարակության ձևավորման ու զարգացման բոլոր շրջափուլերը՝ որսորդություն, անասնապահություն, հողագործություն, ճորտատիրություն (Ուրբաթի հայտնվելը) և ֆեդոլաիզմի ժամանակաշրջան (երբ կղզում հայտնված նավաստիները փորձում են հարստահարել և իրենց շահի համար աշխատացնել կղզիաբնակներին):
Վեպի աշխարհայացքային մյուս դիտանկյունը, որն այս պահին առավել կարևոր եմ համարում ժամանակակից գրականության ու «ռոբինզոնապատումի» զուգահեռումների համապատկերում, մարդու կղզիացման, մենակության դատապարտման, հոգևոր ինքնաճանաչման, ինչպես նաև մեղքի ու հատուցման փոխհարաբերությունների վերլուծություն է:
Նավաբեկությունից հետո կղզում հայտնված Ռոբինզոնը տարաբնույթ հասարակական ու սոցիալական հարաբերությունների մեջ ինքնասպառված, իր նախասկզբից հեռացած մարդու (մարդկության) ընդհանրական կերպարն է, որն իր համար փրկության ափ է որոնում: Բավական է միայն հիշել այն փաստը, որ հենց ինքը՝ Դեֆոն, առևտրական է եղել, ապրել անչափ բարդ՝ ֆեոդալիզմից բուրժուազիայի անցման պատմական դարաշրջանում, ընդդիմադիր կուսակցությունների բախման կիզակետում: Գրել է քաղաքական պամֆելտներ, ենթարկվել բազմապիսի հետապնդումների և, ընդհանրական իմաստով, վեպում հենց իր սեփական կյանքի փախուստի ու հոգևոր ամլացման պատմություն նկարագրել: Կղզին փրկության հնարավորություն է, հոգին ներհայելու, սեփական եսի հնարավորությունները ճանաչելու տարածություն: Ռոբինզոնի համար այս փորձություն ընկալվում է որպես Աստծու կողմից իրեն ուղարկված պատիժ, մեղքերի հատուցման ընթացք, որն էլ հերոսը ընդունում է լուռ համակերպումով: Փաստացի, մինչև Ուրբաթին հանդիպելը, Ռոբինզոնը մենակ է կղզում, սակայն վեպի պատումի կերպն ու արտահայտման ներքին ընթացքը այնպես են կառուցված, որ տպավորություն է, թե Ռոբինզոնին ինչ-որ վերերկրային ուժ է ուղեկցում, ստիպում նրան շարժվել, կրակ ու հաց ստանալ, կավից աման ձուլել, հաղթահարել կեցության մյուս խոչընդոտներն ու հուսահատությունը: Իրեն հասած փոքր դետալներով Ռոբինզոնը նոր աշխարհ է կառուցում:
***«Երբեմն հուսահատության մեջ էի ընկնում և ծանր թախիծ էի ապրում: Այս տանջող զգացմունքները հաղթահարելու համար վերցրի գրիչը և փորձեցի ինքս ինձ ապացուցել, որ իմ ողբալի դրության մեջ, այնուամենայնիվ, շատ լավ բան կա»:
***«Ամենածանր վշտերի մեջ էլ կարելի է և պետք է մխիթարություն գտնել»:
Միայնակ մարդ և տարերային բնություն, ահա հենց այս առերեսումն ու դիմակայություն է, որ մարդ արարածին վերադարձնում է իր նախասկիզբ բնականությանը, նրան մեջ արթնացնում իրական պայքարի ոգին, ստիպում հավատալ իր իսկ ուժերին, գտնել սեփական առաքելությունը: Դեֆոն իր ժամանակաշրջանի հավատարիմ գրողն է, նա իր անվարան վստահություն է հայտնում մարդկային ուժ հաղթանակին:
Հետաքրքրական է նաև մեղքի, պատժի և թողության տրմաբանության զարգացումը վեպում: Դեֆոյի հայրն առևտրական էր և հավատապաշտ մարդ, ցանկանում էր, որ որդին քահանա դառնա: Ճիշտ է, ուսում ստանալուց հետո Դեֆոն քահանա չդարձավ, սակայն Աստծո, նախախնամության, մեղքի ու հատուցման գաղափարը խորապես ներկա է նրա աշխարհայացքում և դա, նախևառաջ, երևակվում է Ուրբաթի կերպարի հայտնությամբ: Ուրբաթը մարդկային տեսակի նախասկիզբն է՝ վայրի, բնական, բարի, շնորհակալ ու հավատարիմ: Պատժի ու հատուցման ընթացքի մեջ Ուրբաթի հայտնությունը Ռոբինզոնի մեղքերի թողության ընթացքի մի աստիճան է: Կարծես թե պատահականորեն Ուրբաթ անունը ստանալով (վայրենին Ռոբինզոնին հայտնվեց Ուրբաթ օրը)՝ հեղինակն իրականում ավելի խորքային աստվածաշնչյան հղում է կատարում. Քրիստոսի խաչելությունից հետո հենց ուրբաթ օրն է, որ մարդկությունը մեղքերի թողություն է ստանում: Սակայն հարության կրակին դեռ նոր պետք է գա, և այդ ճանապարհին են գտնվում ոչ միայն Ուրբաթն ու Ռոբինզոնը, այլ ամբողջ մարդկությունը: Մեղքերի թողության հաջորդ փուլը վեպում Ռոբինզոնի տուն վերադարձի փաստն է. հոր խոսքը դրժած, ընտանիքից հեռացած ու արկածախնդիր կյանքով ապրող որդին մեղքի ինքնամաքրման, սեփական ճանապարհն ու առաքելությունը գտնելուց հետո պարտավոր էր վերադառնալ հայրենի օջախ: Ինչն էլ վերջին հաշվով անում է Ռոբինզոն Կռուզոն:
Համաշխարհային գրականության մեջ անթիվ ու անհամար գրական ստեղծագործություններ այս կամ այն կերպ իրենց վրա կրել են Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կռուզո» վեպի ազդեցությունը, սակայն մեր օրերում առավել ուշագրավ է «ռոբինզոնապատում» ստեղծագործությունների՝ հասարակական կյանքից դուրս, ներքին կռվի, ինքնակայացման պայքարի նկարագրությունը: Երևույթ, որը առհասարակ բնորոշ է մերօրյա ներհայեցային գրականությանը:
Ժամանակակից «ռոբինզոնապատումը» նոր աշխարհայացքային իրողություն է, որտեղ հստակ փոփոխության են ենթարկվել տարածաժամանակային ընկալումները, խախտվել է հերոսների կենտրոնաձիգ, բացարձակ կարևորությունը, տեղի է ունեցել գրական ու միֆական տարբեր կերպարների միաձուլում: Նկատելի է նախընթաց մշակութաբանական երևույթների նորովի մեկնություն՝ մասնավորապես միֆական ու սիմվոլային համակարգերի վերաձևակերպում:
Առաջին հերթին, փոփոխվել են կղզու տարածական չափումներն ու որակական նշանակությունը: Տարուբերվելով փրկության ափ և ներհայեցային ափ անցումների միջակայքում՝ այն մեկ զսպանակվում-ընդարձակվում է, վերածվելով ամբողջ մայրցամաքի (Կոլումբոսի ու նոր մայրցամքի հայտնությունը), մեկ սեղմվում ու դառնում փոքր տարածական միավոր՝ սենյակ, տուփ, ճամպրուկ, և այլն (ներհայման փակ տարածություն): Այս տարուբերումներին համընթաց փոխվում է նաև ժամանակային ընկալումը. գործողության ժամանակը անորոշ, ձգված ու լղոզված սահմաններով ներկան է, տեղապտույտ մի ընթացք, որը ոչ մի տեղ չի տանում և իր շարունակականությամբ ներհայեցային ինքնավերլուծության ուղղորդում: Փորձենք «ռոբինզոնապատում» ստեղծագործությունների մի քանի առանձնահատկություններ ներկայացնել՝ հայ արդի գրականության համապատկերում:
Հովհաննես Գրիգորյանի «Ռոբինզոն Կռուզո», «Կոլումբոս» և Հենրիկ Էդոյանի «Կոլումբոսի ճամփորդությունը» բանաստեղծություններում նկատելի են ժամանակակից «ռոբինզոնապատումի» բազմաթիվ նրբերանգներ: Եթե դեֆոյական Ռոբինզոնը հետվերադարձ էր կատարում անցյալ և վերապրելով նախկին քաղաքակրթական էվոլուցիան՝ հայտնվում ներկայում և նոր միայն իրավունք ստանում ապագա ունենալու, ապա ժամանակակից Ռոբինզոն-Կոլումբոսը (Կոլումբոսի հայտնություն այս համապատկերում առավելապես հավաքական փրկության գաղափարի հետ է կապված) անորոշ ժամանակային ընթացակարգի մեջ գտնվող անհատն է, ով ակնկալիք չունի ո՛չ անցյալից, ո՛չ ներկայից, միայն երբեմն անվերջ տեղացող անձրևների շարունակականության մեջ սպրդում է սպասման ակնկալիքը՝ փրկության նավի կամ մայրցամաքի պատկերով: «Խոսող Ես-ը կնայի մերթ ետին` անցյալ երջանկության, մերթ ապագային` որմե կսպասե նորոգում: Կսպասե բանի մը, որ գար, բանար անշարժության, առանձնության շրջանակը: Նման սպասումով հորինված քերթված մըն է «Կոլումբոս»ը, որ կխոսի չես գիտեր ե՞րբ և ո՞ւր, ժամանակի ո՞ր կետին վրա, ընդհանուր անստուգության մը մեջ» (1),- գրում է Գրիգոր Պլտյանը Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծության մասին: Բայց, եթե նույնիսկ ընդհանուր անհուսության մեջ, Գրիգորյանի պատուհանից դուրս նայող հայացքը անվերջ ձգվող սպասումի մեջ դեռ փրկության անորոշ մի նավ է փնտրում (որն ավելի շուտ՝ տապանի և, ըստ այդմ, Նոյի ու ջրհեղաղային փրկության գաղափարն է իր մեջ խտացնում), ապա Հենրիկ Էդոյանի «Կոլումբոսի ճանապարհորդությունը» ստեղծագործության մեջ անորոշ ժամանակի տեղապտույտում անհեռանկար նավարկող ծովակալն այլևս փրկության ափ չի որոնում. «Ճանապարհը բաց է, բայց ոչ ոք տեղ չի հասնում: Չկա ոչ մի ձեռք: Շարժում, որ վերջ չունի»(2): Ճանապարհի անվերջությունը, վերջիվերջո, ստիպում է անհատին ակնկալվող փրկության ափը որոնել մարդկային հոգու խորխորատներում, քանզի չկա «մի ուրիշ կղզի՝ ավելի մենակ, քան մենք ինքներս»(3):
«Ռոբինզոնապատում»-ի հետաքրքիր ու ինքնատիպ երևույթ է Արամ Պաչյանի «Ռոբինզոն» ժողովածուն ու նույնանուն պատմվածքը: Կղզին Արամ Պաչյանի հերոսների պես երկակի էությամբ օժտված սուբստանց է` նեղ, սեղմող հոգեկան թաքստոցից, մինչև կորած երկնային դրախտի մարմնավորում. «Սենյակը նմանվել է կաշվե մաշված կազմով Աստվածաշնչի» («Ռոբինզոն»): Կղզու նմանակներն են նաև հիվանդասենյակը («Գիշերը ստվերի տակ»), ճամպրուկը («Երկու պատմություն սիրո մասին»), վեր խոյացող սունկը («Տորոնտո»), որտեղ մենանալով ամբողջական Եսը (նաև` երկնային, հողեղեն, տառապող եսը)` ոչ միայն պաշտպանություն է ակնկալում արտաքին աշխարհից, այլ նաև ձեռք բերում որոշակի բարձրության դիտարան` առօրյա կյանքի անցուդարձը ուսումնասիրելու, փրկության նոր ափի մասին երազելու: «Իմ թանկագին Ուրբաթ, ամեն օր ես ու Հիսուսը պատուհանի մոտ կանգնած` քո նավակի ալիքներին ենք սպասում»(4), – գրում է «Ռոբինզոն» պատմվածքի հերոսը`որպես հպանցիկ նախասկիզբ հիշատակելով Հիսուս անունը (պատմվածքում Հիսուսը տղայի մենության լուռ ընկեր թութակն է), իսկ նավակի, ալիքների ու փրկության կղզու ակնկալվող սպասումն արդեն առավել ակնհայտորեն մատնանշում են Քրիստոս-Ուրբաթին, որ պետք է գա ջրերի վրա քայլելով և բոլոր տառապող ռոբինզոններին դեպի փրկության ափ ուղղորդի: Սակայն իրական փրկության ափը ամբողջ գրքում այդպես էլ մնում է անորոշ հեռավորության վրա, և հենց այստեղ է, որ քրիստոնեական փրկության հավատը փոխարինվում է պոստմոդեռնիստական անհուսությամբ. «Ծանր սրտով հեռացա կղզուց, տեր իմ, հետո եղա բազմաթիվ այլ կղզիներում, որոնք չէին տարբերվում միմյանցից, ամեն տեղ մարդիկ էին, ովքեր պատերազմում էին տխրության դեմ, իսկ ամենասարսափելին մինչև տիեզերք հասնող աղմուկն էր, որի ներքո սովորել էին հանգիստ ննջել»(5): Թախիծն ամենուր է, փրկության ափն արտաքին աշխարհում անհնար է գտնել, այնտեղ հասնելու միակ ճանապարհը կրկին դեպի ներս ուղղված հայացքն է ու բացարձակ լռության մեջ իմաստի փնտրտուքը:
Հետաքրքիր իրողություն է նաև Ռոբինզոն-Նոյի Ուրբաթ-Հիսուսի կերպարների, նավ-տապան սիմվոլների նույնականացման և մշակութաբանական նորովի վերաիմաստավորման պահը: Առհասարակ, հնի ու նորի պայքարն ու ապոկալիպտիկ տրամադրությունները բնորոշ են մերօրյա գրականությանը: Եվ՛ Նոյը, և՛ Ռոբինզոնը հին աշխարհի ներկայացուցիչն են, որոնք իրենց ուսերին կրում են պատմության ու քաղաքակրթության, մարդկային մեղքի նախընթաց բեռը, բայց այլևս անկարող են ապրել այդ բեռի ներքո և փրկության ափ են որոնում: Իսկ փրկության ափ հնարավոր է հասնել՝ Ուրբաթ-Հիսուսի (փրկության ու թողության կերպարների) և կղզի-տապանի մեջ ներհայելու, ինքմաքրման շնորհիվ: Դանիել Դեֆոյի գրական ստեղծագործության հերոսներն ու սիմվոլները վերիմաստավորվելով ժամանակակից իրականության աշխարհայացքային իրողությունները մեկնաբանող հենակետ են դառնում: Իսկ սա միայն ու մի գրական հզոր ստեղծագործության ուժի վկայություն է. «Ռոբինզոն Կռուզո» վեպը եղել ու լինելու է բոլոր ժամանակաշրջանների տարաբնույթ հարցերի մեկնության լավագույն հենասյուներից մեկը:
1 Գրիգոր Պլտյան, Հովհ. Գրիգորյանը ժամանակին դիմաց. «Դանդաղ ժամեր», http://www.cultural.am/
2 Հենրիկ Էդոյան, Բանաստեղծություններ, հատոր 2, Երևան, 2010, էջ 112:
3 Նույն տեղում, էջ 116:
4 Արամ Պաչյան, Ռոբինզոն, Երևան, 2010, էջ 7:
5 Նույն տեղում, էջ 8: