Շվեյցարաբնակ գրող Ալեքպեր Ալիևն ու երևանյան լրագրող Յուրի Մանվելյանը զրույցը Ղարաբաղյան հակամարտության քառօրյա սրումից երկու շաբաթ անց:
Ալեքպեր. – Վերջերս Պրահայից ինձ հյուր էր եկել մի ադրբեջանցի՝ Չեխիայի քաղաքացի։ Նա ինձ հարցրեց՝ «Չե՞ս կարոտում»։ Ասացի՝ ոչ։ «Ընդհանրապե՞ս չես կարոտում»։ Երդվում եմ՝ չեմ կարոտում, ինձ չի ձգում։ Չեմ ուզում գնալ ու, հավանաբար, երբեք այլևս չեմ տեսնի այդ քաղաքը։ Իսկապես այլևս չեմ ուզում գնալ այնտեղ։ Ասա՝ արյո՞ք ես ունեմ բարոյական իրավունք խոսելու մի բանի մասին, երբ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես այսքան օտարացված եմ։ Այդ տարածաշրջանը, այդ երկիրը, այդ մարդիկ ինձ չեն հետաքրքրում։ Ունե՞մ արդյոք բարոյական իրավունք խոսելու մեր խնդիրների, այդ տարածաշրջանի խնդիրների մասին, երբ այդ տարածաշրջանի հետ այլևս որևէ կապ չունեմ։ Դու այդտեղ ես՝ էդ քաքի մեջ, դու իրավունք ունես, իսկ ես փախել եմ։
Յուրա. – Դե, չգիտեմ՝ այդ իրավունքը ով է տալիս։ Մարդիկ, ովքեր այժմ խոսում են ու ում ձայներն առավել լսելի են, օգտվում են այն առիթից, որ բոլոր լրատվամիջոցներն ուզուրպացված են։ Նրանք, ովքեր խոսում են թե՛ քո, թե՛ իմ, թե՛ բաքվեցիների ու երևանցիների փոխարեն, դրա իրավունքը չեն ստացել, այդ պատասխանատվությունը նրանց ոչ ոք չի պատվիրակել, բայց նրանք շարունակում են խոսել մեր անունից ու ներկայացնել իբր մեր շահերը։ Նրանք ասում են, որ քաղաքներն ու բնակավայրերը լինում են կա՛մ ադրբեջանական, կա՛մ հայկական։ Չեմ կարծում, թե քիչ են չհայերը կամ ադրբեջանցիները, որոնք Երևանը համարում են իրենց հայրենի քաղաքը, որոնք այստեղ կյանք, հիշողություններ են թողել։ Երբ ինչ-որ հողակտոր որակում են կա՛մ հայկական, կա՛մ ադրբեջանական, դա հաճախ նշանակում է, որ ոմանց այնտեղ ավելի անհարմար է լինելու, քան այլոց։
Ինչպե՞ս է ստացվում այդպես։ Ուրեմն, արթնացանք մի գեղեցիկ օր ու ինքներս մեզ մոտ հայտնաբերեցինք ազգային ինքնագիտակցության վերելք։ Թակում ենք հարևանի դուռն ու հարցնում՝ արդյո՞ք իր մոտ էլ է նկատվում ազգային ինքնագիտակցության վերելք։ Պարզվում է՝ նրա ինքնագիտակցությունն ու ազգությունն այլ են, հետևաբար, կխնդրենք՝ հեռանաս, կվռնդենք կամ կոչնչացնենք։ Դա այդպես է աշխատում։ Հանկարծ պարզվում է, որ ես չունեմ այստեղ ապրելու բարոյական կամ պատմական իրավունք, ու ինչ-որ մեկը որոշում է, որտեղ ու ինչպես ես պետք է ապրեմ։ Պարզվում է, որ ես ճիշտ վայրում չեմ ծնվել ու նաև պարզվում է, որ կա մի վայր, ուր ինձ կարող են վտարել ու որն ինձ իբր ավելի հարազատ է։
Նշեցիր այդ մասին խոսելու իրավունք չունենալու մասին Բաքվում չլինելու պատճառով։ Կարծում եմ՝ տարածաշրջանում, Հայաստանում տեղի ունեցող ամենազանգվածային ու հստակ բողոքը դա ընդդիմադիր հանրահավաքները կամ նման բաները չեն, այլ՝ արտագաղթը։ Մարդիկ պարզապես հեռանում են։ Հայրենիքից, տնից, իրենց պատմությունից ու ընկերներից։ Հեռանում են վայրեր, որտեղ միշտ չէ, որ նրանց համար ավելի լավ կլինի։ Նրանք խոսելու իրավունք ունե՞ն։
Ալեքպեր ֊ Այո, դա բողոք է։
Հիշում եմ իմ ու Սեյմուրի [Բայջան] ուղևորությունը Հայաստան։ Այնտեղ նա հաճախ կրկնում էր, որ ահա, մենք այստեղ խաղաղ նստած զրուցում ենք, մեզ լավ ենք զգում, մենք դեմ ենք պատերազմին, բայց հերիք է մի արկ ընկնի այս կամ այն կողմում, ու ամեն ինչ կորած է։ Այն ամենն, ինչ տեղի ունեցավ այդ օրերի ընթացքում՝ դիակների լուսանկարների հրապարակումը, հրճվանքը, այնքան զզվելի էր, որ մի քանի օր ադրբեջանական ԶԼՄ-ներ չէի կարդում։ Չէի կարդում, բայց գիտեի, թե այնտեղ ինչ է կատարվում։ Օրերս նորից սկսեցի կարդալ այդ նողկալի haqqin.az֊ն ու այլ կայքեր։ Ինչպես հասկացա, երիտասարդ սերունդը մինչ օրս ապրում էր պատրանքներով, բայց նրանց թափ տվեցին, ասացին, թե իրողություն ինչպիսինն է։
Հաճախ ասում են «խաղաղարար» ես, «խաղաղության կողմնակից» և հարցնում, թե դրա համար ի՞նչ ես արել։ Ես, ցավոք, ոչինչ չկարողացա անել։ Ընտանիքիս կարողացա դրանով ապահովել, իսկ ավելին անել ուժս չպատեց։ Համենայնդեպս, ուրախ եմ, որ երեխաներիս մոտ չկա թշնամի-հայ հասկացությունը, որին պետք է ըստ կանխադրման ատել։
Հիմա շատ ընկճված տրամադրություն ունեմ։ Գիտեմ, թե ինչպես է երկու երկրներում ընդունված ասել, որ եթե չլինեին այս ռեժիմները, այս իշխանությունները, իրավիճակը կբարելավվեր, մենք կառաջադիմեինք, խաղաղություն կհաստատեինք և այլն։ Ես նույնիսկ դրան այլևս չեմ հավատում։ Չեմ հավատում, որ եթե Ռուսաստանում ինչ֊որ բան փոխվի, ապա մեզ մոտ էլ կփոխվի։ Դա ճահիճ է։ Հնարավոր է՝ պետք է ժամանակ անցնի։ Չգիտեն, թե դու ինչ ես մտածում, բայց ես հույսս բոլորովին կորցրել եմ։
Յուրա. – Ինչ վերաբերում է երեխաների դաստիարակմանը, ապա ես հիմա այստեղ նստած եմ, իսկ երեխաներիցս մեկը մանկապարտեզում է դաստիարակվում, մյուսը՝ դպրոցում։ Ու այդ ամբողջ ռազմահայրենասիրականով սկսում են վարակել հենց մանկապարտեզից, իսկ ես չեմ կարող ամեն օր գնալ այնտեղ ու կռիվ անել։
Այդ օրերին փորձում էի հետևել հեռուստաեթերին, մամուլին, սոցցանցերին. բոլորն աշխատում էին «ամենը դեպի ճակատ» ռեժիմով։ Եվ պայմանական բաժանումը քաղաքացիական հասարակության, համացանց քշված համեմատաբար անկախ ԶԼՄ-ների, կուսակցական ընդդիմության մի կողմից ու իշխանության՝ մյուս. բոլորը նույն բանն էին ասում։ Դա անվանեցին աննախադեպ կոնսոլիդացիա։ Ընդդիմադիր պատգամավորներն ու քաղաքական գործիչները խոսում էին ադրբեջանական քաղաք գրավելու անհրաժեշտության մասին, մյուսն առաջարկում էր միջուկային զենքով հարվածել Բաքվին։ հասարակական կազմակերպությունները, խաղաղարարները, լրագրողները՝ բոլորը նույն երանգն էին ստացել։ Բանակը, պաշտպանության նախարարությունն ու նախագահը, որոնք քննադատության էին ենթարկվում վերոհիշյալ անձանց կողմից, դարձան տեղեկատվության ամենալեգիտիմ ու ամենավստահելի աղբյուրը։ Զինվորականները, որոնք տարիներով քողարկում են սպանություններն ու խոշտանգումները բանակում, հանկարծ վերածվեցին միակ ճշմարտության աղբյուրի` նրանց սկսեցին համատարած տարածել ու վստահել։ Լրագրողները շտապեցին առաջնագիծ։ Շատերն ընդունում էին, որ այնտեղից հնարավոր չէ լրագրությամբ զբաղվել, բայց շարունակեցին լրացնել ընդհանուր պատկերը։ Ակնհայտ էր, որ այնտեղից իշխանություններին ու ռազմական ղեկավարությանն անցանկալի տեղեկություն հնարավոր չէր լինի տրամադրել։ Որքան ավելի «մոտ ես դեպքերին», այնքան ավելի անհնարին է միլիտարիզմի քարոզին չաջակցելը։ Ներգրավվեցին նույնիսկ նրանք, ովքեր ինձնից էլ, քեզնից էլ ավելի հաճախ էին հայ֊ադրբեջանական խաղաղարար նախագծերին մասնակցում, «կամուրջներ կառուցում», «քանդում» միֆերն ու «թշնամու կերպարը»։
Իսկ հուսահատության համար պատճառներ միշտ էլ կան։ Մենք փորձում ենք միասնական աշխատել, քննարկում էինք՝ ինչ գրել, ինչ անել։ Որոշ հրապարակումներ արժանացան բացահայտ ագրեսիվ արձագանքի։ Հաճախ ասվում էր, որ այժմ հակամիլիտարիստական խոսակցությունների ժամանակը չէ։ Ի թիվս այլ բաների, «պացիֆիստներ» էին անվանում: Հետաքրքիր է՝ հակամիլիտարիզմի համար արդյո՞ք ավելի հարմար ժամանակ կա։
Ալեքպեր. – Մեզանից ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Գիտենք, որ հանկարծ ինչ-որ մեկը սկսեց կրակել, ջոկատները վազեցին առաջ ու հայտնվեցին վայրերում, որտեղ չէին եղել երկար տարիներ, ու նրանց սկսեցին կոտորել։ Ցուցադրում էին դիակներ, անօդաչուներ. Էյֆորիա էինք ապրում թե՛ մենք, թե՛ դուք՝ համընդհանուր օրգազմ։ Ժամանակն է, կարծում եմ, հարցնել՝ իսկ ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Պաշտոնական հայտարարությունները պարզ են՝ Հայաստանը գնդակոծում էր, մենք զգուշացնում էինք, նրանք շարունակում էին գնդակոծել, մենք անհրաժեշտ պատասխան միջոց ձեռնարկեցինք։ Ենթադրում եմ, որ հայաստանյան կողմում էլ հակառակն են պնդում։
Վերցրին ու հարյուրավոր մարդկանց ուղարկեցին այնտեղ, ու բոլորին սպանեցին։ Չգիտեմ՝ նրանց ուղղությամբ հայերն էին կրակում, յուրայինները, թե ինչ-որ երրորդ ուժ: Բայց դրա մասին մեզ մոտ հիմա ոչ ոք չի գրում՝ ակնթարթորեն կոչնչացնեն։ Ուղարկում էին քսան-երեսուն մարդուց բաղկացած խմբեր, ու ոչ ոք չէր վերադառնում։ Հիմա հասկանում եմ, որ չգիտեինք ու մինչ օրս չգիտենք ողջ մղձավանջի ծավալները։
Յուրա. – Այս բոլոր զոհերը, այս բոլոր ողբերգությունները ծածկվում են զոհվածների հերոսացմամբ։ Այդ օրերին տարածվում էին հոդվածներ հանդիսավոր հուղարկավորությունների մասին, որոնց ժամանակ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, օրինակ, ծնողներին ասում էր՝ «դուք մեզ որդի տվեցիք, մենք ձեզ հերոս վերադարձրինք»։
Հետո բարձրացավ քննադատության ալիք, թե տարիներ շարունակ ռազմական բյուջեն թալանվում էր, չկան ժամանակակից սպառազինություններ։ Իշխանությունները քննադատվում են միլիտարիստական տեսանկյունից, ինչը քարտ-բլանշ է տալիս էլ ավելի մեծ ռազմական ծախսերի, ռազմականացման համար։
Ալիևն ու Սարգսյանն արդեն մի 15 անգամ հանդիպած կլինեն։ Ժամերով խոսում են, հաճախ փակ դռների հետևում, հետո կանչում ԱԳՆ ղեկավարներին, Մինսկի խմբի համանախագահներին (մի քանի անգամ լուսաբանել եմ այդ միջոցառումները)։ Հանդիպումներից հետո Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ խաղաղության նախապայմանը ողջ Ղարաբաղից զորքերի դուրսբերումն է։ Ասում են նույնիսկ, որ Ղարաբաղով չեն սահմանափակվի, իսկ Հայաստանն անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Երևանը, միևնույն ժամանակ, պնդում է, որ ընդամենը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումն է ներկայացնում, իսկ ԼՂՀ Սահմանադրության համաձայն, հայկական բանակի կողմից վերահսկվող տարածքներն ու ոչ միայն ԼՂՀ անբաժանելի մասն են։ Սրանք իրարամերժ դիրքորոշումներ են։ Ու երկրորդ անգամ հանդիպելու համար անհրաժեշտ է ինչ-որ բան այդ դիրքորոշումներում փոխել։ Եթե նրանք, այնուամենայնիվ, կրկին հանդիպում են, ապա, հավանաբար, ինչ-որ բան պետք է փոխվի, հավանաբար, ինչ-որ բան պետք է փոխանակվի ինչ-որ բանով, ու, հավանաբար, հանուն այնտեղ բնակվող մարդկանց անվտանգության ու տարհանվածների վերադարձի։
Բայց դիրքորոշումները փոփոխության չեն ենթարկվում, նրանք նույնն են ասում նաև երկրորդ հանդիպումից հետո։ Այսպես նրանք հանդիպում են 15 անգամ, ու մենք չգիտենք՝ ինչի մասին են խոսում։ Ակնհայտ է, որ ինչ-որ բանի մասին, այնուամենայնիվ, խոսում են։ Եթե սկսեմ մտածել նրանց հանդիպումների բովանդակության մասին, վերլուծել, թե ով են այդ մարդիկ իրենց երկրներում, ապա կստացվի, որ ամենահարուստ կլանների առաջնորդները, օլիգարխների հարստության կուտակման երաշխավորները հանդիպում են ու ինչ-որ բանի շուրջ համաձայնության գալիս։ Գուցե պայմանավորվում են իշխանությունը չկորցնելու համար երբեմն միմյանց զիջումնե՞ր անել։ Գուցե՞ զինվորների ու սահմանամերձ շրջանների բնակիչների կյանքն իրենց համար «փոխանակման մանրադրամ» է։ Գուցե՞ դժվարին պահերին նրանք օգնո՞ւմ են միմյանց։ Չէ՞ որ Իլհամն այդ մարդկանց համար հեղինակություն հանդիսացող Հեյդար Ալիևի որդին է։ Այդ մարդիկ հանդիպում են 15 անգամ ու հետո հայտարարում դիրքերի անզիջողականության մասին։ Թեև, մյուս կողմից, ո՞վ է իրենց պատվիրակել որևէ մեկի անունից խոսելու պատասխանատվությունը:
Ալեքպեր. – Ալիևը փայլուն գիտի, որ բավական է ինքը դուրս գա եթեր ու ասի՝ «այո, մինչ օրս այդպես էր, բայց այսուհետ մենք հայերի ընկերներն ու եղբայրներն ենք ու հավերժ միասին ենք ապրելու», մեծամասնությունը կհամաձայնի իր հետ ու կապրի խաղաղության մեջ։
Յուրա. – Խնդիրն այն է, որ լայնամասշտաբ պատերազմը, երբ բոլոր զինված են, չի բխում այն մարդկանց շահերից, որոնք այդչափ իշխանություն ու հարստություն են կուտակել։ Երկար, ուժաքամ անող պատերազմը նոր հերոսներ է ծնում, նոր հեղինակություններ իրենց հավակնություններով։ Իսկ նրանք, ովքեր արդեն հարստացել են պատերազմով ու շարունակում են կամուֆլյաժով րիսովկա լինել, շատ թշնամիներ ունեն։ Վետերանների եմ ճանաչում, որոնք, երբ անջատում ես միկրոֆոնները, ասում են, որ երազում են պատերազմի մասին։ Նրանք խոսում են ոչ թե սպանելու ցանկությունից, այլ հիշում են պայմանական հավասարության ժամանակները։ Հիմա նա ապրում է կիսասոված, իսկ այն ժամանակ գրեթե բոլորը հացի խնդիր ունեին։ Իսկ պատերազմը զենքը հեշտ հասանելի է դարձնում։ Ո՞վ ասաց, որ իշխանություններից դժգոհների թիվը իրենց դաշնակիցների ու կողմնակիցների թվից պակաս է։ Արդյո՞ք մարդկանց մոտ ցանկություն չի առաջանա երկար տարիների նվաստացումներից հետո այդ զենքն առաջին հերթին ուղղել նրա ուղղությամբ, ով իրենց օրական նվաստացրել է, այլ ոչ թե նրա, ում մասին լսել են հեռուստացույցից, պատմության գրքերից ու գրականության դասերից։
Ալեքպեր. – Այն ժամանակ, երբ դեռ չէին խոչընդոտում Հայաստան ուղևորություններին… կարող էին, իհարկե, վերադառնալուց հետո ձերբակալել, բայց չէին անում… նրանք, ինչպես հետո պարզ դարձավ, կոմպրոմատ էին հավաքում։ Արձագանքն այդ ուղևորություններին բացասական էր, հեռուստացույցով, մամուլում ցեխ էին լցնում մեր գլխին… Բայց «Քարե երազներ»-ի վերաբերյալ արձագանքից հետո մտածեցի, որ ինչ-որ բան այստեղ այն չէ։ Այլիսլին տրիլոգիա գրեց, ու «Քարե երազներ»-ը դրա մի մասն է։ Գրքերից մեկը` «Հրաշալի խցանը», նվիրված էր Ալիևների ընտանիքին… Գրող Ռաֆիկ Թագիի սպանության պատճառը հակաիսլամական հայտարարությունները չէին, ինչպես պնդում է պաշտոնական վարկածը։ Ռաֆիկի սպանության իրական պատճառը նրա պատմվածքն էր Ալիևի, նրա կնոջ ու դստրերի մասին։ Նրան սպանեցին դրա պատճառով ու ներկայացրին որպես անհայտ իսլամիստների վրեժ։ Նույնը կարելի է ասել նաև Աքրամ Այլիսլիի մասին։ Տրիլոգիայի գրքերից մեկը նվիրված էր Ալիևների ընտանիքին ու պատրաստվում էր հրապարակման։ Չհաջողվեց՝ իշխանություններն ուշքի եկան ու նրա դեմ արշավ կազմակերպեցին, թե, իբր, «Քարե երազներ»-ը դավաճանական արարք էր…
Յուրա. – Բավականին ուշ արձագանքեցին։ Վեպն արդեն երկար ժամանակ առկա էր ցանցում, երբ հիստերիան սկսեց։
Ալեքպեր. – Այո, համարյա մի տարի ինտերներում էր։ Ռազմական գործողությունների գրեթե նախօրեին նրան բերման ենթարկեցին ու թույլ չտվեցին մեկնել Վենետիկ; Քրգործ հարուցեցին, թե իբր 80-ամյա ծերուկը օդանավակայանում 35-ամյա ինչ-որ մենթի էր ծեծել։ Ռաֆիկ Թագիի սպանությունը, վերաբերմունքը Աքրամի հանդեպ ոչ կրոնի, ոչ էլ Ղարաբաղի հետ է կապված. դրանք անձնական մղումներ ունեն։ Իսկ ինչ վերաբերում է երկրների ղեկավարությունների մասին ասածիդ, նրանց խնդիրն իրենց իշխանությունը, իրենց բիզնեսն ամրապնդելն է։ Իսկ կրոնի ու Ղարաբաղի վրա նրանք թքած ունեն։ Հանուն իշխանության, նրանք պատրաստ են ոչնչացնել, կործանել հարյուրավոր կյանքեր…
…Հարցազրույց չստացվեց: Իրար երկար ժամանակ չտեսած ընկերների զրույց է…
ապրիլ, 2016 թ.