Ազգային ժողովում այսօր քննարկվող 2017 թվականի բյուջեի նախագիծը չի պայքարում ստվերի դեմ, որը Հայաստանի տնտեսության շուրջ 40 տոկոսն է կազմում։ Նախագծում ոչ մի տեղ չկա «ստվեր» բառը։ Այս մասին այսօր ԱԺ նիստին հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։
Բյուջեի նախագծով նաև նախատեսվում է 0.3 տոկոսով բարձրացնել բնակիչների հարկային բեռը։ Մանուկյանի խոսքով՝ այս բյուջեի նախագիծը չի համապատասխանում նոր, ռեֆորմիստ Կառավարության խոստումներին։
Պատգամավորն ահազանգել է նաև, որ իշխանությունները շարունակում են ավելացնել Հայաստանի արտաքին պարտքը։
«Տարիներ շարունակ այս դահլիճում մեզ համոզել են, որ ՀՆԱ֊արտաքին պարտք հարաբերությունը թույլատրելիի սահմաններում է, 50 տոկոսը չի անցնում։ Առաջին անգամ այսօր հնչեց, որ արդեն ունենք 55 տոկոս պարտք և դեռ 2 տոկոս էլ ավելանալու է»,֊ ասել է պատգամավորը։
Բյուջեի նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ արտաքին պարտքը վերցնում են, որպեսզի երկրում տնտեսական աճը չդանդաղի։
«2014, 2015, 2016 թվերին մենք ունեցել ենք շուրջ 840 միլիոնի տրանսֆերտների նվազում՝ դոլարային առումով։ Ակնհայտ է, որ եթե այդ տրանսֆերտները չեն մտնում տնտեսություն, և այլ աղբյուրից էլ չի մտնում, երկու էֆեկտ կարող է լինել՝ փոխարժեքի կտրուկ արժեզրկում, երկրորդ՝ ազդեցություն քո տնտեսական միջավայրի վրա։ Եթե կառավարությունը պարտքով դա չփոխհատուցեր, մենք կունենայինք ցածր տնտեսական աճ, նույնիսկ ավելի ցածր կարող էր լինել»,֊ ասել է նախարարը։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս քննադատել է 2017 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ նրա՝ նախագիծը տնտեսական իրական աճ չի առաջարկում և «գոյատևման բյուջե է»։
«Սա ցույց է տալիս, որ մենք հետաձգում ենք մեր ռեալ ծրագրերը։ Սա միանշանակ է։ Դուք համաձայն կլինեի՞ք, որ ձեր ընտանիքի ծրագրերը հետաձգվեին»,֊ հարցրել է Մելքումյանը։
Արամյանն պատասխանել է, թե տվյալ բյուջեով հիմքեր են ստեղծվում ապագա տնտեսական աճի համար։