Հոդված՝ Օլիվեր Թվիստ. Կորուսյալ մանկության մասին հեքիաթը
Հեղինակ՝ Գոհարիկ Աքելյան, գրականագետ
Հեքիաթում երեխան (սովորաբար ամենակրտսերը ընտանիքում) անցնում է ճանապարհ՝ հոգևոր վերաարժևորումների, հասունացման ճանապարհը, և երբ ֆիզիկապես, բարոյապես և ինտելեկտուալ առումով թրծված է լինում, վերգտնում է կյանքի բնականոն ռիթմը, դիպաշարի մակարդակում՝ վերադառնում ընտանիք կամ կազմում իր ընտանիքը։ Դիքենսը, ում հոգեհարազատ էր ոչ միայն հեքիաթային ոճավորումը, այլև աշխարհընկալումն ամբողջապես, գրում է անգլիական գրականության առաջին վեպը, որը կենտրոնում ունի երեխա հերոս և կիրառելով հեքիաթաստեղծման շատուշատ տարրեր` ստեղծում է հակահեքիաթ։ Կորցրած հեքիաթով Օլիվերը կամ սեփական հեքիաթից դուրս մնացած այդ երեխան, անցնելով բոլոր փորձությունները, հաղթահարելով անգամ մահվան մի քանի գլխանի դևին, փոքրիկ երեխայից չի վերաճում «արքայազնի», ինտելեկտուալ և ներքին հոգևոր փորձառության տեսանկյունից շարունակում է ընթերցողի համար մնալ նայիվ և ասես կամազուրկ մեքենա, որին շարժում է ճակատագրի ձեռքը։ Սրա պատճառները մի քանիսն են։
Գրականությունը ինքը դեռևս չէր անցել հասունացման ճանապարհը, որպեսզի ունակ լիներ մտնելու մանկական հոգեբանության նուրբ ենթաշերտեր։ Ինչպես անտիկ գրականությունում հերոսը չի կարող խույս տալ իր ճակատագրից, առավելագույնը ինչ կարող է անել՝ ազատությունը քաշել ճակատագրի գծած շրջանակի մեջ և վարվել ըստ սեփական հայեցողության Ընթացքի կարգերի հետ, մինչդեռ Վերջնարդյունքը, կետը, ուր պիտի ավարտվեր ճանապարհը, միակն է։ Եվ միայն հետո պիտի մարդկությունը հասունանար մինչև էքզիստենցիալ մտածողություն, ինքնակերտման և անգամ սեփական ճակատագրի կերտման հետ վարվեր ինչպես ամենակարող աստված։
Այսպիսով տեսնում ենք, որ վեպի ավարտին, պասիվ հոգևոր դինամիկայով Օլիվերը առայժմ «մանուկ» գրական մտքի արտացոլանքն է։
Մյուս կողմից Օլիվերի կերպարը նաև հասարակական մտքի արտապատկերումն է՝ այնքանով, որքանով հասարակությունը ի վիճակի էր ընկալելու և հարաբերվելու երեխաների հոգածության, խնամքի, դաստիարակության և մանկական աշխարհի հարցերին առհասարակ 1830-ականների Անգլիայում։
Մեկ այլ խնդիր էլ երեխայի աշխարհի ներքին և արտաքին տարածությունների խզումներն են՝ պայմանավորված մեծահասակների անտարբերությամբ և դաժանությամբ։ Կարնավալային (հրապարակային քրոնոտոպի) տեսարաններով լցված էջերում հատկապես է ընդգծվում երեխայի մենակության, հասարակույթան կողմից լքվածության զգացումը։ Եվ երբ երկխոսությունը ներսի և դրսի աշխարհների միջև ձախողվում է և անգամ բացառվում, երեխային մնում է պարփակվել սեփական կեղևում՝ դառնալով իր ներսի մարդու թույլ հաղորդիչ։ Ներքին ես֊ի շփման մակերեսը դրսի տարածությունների հետ չի ներառում անգամ էմոցիոնալ դաշտը։ Թվում է՝ Օլիվերը առատորեն արտահայտում է իր վախերը, լաց է լինում լիուլի, մինչդեռ իրականում իրավիճակների անվերջանալի կրկնությունը բթացնում են երեխայի զգայարանները և դրսևորած վարքը ռեֆլեքսների, ինքնապաշտպանության բնազդի մակարդակով է գործում. «աղքատանոցում մանկան հանդեպ ցույց տրված բիրտ վերաբերմունքը նրա հոգում առաջացրել էր անասնային անտարբերություն»։ Եվ վերջապես երեխայի ներքին աշխարհի տարածության մինուս ներկայությունը բավարարում է հեքիաթային սկզբի նախապայմանին. թափուր տեղը լրացվում է արտաքին նոր տարածութունների նվաճմամբ։
Ուրեմն՝ ակտիվանում է ճանապարհի ճանաչողական մետաֆորը, իսկ վերջինս սերտորեն կապվում է տան մետաֆորին։ Սակայն, ինչպես արդեն ասվեց, այս պատումը ձևով հեքիաթ է, իսկ բնույթով հակահեքիաթ, հետևում է այստեղից, որ պատմությունը սկսվում է ոչ թե քրոնոտոպային Տուն֊սիմվոլով, որից հերոսը պիտի հեռանա աշխարհը ճանաչելու և այնուհետ վերադառնա, այլ Տան բացակայությամբ։ Որբ Օլիվերի համար «տուն» բառով չի մեկնարկում հրաշապատումի ժամանակը, հակառակը՝ «անտուն» որբի կարգավիճակով ազդարարվում է «վշտի ու ցավերի այս աշխարհը» մտնելու անժամանակը։ Վերադարձի մոտիվի բացառումը մյուս կողմից Օլիվերին որոշակի ազատություններ է ընձեռում, եթե չասենք՝ շնորհ։ Խաբեբայապատում ժանրի օրենքները մտնում են լիազորությունների մեջ, և դա երեխային գոյատևելու հնարավորություն է տալիս։
Եթե համեմատելու լինենք, օրինակ, Գիքորի հետ, ում նույնպես աշակերտության են տալիս, ինչպես Օլիվերն է դառնում դագաղագործի օգնականը, Օլիվերը ակնհայտ «շահեկան» վիճակում է։ Վերջինս չունի հովվերգական Տան մտապատկերը, երբևէ ընտանեկան կյանքի հեքիաթային մթնոլորտով պաշտպանված չի եղել մեծահասակների աշխարհի ոտնձգություններից, ստորություններից և համապատասխանաբար չունի օգնության այլ ակնկալիք, քան սեփական ուժերին ապավինելը։ Գիքորն այս զուգահեռում կենսունակ տեսակ չէ, քանի որ պատրաստ չէր տնից հեռանալու և հասունացման սեփական ուղին անցնելուն։ Իսկ ինչպե՞ս կամ ավելի ճիշտ ե՞րբ պիտի պատրաստ լիներ։ Եթե վերհիշելու լինենք տարբեր հեքիաթների սյուժեներ, պարզ կդառնա, որ հերոսը միշտ տան հետ կապերը խզելու կամ սեփական որոշմամբ հեռանալու հանգամանքներում է հայտնվում. խորթ մայր, ով վերջ է տալիս Տան հովվերգական գործառույթներին, ծնողի հիվանդություն կամ ասենք` անմահական պտուղը գողացող վիշապի հետևից գնալու և սպանելու անհրաժեշտություն և այլն։ Տնից հեռանալուն պատրաստ լինելը նախապայմանն է Ճանապարհի քրոնոտոպի և դրա օրենքների ակտիվացման։ Գիքորը չի հասցնում ապրել հասունացման այս առաջին փուլը և հայտնվելով բոլորովին նոր տարածության և ժամանակի մեջ՝ շարունակում է մնալ Տան հուզական ընկալումների դաշտում։
Օլիվերը հովվերգականի կազմաքանդման անհրաժեշտությունը անգամ չի ունենում։ Երբ երեխան ծնվում է բարդություններով, նարատորը սկզբից ևեթ ազդարարում է. «եթե Օլիվերը շրջապատված լիներ հոգատար տատիկներով, տագնապած մորաքույրներով, փորձառու դայակներով և հմուտ բժիշկներով, անկասկած և անխուսափելիորեն, իսկույն կմահանար։ Բայց, քանի որ նրա մոտ ոչ ոք չկար բացի մի աղքատ պառավից, որի աչքերը գարեջրի անսովոր քանակից մշուշվել էին, և նման գործերը միայն պայմանագրով կատարող ծխական բժշկից, Օլիվերն ու Բնությունը իրենց միջև պայքարեցին այդ հարցի լուծման համար»։ Փաստորեն ստացվում է՝ Օլիվերը ոչ այն է թե կորցնում է իր հեքիաթը, այլ չունի հենց սկզբից, ի տարբերություն Գիքորի, մինչդեռ «Օլիվեր Թվիստում» հեքիաթային սկզբի առկայությունը և «Գիքորում» դրա բացակայությունը ակնբախ է։ Օլիվերի լույս աշխարհ գալը պայմանավորված է անհնարին և ռոմանտիկ սիրո պատմությամբ՝ պարուրված գաղտնիքներով։ Գիքորը ապրում էր ներդաշնակ ներընտանեկան մթնոլորտում և այնուամենայնիվ չկա հեքիաթայինի ռոմանտիկական տարրը, այլ ամենասովորական կենցաղ է հիմքում։
Այսպիսով, ճանապարհի մետաֆորը մտնում է իր օրենքների մեջ, և Օլիվերն ակամայից շարժվում է առաջ։ Չեզոք միֆական ֆոնին այդուհանդերձ արքետիպային, մետաֆորիկ կերպարներ են գործում՝ բևեռացած չար և բարի։ Գրոտեսկային աշխարհընկալումը և ներկապնակի երկգույն հակադարձումը մանկականության անուղղակի ձևակերպումն է վեպում. Օլիվերի զգացումների և դրանց տատանումների միջոցով է բացահայտվում փոքրիկի աշխարհը։ Դիքենսն ինքն իր մանկությունը վերապրում էր շատ ծայրահեղացված, հակադիր գույներով՝ հովվերգական նախաբանը, ուր ամեն ինչ իդեալական էր և ֆինանսական դժվարությունների փուլը, որին առնչվող բոլոր հուշերը նվաստացումների և դժվարությունների համատեքստում էին։ Անգամ բուռն հաջողությունների տարիներին հասուն Դիքենսը խոստովանում էր, որ երազներում երբեմն մոռանում է իր ներկա կարգավիճակը և իրեն զգում ստորացած, սարսափահար փոքրիկ երեխա։ Սևի և սպիտակի այս լայն սպեկտրը կիրառվում է վեպում Օլիվերի ներաշխարհի վերաբերմամբ ևս։
Հաճախ գրականագիտության մեջ երբ նշվում է այն մասին, թե Օլիվերն ինքնին առկա չէ տեքստում որպես բնավորություն, տեսանելի չէ նրա հոգեկան աշխարհը որպես բովանդակություն և շատ արագ վերահարմարվում է ցանկացած միջավայրի, որում հայտնվում է, անտեսում են վերաբերմունքի անուղղակի ներմուծումները, որոնք դրսևորվում են մանր դետալներում և տրամադրությունների այլևայլ արտահայտություններում։ Մինչդեռ նկատեք, թե որքան ակտիվ են տրամադրությունների փոխակերպումները։ Ընդ որում, քիչ առաջվա պնդումն առ այն, թե երեխան չարչարանքների բովով անցնելիս որոշակիորեն փակվում է անգամ արտաքին ազդակների համար և շարժվում բնազդներով, որևէ կերպ հակասության եզր չի ստեղծում։ Բանն այ է, որ երեխայի վերաբերմունքը իրերին ու աշխարհին ոչ միշտ է գիտակցական։ Արտաքին աշխարհի մասին ինֆորմացիան և դրա հետ վարվեցակարգը մշակվում է գերսրված ինքնապաշտպանական բնազդների շտեմարանում։ Սա կանոնիկ երևույթ է առհասարակ երեխաների համար, իսկ գոյատևման օլիվերյան ջունգլիներում հատկապես։ Ինտուիտիվ զգացումները ուղղորդում են Օլիվերին իր գործողությունների և մասնավորապես տրամադրությունների դրսևորումներում։ Թե որքան արագ է Օլիվերը մոռանում իրեն սպառնացող վտանգների մասին և համակվում ներդաշնակության և երջանկության բերկրանքով, կարելի է տեսնել բազմաթիվ դրվագներում, ինչպես օրինակ՝ երբ ինքնամոռաց հպարտությամբ տանում է միստր Բրաունլոյի գրքերը գրքավաճառին վերադարձնելու, խորթ եղբորը հանդիպելու առաջին դրվագը, որն, իր ողջ տարօրինակությամբ իսկ, ի զորու չի լինում երկար ժամանակով զբաղեցնել Օլիվերի մտքերը և այլն։ Բնազդային առաջնորդմամբ պետք է բացատրել նույնպես և մոր հանդեպ կապվածության և բոլոր սենտիմենտալ դրվագների, ընդհուպ մինչև մոր պատվի համար կամային անսովոր զարթոնքի ցոլարձակումները։ Այլապես թե ՛ մորը և թե ՛ հորը երբևէ չտեսած մանկան հոգեբանությունում մայրական ակտիվ ներկայության և հայրական սկզբի իսպառ բացակայության անհամաչափությունը անհասկանալի կմնար։ Առհասարակ Դիքենսը շեշտադրում է բնությունը։ Լայնորեն տեղի տալով մանկավարժության ռուսոյական պատկերացումներին՝ Դիքենսը չի գերագնահատում նաև դաստիարակության և արտաքին ազդեցության նշանակությունը: Հետևելով կրթության ու բարյացակամության ուժը հաստատող մի տեսակ հեքիաթային֊հեփիէնդային սկզբունքին (չարը հաղթում է բարուն կոնցեպտ)`Դիքենսն այնուամենայնիվ հակադարձում է նաև Ջոն Լոքի «tabula rasa»-ի ըմբռնմանը։ Դիքենսյան մանկավարժական մոտեցումներում մեծ տեղ է հատկացվում ժառանգականությանը. «Բայց բնությունը, կամ ժառանգականությունը, մի տոկուն ու բարի հոգի էր դրել Օլիվերի կրծքի տակ, և այդ հոգին հաստատության ժլատ սննդի շնորհիվ բավականին «լայն պայմաններ» էր ունեցել աճելու»։
Այսպես, թե այնպես, «Օլիվեր Թվիստը» ոչ թե երեխայի և իր մանկական աշխարհի, այլ երեխայի շուրջ ծավալվող իրականության պատումն է, այն իրականության, որում երեխան ստիպված է գոյատևել։ Սոցիալական լայն պանորաման, որ փռվում է ընթերցողի առջև դիտել է տալիս ոչ միայն մանկությունը մի կերպ քարշ տվող խեղճ երեխաներին, այլև մանկության հեքիաթից զրկված մեծահասակների մի ողջ գորշ հասարակություն։