Հոդված՝ Ռոբինզոն Կրուզո. ժամանակի հայելին
Հեղինակ՝ Հայկ Կոնջորյան, հրապարակախոս
Դանիել Դեֆոյի Ռուբինզոն Կրուզոն զուտ մարդկային մի ճակատագրի պատմություն չէ: Այն արտահայտում է դարաշրջանի ոգին, խտացնում ժամանակի հիմնական միտումները, աշխարհայացքն ու մտածողությունը: Նոր դարերի արշալույսը նշանավորվում էր նոր մարդու ծնունդով: Ռոբինզոնը նոր մարդն է, որի միջոցով Դեֆոն տալիս է դարաշրջանի պատկերը: Նա գտնվում է հնի և նորի սահմանագծին և անընդհատ տատանվում՝ իր երկրփեղկված աշխարհում: Բայց ի վերջո՝ նորը հաղթում է: Ինձ համար, Ռոբինզոնի կենտրոնական թեման ոչ թե մենությունն է, այլ՝ ընտրությունը:
Ընտրում եմ՝ ուրեմն գոյություն ունեմ
Միջնադարյան մարդու կյանքը կանխատեսելի էր` նախասահմանված ի վերուստ: Կատարել սեփական ընտրությունը, նշանակում էր խախտել աստվածային նախախնամությունը, որը հաճախ արտահայտվում էր հայրական կամքով: Ռոբինզոնը ընդդիմանում է հոր կամքին և ընտրում է հեռանալ: Բայց ընտրելով մեկ անգամ` նա պետք է ընտրի անընդհատ և իր ուսերին պետք է տանի սեփական ընտրության ծանրությունը: Հենց այստեղ է առաջանում Ռոբինզոնի ներքին կոնֆլիկտը. ամեն անգամ բախվելով իր ընտրության հետևանքի հետ` նա ցանկանում է վերադառնալ: Բայց ի վերջո կատարում է մի նոր ընտրություն, որը նրան պետք է տանի մի նոր հանգրվան: Իր ընտրության արդյունքում նա գերի է ընկնում, հետո փախչում, այնուհետև հայտնվում Բրազիլիայում: Իր ընտրության պատճառով հայտնվում է կղզում՝ միայնակ: Իր ընտրությամբ նա հեռանում է կղզուց՝ Անգլիա, հետո նորից վերադառնում կղզի: Նա ընտրում է ձեռնարկել նոր ճանապարհորդություններ, հայտնվում է Մադագասկարում, Հնդկաստանում, Չինաստանում, Ռուսաստանում, անցնում է զանազան վտանգների ու արկածների միջով: Վերջում, նորից իր ընտրությամբ, վերադառնում է հայրենիք: Եթե ճակատագիրը տրված է քեզանից անկախ, ապա կենսագրությունը գրում ես ինքդ: Ռոբինզոնը հրաժարվում է ճակատագրից և կերտում է սեփական կենսագրությունը: Հենց սա է, որ տարբերում է նոր ժամանակների անհատին. նա իր կենսագրության հեղինակն է, կամ առնվանզ ձգտում է դրան: Ընտրությունը անհատական մակարդակից տարածվում է ընտանեկան, սոցիալական, քաղաքական և համակեցական կյանքի մյուս հարթություններ՝ դառնալով նոր աշխարհի հիմնասյուներից մեկը:
Արկածախնդի՞ր, թե՞ երազող
Դեֆոն ապրում էր աշխարհագրական հայտնագործությունների դարաշրջանում, երբ արկածն ու իրականությունը միախառնված էին: Նոր աշխարհների մասին առասպելները շարժում էին մարդկանց հետաքրքրասիրությունը, նրանց դրդում համարձակ ձեռնարկումների: Մի կողմից հարստանալու տենդը, որ կլանել էր բոլորին, մյուս կողմից՝ աշխարհաճանաչողության մղումը, մարդկության զարգացմանը հաղորդում էին մի աննախադեպ թափ: Ինքը՝ Դեֆոն, եղել էր առևտրական և լավ էր զգում ժամանակի զարկերակը: Ռոբինզոնը հայտնվում է կղզում 1659 թվականին: Դրանից 17 տարի առաջ՝ 1642թ., հայտնաբերվել էր Նոր Զելանդիան, իսկ կես դար առաջ՝ 1606 թ.՝ Ավստրալիան: Սրանք իրական երկրներ էին, որոնք բացահայտել էին «Ռոբինզոնները»:
Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր հերոսը և Ռոբինզոնը իր ժամանակի հերոսն էր, որին իր վեպում կերտել է Դեֆոն: Եվ ինչպես բոլոր ժամանակներում, աշխարհը հերոսի առջև դնում է մի կարևոր պայման՝ նա պետք է լինի խենթ: Եղեք քաղցած, բայց եղեք խենթ՝ ասում էր մեր ժամանակների հերոսներից մեկը, ու միլիոնավոր մարդիկ ձգտում են նմանվել նրան: Ռոբինզոնից մինչև Սթիվ Ջոբս, բոլոր հերոսները կանգնած են արկածի և իրականության սահմանին: Հենց դա է, որ նրանց դարձնում է գրավիչ և առեղծվածային, ստիպում մարդանց նմանակել հերոսին: Այն, ինչ ճանաչելի է և բացահայտ, այլևս գրավիչ չէ. հարկավոր է լեգենդ: Ժամանակակից աշխարհը կառուցված է հենց այդ լեգենդի վրա՝ դու կարող ես, միայն թե ձգտի՛ր, պայքարի՛ր և աշխարհը կբացի քո առջև իր դռները: Պետք է հիշել, որ արդի աշխարհը ձևավորվում էր հենց Դոֆոյի ժամանակներում՝ աշխարհագրական հայտնագործություններ, արդյունաբերական հեղաշրջում, կապիտալիզմի աճ և շուկայական տարերք, որ կլանում է բոլորին ու հասնում մինչև մեր օրեր:
Ռոբինզոնի կյանքը ծավալվում է հենց այդ շուկայական տարերքի մեջ, բայց որտեղ գլխավոր շարժառիթը միայն փողը չէ: Անգլիա վերադառնալուց հետո նա ուներ բավական կարողություն, ապրում էր բարեկեցիկ կյանքով և կարծես թե պատճառ չուներ նոր ու համարձակ ձեռնարկումների: Բայց նա մեկնում է նոր ճամփորդության՝ լինելով Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում, և միայն 10 տարի անց կրկին վերադառնում Անգլիա: Եթե ոչ հարստանալու ձգտումը, ապա ի՞նչն է, որ Ռոբինզոնին մղում է նորից ու նորից ճանապարհ ընկնել դեպի անհայտություն: Հենց անհայտությունը բացահայտելու մարդկային հետաքրքրասիրությունը՝ մի բան, առանց որի անհնար է պատկերացնել առաջընթացը: Եվրոպացի ճանապարհորդները իրենց հետ նոր երկրներից բերում էին ոչ միայն հարստություն և ապրանքներ, այլև՝ ինֆորմացիա և նոր գիտելիքներ: Մյուս կողմից՝ եվրոպական աշխարհի կուտակած փորձն ու գիտելիքները «արտահանում» էին այլ երկրներ, այսպիսով՝ շուրջերկրյա ճանապարհորդությունները վերածելով նաև գիտելիքի ճանապարհորդության և շրջանառության: Ռոբինզոնը ևս, եվրոպական քաղաքակրթության փորձն ու գիտելիքը տարածում է իր «նոր աշխարհում»:
Ռոբինզոնի Ստեղծարար մենությունը
Սկզբից Ռոբինզոնը հայտնվեց կղզում, հետո կղզին հայտնվեց «Ռոբինզոնում»: Անմարդաբնակ ու վայրի կղզում, թվում էր թե հերոսը չի դիմանա կամ կվերածվի մեկ այլ վայրենու՝ ենթարկվելով կղզու կանոներին: Բայց Ռոբինզոնը դավաճանած կլիներ իր մարդկային էությանը, իսկ մարդը, որտեղ էլ որ հայտնվի, փորձում է աշխարհը կերտել սեփական կերպարանքով. այս դեպքում՝ եվրոպացի մարդը: Եվ Ռոբինզոնը կղզին կերտեց մարդկային քաղաքակրթության օրինակով: Նա զբաղվում էր երկրագործությամբ՝ մշակում հացահատիկ ու բրինձ: Ընտելացնում էր վայրի կենդանիներին: Հաց էր թխում, չամիչ էր պատրաստում, կավե ամաններ ու կողովներ սարքում: Խմում էր ռոմ և կարդում Աստվածաշունչ: Կառուցում էր կացարան և այն պարսպապատում: Նա անմարդաբնակ կղզուց կերտեց հայրենիք, որը պատրաստ էր պաշտպանել զենքով: Իսկ հետո, երբ կղզում հայտնվեցին մյուս մարդիկ, իր գիտելիքները փոխանցեց նրանց, որպեսզի շարունակեն իր գործը: Ռոբինզոնը ստեղծեց և ժառանգեց՝ ամբողջացնելով մարդկային համակեցության շրջապտույտը: Իսկ հետո հեռացավ: Ռոբինզոնի մենությունը ստեղծարար մենություն էր, իսկ կղզին՝ մի սուռոգատ, որի մեջ ընկավ մարդկային քաղաքակրթության սերմը Դեֆոյի ձեռքով:
Տաբուլա ռասա կամ Ուրբաթ
Ուրբաթը Ռոբինզոնի արարչագործության գագաթնակետն է, նրա ՎԵՑԵՐՈՐԴ ՕՐԸ: Եվ այստեղ, առավել քան վեպի մյուս հատվածներում, Դեֆոն ցուցադրում է եվրոպացիների քաղաքակրթող առաքելությունը: Սա ժամանակի հրամայականն էր և իմպերիալիզմի գաղափարական զենքը: Նոր երկրների նվաճումներն ուղեկցվում էին ոչ միայն նյութական բարիքների փոխանակությամբ, այլև մշակութային փոխառնչություններով, որոնք հաճախ կոնֆլիկտային բնույթ ունեին: Հանդիպում էին քաղաքակիրթն ու «վայրենին», և նրանց միջև պետք է երկխոսություն հաստատվեր: Ուստի, հարկավոր էր քաղաքակրթել նրանց: Այս գաղափարը տարածված էր թե´ գրականության և թե´ քաղաքականության մեջ: Դեֆոյից մի փոքր ուշ, նրա հայրենակից՝ բրիտանացի խոշոր մտածող և քաղաքական գործիչ Է. Բըրքը պետք է ասեր, որ Իռլանդիան գրավել է ոչ այնքան անգլիական զորքը, որքան անգլիական մշակույթն ու քաղաքակրթությունը: Ի դեպ, ինքը՝ Բըրքը, իռլանդացի էր: Սա նորություն չէր աշխարհի համար: Դեռևս հին հույներն ու հռոմեացիները նվաճում ու «քաղաքակրթում» էին բարբարոսներին, ովքեր իրենց նման չէին: Քաղաքակրթական առաքելությունը գաղութատիրության անբաժան մասն է, իսկ Դեֆոյի ապրած ժամանակները ակտիվ գաղութացման ժամանակներ էին:
Եվ այսպես, Ռոբինզոնը սկսում է քաղաքակրթել Ուրբաթին և դա կատարում է թե՛ նյութական, թե՛ հոգևոր ու մշակութային մակարդակներում: Նա սովորեցնում է Ուրբաթին՝ խոսել անգլերեն, և այդպիսով լուծում է հաղորդակցման խնդիրը: Ռոբինզոնի համար Ուրբաթի վայրենության գլխավոր արտահայտությունն այն է, որ նա մարդու միս է ուտում: Դրա համար, նրան արգելում է մարդու միս ուտել և ընտելացնում է կենդանական մսին, հացին, կաթնամթերքին ու բանջարեղենին: Այնուհետև Ուրբաթին սովորեցնում է երկրագործությամբ զբաղվել: Մի բան, որը նրան բնության սպառողից վերածում է արտադրողի: Ռոբինզոնը Ուրբաթին ծանոթացնում է բարձր տեխնոլոգիաների հետ՝ ուսուցանելով զենքին տիրապետելու արվեստը, որը հետագայում նրանց շատ է օգնում: Դրանով Ուրբաթը կարծես քաղաքակրթական ցատկ է կատարում՝ իր պես վայրենիների հետ գտնվելով նույն ժամանակի ու տարածության մեջ, բայց տիրապետելով ապագայի զենքին:
Նյութականից զատ, Ռոբինզոնն իր աշակերտի հետ սկսում է զրուցել աստծո մասին, քննարկում բարու և չարի գաղափարը, խոսում է հոգու և սատանայի մասին: Եվ մի օր Ուրբաթը Ռոբինզոնին տալիս է հարց, որին նա դեռևս պատասխան չունի ու ձևացնում է, թե չի հասկանում հարցը. եթե աստված ամենազոր է, ապա ինչու՞ միանգամից չի պատժում սատանային, այլ թույլ է տալիս, որ նա կատարի իր չարագործությունները: Այս պահը կարծես Ռոբինզոնի քաղաքակրթական աշխատանքի տրամաբանական հանգրվանն է, երբ սովորողը սովորեցնողին տալիս է մի հարց, որի պատասխանը նա չունի, և նրանց միջև հաստատվում է «մշակութային հավասարություն»:
Ռոբինզոնը բավարարվա՞ծ է, թե՞ ոչ
Վերադառնանք ընտրությանը: Ռոբինզոնը տանից հեռացավ ծնողների կամքին հակառակ և ամբողջ կյանքում իրեն մեղադրում էր այդ որոշման համար, որը դարձավ իր դժբախտ կյանքի պատճառը: Բայց ամեն անգամ նա կատարում էր մի նոր ընտրություն, որն իր առաջին ընտրության շարունակությունն էր: Ո՞րն էր Ռոբինզոնի ընտրության շարժառիթը՝ հետաքրքրասիրությու՞նը, հարստանալու մղու՞մը, արկածախնդրությու՞նը:
Եթե մեր ընտրությունը ենթակա է մեր կամքին, ապա ընտրության հետևանքները շատ հաճախ դուրս են մեր կամքի հսկողությունից: Բայց կատարել ընտրություն, նշանակում է նաև պատասխանատվության ստանձնել հետևանքների համար, որոնք էլ իրենց հերթին դառնում են պատճառ՝ նոր ընտրության: Ժամանակակից մարդու կյանքը ևս, անցնում է ընտրությունների նման շրջապտույտի մեջ, և որքան շատ են մարդու ընտրությունները, այնքան շատ են սպասելիքները, հետևաբար՝ բավարարվելու և հիասթափվելու հնարավորությունը: Ռոբինզոնը պատրա՞ստ է սրան: Կարծում եմ՝ և այո և ոչ, ու հենց սրանով է Ռոբինզոնը գտնվում երկու աշխարհների սահմանագծին: Մի կողմից ավանդական մտածողությունն է, որը ստիպում է մնալ հայրական օջախում և ապրել կանխատեսելի կյանքով, ինչպես որ իր նախնիները: Մյուս կողմից՝ նոր աշխարհը, որը լի է անակնկալներով, վայրիվերումներով ու արկածներով: Մի կողմից երաշխավորված ապահովությունն է, մյուս կողմից՝ ռիսկային երազանքը: Եվ ընտրությունը դառնում է հատկապես կարևոր, երբ մարդն ունի այլընտրանք: Ավելի լավ է Ռոբինզոնը մնա երջանիկ՝ հայրական ընտրությա՞մբ, թե՞ կատարի սեփական ընտրությունը և լինի դժբախտ:
Կղզում, լիակատար մենության մեջ, Ռոբինզոնը շատ հաճախ իրեն զգում էր երջանիկ, որովհետև չէր ձգտում ավելիին, քան իրեն հարկավոր էր, բավարարվում էր եղածով: Սա այն մարդու կյանքն էր, որն իր համար նախատեսել էր հայրը: Բայց հերիք է՝ նա դուրս գա կղզուց կամ ստանա ընտրության հնարավորություն, սկսվում են տանջանքներն և խախտվում է նրա ներքին անդորրը: Սակայն Ռոբինզոնը ամեն անգամ որոշում է դուրս գալ իր հարմարավետության կղզուց: Հարցը՝ Ռոբինզոնը բավարարված է, թե ոչ, կախված է նրա ընտրությունից ու դրա հետևանքներից, որովհետև Ռոբինզոնի կյանքը իրար հաջորդող ընտրությունների շղթա է, իսկ կղզին՝ ընդամենը այդ շղթայի հերթական օղակը: