Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 101֊րդ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ Գարո Փալյանը ապրիլի 21֊ին մեջլիսի ամբիոնից խոսել է Օսմանյան խորհրդարանի՝ 1915 թվականին արտաքսված ու սպանված 13 հայազգի պատգամավորների ու մտավորականների մասին։
Իր ելույթի ընթացքում Փալյանն ընթերցել է Ցեղասպանության տարիներին սպանված, ձերբակալված, կամ արտաքսված հայազգի քաղաքական գործիչների ու մտավորականների, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապի, Պետրոս Հալաչյանի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Հովհաննես Սերենգյուլյանի, Օնիկ Դերձակյանի, Համբարձում Բոյաջյանի, Վահան Փափազյանի անուններն ու պարզել նրանց դիմանկարները՝ խոսելով նրանցից յուրաքանչյուրի ճակատագրի մասին։
Թուրքահայ խորհրդարանականը, ով իր ելույթը սկսել է հայերեն «Բարև ձեզ» ողջույնով, դատապարտել է հայազգի քաղաքական գործիչների սպանություններն ու հայտարարել, որ Թուրքիան պարտավոր է առերեսվել իր պատմությանը։
Փալյանը նաև դատապարտել է այն փաստը, որ Թուրքիայում մի շարք փողոցներ կրում են Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ու իրագործողների անունները։
«Կարո՞ղ եք պատկերացնել Հիտլերի անվան փողոցներ Գերմանիայում»,֊ ասել է նա։
Իր ելույթը Փայլանն ավարտել է հայերեն արտահայտությամբ․ «Աստված նրանց հոգին լուսավորի»։