Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանայք կրկնակի խտրականության են ենթարկվում։ Մի դեպքում նրանք կին են և իրենց վրա են կրում «կին լինելու անհարմարությունը», մյուս դեպքում նրանք հաշմանդամություն ունեն և այդ դեպքում էլ նրանց նկատմամբ կիրառվում են հասարակության մեջ իշխող կարծրատիպերին։ Այս կարծիքին է հաշմանդամնության և գենդերային հարցերի մասնագետ Լուսինե Սաղումյանը (լուսանկարում)։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանում շատ քիչ հետազոտություններ են արված կոնկրետ հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրների վերաբերյալ։ Այդ խմբին պատկանող անձանց խնդիրները, համաձայն փորձագետի, հիմնականում ներառված են կա՛մ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հիմնական հետազոտությունների մեջ, կա՛մ կանանց վերաբերյալ ուսումնասիրությունների մեջ։
«Բայց կարևոր է հենց այդ խմբի՝ հաշմանդամություն ունեցող կանանց, խնդիրների առանձին ուսումնասիրությունը, որովհետև կան առանձահատկություններ, որոնք որևէ խմբի ընդհանրական ուսումնասիրության մեջ չեն կարող բացահայտվել», – նշել է Սաղումյանը։
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է 200177 հաշմանդամություն ունեցող անձ (Հայաստանի բնակչության 6․6 տոկոսը), որոնց թվում 96616-ը կանայք են։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բազմաթիվ հետազոտություններ վկայում են այն մասին, որ Հայաստանում դեռևս մանկական հասակում հաշմանդամություն ունեցող աղջիկները ենթարկվում են խտրականության։
Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից 2012 թվականին հրապարակված զելույցի, հաշմանդամություն ունեցող աղջիկներն ավելի քիչ են հաճախում մանկապարտեզներ և դպրոցներ, քան հաշմանդամություն ունեցող տղաները․ մասնավորապես, մանկապարտեզ չի հաճախում աղջիկների 67 տոկոսը, իսկ տղաների՝ 64 տոկոսը։ Դպրոցներ չեն հաճախում տղաների 21 տոկոսը, իսկ աղջիկների՝ 17 տոկոսը։ Ուսումնասիրությունն անցկացվել է 5707 երեխաների շրջանում։
Համաձայն նույն ուսումնասիրության՝ մանկատներում աղջիկ երեխաների թիվն ավելի մեծ է, քան տղաներինը․ հաշմանդամություն ունեցող աղջիկների 32 տոկոսն է միայն տան խնամք ստանում իսկ տղաների՝ 68։ Բացի դա, մանկատներում գտնվող հաշմանդամություն ունեցող տղա երեխաներին ընտանիքի անդամներն այցելում են ավելի հաճախ և նրանք տուն են գնում ավելի հաճախ, քան աղջիկները։ Ուսումնասիրությունը փաստում է, որ սեռերի միջև տարբերությունը ավելի հատուկ է մարզային քաղաքներին։
Նա նշել է, որ հատկապես ավագ դպրոցում կտրուկ կրճատվում է հաշմանդամություն ունեցող աղջիկների թիվը։ Սա նշանակում է՝ հետագայում նրանք չեն կարող ստանալ բուհական կրթություն։ Այս երևույթը Սաղումյանը կապում է հասարակական ընկալումների հետ․ «Մասնավորապես, կանայք տնտեսական և սոցիալական առումով նույնքան ակտիվ չեն, որքան տղամարդիկ։ Ընտանիքի հոգսերը հոգում է տղամարդը և եթե կնոջ դեպքում գումարվում է նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքը՝ կնոջ կրթություն ստանալու իրավունքը ստորադասվում է տղամարդու կրթություն ստանալու կարևորությանը»։
Այնուամենայնիվ, եթե հաշմանդամություն ունեցող կինը, հաղթահարելով հասարակական ընկալումները, կարծրատիպերը փորձում է կրթություն ստանալ, հենց բուհերում բախվում է մի շարք խնդիրների։
«Երբ հարազատներս իմացան, որ ես պետք է սովորեմ, ասում էին՝ իր ինչին է պետք սովորելը։ Ինքը աղջիկ է, բացի աղջիկ լինելը՝ հաշմանդամություն ունի։
Ինքը չի կարողանա [սովորել], պետք չէ, իրան մի հանեք դուրս, թող մնա տանը։ Համալսարանում հայտ ներկայացնելիս բախվեցի խնդրի․ հաշմանդամություն ունենալս առաջ բերեցին ու հենց աղջիկ հաշմանդամ լինելը», – Epress.am֊ի հետ զրույցում պատմում է Արև Մելքոնյանը, ով ունի հենաշարժողական խնդիրներ։
Նրա խոսքով՝ բուհ ընդունվելու համար նախատեսված քննության ժամանակ հանձնաժողովի անդամների մոտ կար համոզմունք, որ եթե ինքը ունի ֆիզիկական խնդիրներ, ուրեմն ունի նաև մտավոր խնդիրներ․ «Մտածում էին՝ ունակ չեմ լինի սովորել, ահագին քաշքշուկների մեջ ընկա, շատ փաստաթղթեր ուզեցին։ Ինձ վրդովվեցրեց, որ հայտ վերցնողը, անցելով իր իրավունքների սահմանը, ինձ ասաց՝ աղջի՛կ ջան, անգամ նորմալ ու առողջ աղջիկները, որ գալիս, սովորում են, ավարտում են, ոչ մի բան չեն անում, ուր մնաց դու։ Քո ինչի՞ն ա պետք [սովորելը], ինչի՞ տանը չես նստում»։
Աղջկա խոսքով՝ հետագայում համալսարանում նույնպես բախվել է տարօրինակ հայացքների, կարծրատիպերի՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց հետ․ «Քննության ժամանակ դասախոսը, երբ տեսնում էր, որ խնդիր ունեմ, հենակներով եմ, ասում էր՝ դե հա, քեզ կնշանակեմ, ու չէր մտածում, որ ես կարող եմ հանձնել այդ քննությունը»։
Մարինե Սաֆրաստյանը, ով նույնպես ունի հենաշարժողական խնդիրներ, ևս նշում է, որ բազմաթիվ խնդիրների է բախվել, երբ ցանկացել է դպրոցից հետո շարունակել ուսումը։
«Ես ուզում էի բժշկական քոլեջ ընդունվել, բայց այնտեղ ասացին՝ քեզ հակացուցված է։ Ինձ ասացին՝ դու սովորել չես կարող, հետագայում նաև չես կարող աշխատել։ Չես կարող հիվանդին գրկել, կամ արագ տեղաշարժվել։ Ուղղակի ցանկությունս շատ մեծ էր ու ես այնպես արեցի, որ անպայման սովորեմ», – պատմում է Մարինեն։
Վերջինիս խոսքով՝ ինքը հետագայում՝ սովորելու և աշխատելու տարիներին, որևէ խնդիր չի ունեցել․ «Հետագայում իրենք էլ համոզվեցի, որ ես ուղղակի ուզում էի կրթություն ստանալ ու խնդիրներ չեմ ունեցել։ Իսկ աշխատանքի տեղը ինձ հարմարեցնում էին այն աշխատանքները, որոնք ես կարող էի հաղթահարել»։
Մարինեն նշում է, որ իր ծանոթներից շատերը, որոնք նույնպես ունեն հենաշարժողական խնդիրներ, շատ են ցանկանում ստանալ բարձրագույն կրթություն, սակայն տեխնիկական դժվարությունների առաջ են կանգնում։ Մասնավորապես, դա կապված է այն հանգամանքի հետ, որ թե' բազմաբնակարային շենքերում, թե' բուհերում հաճախ բացակայում են հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար նախատեսված հարմարություններ՝ թեքահարթակներ։
Լուսինե Սաղումյանը, այնուամենայնիվ, ընդգծում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության խնդիրների լուծման մեջ վերջին տարիներին նկատվում է որոշակի դինամիկա, որը պայմանավորված է հասարակության ընկալման փոփոխություններով․ «Կան որոշակի դրական փոփոխություններ հասարակական ընկալումների մեջ, բայց կարծրատիպերը դեռևս շատ են»։
Նա կարևորում, որ հենց հաշմանդամություն ունեցող կանայք են ավելի շատ բարձրաձայնում իրենց խնդիրների մասին՝ ի տարբերություն տղամարդկանց։
«Լավ է, որ բարձրաձայնվում է, քանի որ հասարակությունը, որը անտեղյակ է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներից, կարող է ավելի լավ տեղեկանալ։ Եթե անձն անտեսանելի է, անտեսնալի են նաև նրա խնդիրները։ Կանայք, երբ բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, հասարակությունը և պետությունը ավելի աչալուրջ է դառնում», – համոզված է Սաղումյանը։