Home / Հայաստան / Չճանաչված Հայաստանի Հանրապետություն

Չճանաչված Հայաստանի Հանրապետություն

Երևանից եկող լուրերը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է հիշել, որ այդ երկիրը գտնվում է կրկնակի բռնազավթման մեջ՝ ղարաբաղցի դաշտային հրամանատարների ու Մոսկվայի կողմից։ Հայաստանի, որպես պետության, սեփական շահերը ոչ միայն հաշվի չեն առնվում, այլև դրանք, կարելի է ասել, ընդհանրապես գոյություն չունեն։ Ավելի ճիշտ, դրանք զոհաբերվում են նրան, ինչը Մոսկվայում ընդունված է անվանել «հոգևոր ամրակներ»՝ անցած դարի 90֊ականների սկզբին Ղարաբաղում հայկական զենքի տարած հաղթանակի համար հպարտությանն ու հարյուր տարի առաջ զոհված հայրենակիցների համար սգին։ Անկյան գլխավերևում դրված «հպարտությունն» ու «սուգն» այսօր Հայաստանի աղքատության, միջազգային մեկուսացման, հարևանների հետ համագործակցությունից հրաժարման ու Ռուսաստանի հետ զուտ գաղութային բնույթի հարաբերությունների երաշխիքն են։

«Քառօրյա պատերազմը» ապրիլի սկզբին չէր կարող որպես «սառը ցնցուղ» չծառայել։ Հայաստանը Ռուսաստանից ու ՀԱՊԿ֊ից չստացավ ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական աջակցություն։ Էլ չեմ խոսում ռազմական օգնության մասին։ Ավելին, «ռազմական դաշնակիցները» ամբողջ կազմով աջակցեցին Ադրբեջանին։ Իսկ ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ մտադիր է հետագայում էլ ապահովել Ադրբեջանին նորագույն զենքով, որի ծավալները Հայաստան մատակարարումները գերազանցում են շուրջ 15 անգամ։ Ռուսաստանյան դիվանագիտությունն, ընդհանրապես, նախապատվություն էր տալիս Բաքվին։ Այնտեղ անմիջապես մեկնեց Լավրովը։ Հենց Ալիևի հասցեին էին հնչում անվերջ կոմպլիմենտրեն ու հավերժական բարեկամության խոստումները։ Իսկ Երևանի հետ ոչ ոք հարկ չհամարեց հաշվի նստել։ Ու՞ր պիտի փախչի որ։

Այս ամենը, բնականաբար, չէր կարող չառաջացնել քննադատություն 1999 թվականից իշխանությունն իր ձեռքում պահող «ղարաբաղյան խմբավորման» ընտրած արտաքին քաղաքականության ուղղության հանդեպ։ Հայաստանում խոսեցին «Ռուսաստանի դավաճանության», ԱՄՆ֊ի ու Եվրամիության դերն ուժեղացնելու անհրաժեշտության, «բազմավեկտորության» մասին։ Դրան անխուսափելիորեն կհետևեին խոսակցություններն իշխանափոխության մասին, քանի որ ներկայիս ղեկավարությունն ի վիճակի չէ ապահովել այդ փոփոխությունները։ Մայիսի 5֊ին, սակայն, անսպասելի կերպով ի հայտ եկավ նոր թեժ թեմա․ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ խորհրդարան մտցրին Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության պաշտոնական ճանաչման վերաբերյալ օրինագիծ։ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ԶԼՄ֊ներին հայտնեց, որ երկրի կառավարությունն այդ օրինագիծը դրական եզրակացության է արժանացրել։ Այնուհետև դրա մասին հատուկ հայտարարությամբ հանդես եկավ նաև խորհրդարանի փոխխոսնակ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը՝ «ԼՂՀ ճանաչումը մեր նպատակն է, ու մենք կհասնե՛նք դրան»։

Սպասվում էր, որ մայիսի 10֊ին օրինագիծը կքննարկեր խորհրդարանը, որից հետո այն պետք է ստորագրեր նախագահը։ Հինգշաբթի երեկոյան, սակայն, դրա հանդեպ վստահությունը կորավ՝ կառավարության մամուլի խոսնակը հերքեց օրինագծին հավանություն տալու մասին տեղեկությունը։ Հետո լսվեց ձայնը Մոսկվայից․ Դմիտրի Պեսկովն ու Սերգեյ Լավրովը միաձայն «հույս հայտնեցին», որ «կողմերը զերծ կմնան քայլերից, որոնք կարող են խախտել զինադադարը», իսկ «Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր համաձայնությունների համատեքստում, այլ ոչ թե՝ միակողմանի կարգով»։

Աղմկահարույց օրինագծի քննարկումը Հայաստանի խորհրդարանում այլևս քիչ հավանական է թվում։ Իսկ դրա ընդունումը (որն առանց նախագահի ստորագրության ոչինչ էլ չի նշանակում)՝ ընդհանրապես անհավանական։

Եվ ուրեմն, ի՞նչ էր դա։ Ո՞ւմ և ինչի՞ համար էր պետք այդ տարօրինակ դեմարշը։ Ավելի հեշտ է ասել՝ այն ում հաստատ պետք չէ։ Հայաստանին։ ԼՂՀ֊ի անկախության պաշտոնական ճանաչումը Հայաստանի համար աղետ կլիներ։ Մինսկի խումբը, որը գրեթե քառորդ դար պահպանում է Հայաստանին ձեռնտու ստատուս֊քվոն՝ «հայաստանյան չճանաչումը» «ադրբեջանական չհարձակմամբ» փոխանակելով, կարելի կլիներ վստահորեն լուծարել։ ԼՂՀ պաշտոնական ճանաչումն այլևս անիմաստ կդարձներ առևտուրը։ Ադրբեջանը հարձակումը շարունակելու համար երկաթբետոնե արդարացում կստանար՝ ունենալով զգալի առավելություն թե՛ մարդկային թվաքանակի, թե՛ սպառազինության ծավալների հարցում, ձերք կբերեր բազմաթիվ դաշնակիցներ ու համակիրներ։ Միայնակ Հայաստանն Ադրբեջանին ի՞նչ հակահարված կտար։ Ո՞վ նրան կաջակցեր, եթե փխրուն հավասարակշռությունը հենց ինքը կոտրեր։

Հիմա արդեն հասկանալի է, որ ԼՂՀ որևէ ճանաչում տեղի չի ունենա․ «մտադրությունների մասին հայտարարությունը», որը մի քանի օր լուրերի հիմնական թեման էր, ի սկզբանե պարզապես ներկայացում էր։ Բայց որպես գովազդային հնարք այդ հայտարարությունները նույնպես որոշակի ազդեցություն ունեցան։ Ադրբեջանը զորահավաքի ու ռազմական նախապատրաստությունների համար առիթ ստացավ։ Երևանի «ղարաբաղյան խմբավորումն» ընդհատեց քննադատության ալիքն ու բնակչության դժգոհությունն ուղղեց իր համար նպաստավոր հունով։ Եվ, վերջապես, Մոսկվան ամրապնդեց գլխավոր խաղաղարարի կարգավիճակը, որն ի վիճակի է իր մի խոսքով զգացմունքային հայերին ետ պահել չմտածված արարքներից։ Մի խոսքով, հաղթեցին բոլորը, բացի Հայաստանից։ Ղարաբաղի շուրջ լարվածության հետագա սրումը նույնպես ձեռնտու է բոլորին։ Բլից-կրիգ այնտեղ տեղի ունենալ չի կարող, իսկ երկարաձիգ պատերազմն անվերջանալի հրադադարներով ու բանակցություններով՝ «բժշկի նշանակածն» է թե՛ Մոսկվայի «լենինգրադյան թայֆայի», թե՛ Երևանի ղարաբաղցի հրամանատարների համար։ Չէ՞ որ նրանք համեստ, անհավակնոտ մարդիկ են․ նրանց ավելի շատ հետաքրքրում է անձնական անվտանգությունն ու բարեկեցությունը, քան՝ «պատմության մեջ ուրույն տեղը»։

Օր ավել իրենց տեղերում մնալն է դրանց նպատակը, իսկ հետո՝ ինչ լինում է, թող լինի։

հեղինակ՝ դրամատուռգ և հրապարակախոս Վլադիմիռ Գոլիշև
աղբյուր՝ svoboda.org