Հուլիսի 24-ի երեկոյան, 22:00-ի սահմաններում ոստիկանները բերման են ենթարկել Armtimes.com կայքի ֆոտոլրագրող Տիգրան Մազմանյանին հուլիսի 22-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Մազմանյանը:
Լրագրողը պատմել է, որ իրեն տարել էն Քննչական կոմիտե, որտեղ ինքը հրաժարվել է ցուցմունք տալ և ազատ է արձակվել: Մազմանյանն ասել է, որ ինքը հուլիսի 22-ին եղել է Խորենացի փողոցի վրա՝ աշխատանքի բերումով՝ նկարահանել է բողոքի ակցիան:
Մազմանյանին բերման ենթարկելուց մոտ 3 ժամ առաջ՝ իրավապահները բերման են ենթարկել նաև նրա հորը՝ Մհեր Մազմանյանին, և տարել Ազգային Անվտանգության ծառայություն: Ինչպես Epress.am-ին հայտնել է Մազմանյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, հուլիսի 26-ին առավոտյան 09.00-ի նշանակված է դատական նիստ, որտեղ որոշվելու է Մազմանյանի խափանման միջոցը: Նրան ներման են ենթարկել շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու կասկածանքով: Մհեր Մազմանյանը նույնպես մասնակցել է Խորենացի փողոցում ամեն երեկո ընթացող ակցիաներին՝ ի պաշտպանությունը հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի շենքը գրաված Սասնա ծռեր խմբի անդամներին: