Home / Բանակ / Հրամանատարի կողմից դաժանորեն ծեծված զինվորը մահացավ ծառայությունից հետո

Հրամանատարի կողմից դաժանորեն ծեծված զինվորը մահացավ ծառայությունից հետո

Վանաձոր քաղաքի բնակիչ 22-ամյա Խաչիկ Բարսեղյանը 2014 թվականի վերջին տուն է վերադարձել պարտադիր զինվորական ծառայությունից։ 2016-ի մարտի 27-ին տղան մահացել է ոտքում առաջացած չարորակ նորագոյացությունից: Բարսեղյանի մայրը՝ Սոնիկ Ղազարյանը, պատմում է, որ տղային ծառայության ընթացքում դաժան ծեծի է ենթարկել հրամանատարը, որից հետո էլ զարգացել է նրա հիվանդությունը։

2012 թվականին Կոտայքի մարզի Բալահովիտի զորամաս զորակոչված Բարսեղյանի մոտ առողջական խնդիրները սկսվել են զորակոչվելուց 6 ամիս անց։

«Ինձ զանգահարել են, ասել են, որ ձեր երեխայի մոտ գիշերամիզություն ու ոտքի խնդիր կա… Գնացի էնտեղ, երեխեն բուժկետում էր, խոսեցի, ասեցին, թե ամեն ինչ նորմալ ա, լավ կլինի», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է մայրը։

Նրա խոսքով՝ ծառայությունից ամիսներ անց որդին կաղալով է տուն եկել․ «Նենց էր, որ էդ երեխու ոտքի վրա ուժեղ վերք կար, երեխուն տարա Վանաձորի հոսպիտալ: Երեխեն մղկտում էր, վերքը շատ խորն էր»։

Բուժզննությունից հետո Խաչիկ Բարսեղյանին տեղափոխել են զորամաս, ապա այնտեղից Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո Բարսեղյանին կրկին վերադարձրել են զորամաս։

«Ես միշտ էլ երեխային ուշադիր եմ եղել, դուք էլ գիտեք՝ Հայաստանում չեն նայում զինվորին: Մայրն ա նայում, էդ որս չգիտի, դա փաստ ա․․․ Ասացին 4000 դոլար պետք է տաս, որ ազատեն բանակից, սակայն որդիս ասաց՝ «վա՜յ մամա, որտեղից տաս», ֊ պատմել է մայրը:

Զորացրվելուց հետո Խաչիկի ոտքը սկսել է ուժեղ ցավալ․ «Նոր տարուց հետո ինքը սկսեց ոտքի պռոբլեմ ունենալ, ցավում էր: Տարբեր տեղեր տարա, մեկն ուռուցք ասաց, մեկը ասաց՝ հարված ա [ստացել], ու էդտեղ իմ տղեն պատմեց, որ իրան հարվածել է իրա կամբատը՝ Մկրտչյան Վիգենը»։

Մայրը բողոք է ներկայացրել զինկոմիսարիատ՝ նշելով, որ որդուն հարվածել է զորամասի սպաներից մեկը․ «Զանգեցին զորամաս, նա էլ, թե ես նրան չեմ խփել, ապացույց չկա»։

2015-ի ապրիլին Բարսեղյանի վիճակը կտրուկ ծանրացել է, և նրան տեղափոխել են Մոսկվա, որտեղ ախտորոշել են չարորակ նորագոյացություն (սարկոմա)՝ վերջին փուլում․ «Այնտեղ ինձ ասացին, թե արդյո՞ք բանակ տեղ չեն հասկացել, որ երեխեն սենց ա․․․»։

Հայաստան վերադառնալուց հետո Բարսեղյանի ոտքը հեռացրել են, սակայն երիտասարդը մի քանի ամիս տառապելով մահացել է 2016-ի մարտին։ Որդու հիվանդության պատճառները Ղազարյանի համար, այնուամենայնիվ, մնում են չբացահայտված։ «Չեմ հասկանում էդ՝ երեխեն մտել է տուն ու չարորակ ուռուցքո՞վ… Լավ, եթե ուռուցք էր, ինչի՞ էին տարել: Երեխան ունեցել է երակի, վերջույթի խնդիր, որ պիտի երևար բուժզննության ժամանակ»:

Ղազարյանը պատմել է, որ երբ որդին հիվանդ պառկած է եղել, նրան են այցելել իր զինվորական ընկերները և զրույցի ժամանակ հաստատել են, որ որդուն բանակում ծեծել են։

«Երեխեքը ասացին «ճիշտն ասած, մենք վախում ենք էնտեղ [զորամասում] ասենք, որովհետև մեզ գռսում են, չեն ծեծում, գռսում են»: Ասացի՝ դու ասա՛, մի՛ վախի: Էդ երեխեն Պոլշա էր գնում, ասավ՝ Մկրտչյանին ասել ա Խաչը՝ չեմ կարում վազել, ոտքի պռոբլեմը ուժեղ ա, ցավում ա, ինքը հարվածել ա ու լավ ծեծել ա: Ու երեխուն ասել ա՝ վազի․․․ Ու երեխու մոտ դա խնդիր ա առաջացրել․․․ Նույն [հարվածի] տեղում է քաղցկեղը առաջացել․․․ Ես հասկանում եմ՝ կարող ա և ուռուցքը մինչև էդ կար, բայց, ախր, ինքը ի՞նչ խղճով ա հարվածել: Ես պահանջում եմ, թող ինքը գա, պատասխան տա, որ ինքն անմեղ ա», ֊ ասել է Ղազարյանը:

Նա նշել է նաև, որ Մկրտչյանը պաշտոնյայի փեսա է․ «Շատ հզոր ա իր ասելով ինքը, և ոչ մի բանից չի վախենում»:

Ղազարյանի պաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք պատրաստվում են դիմել դատարան, չնայած հնարավոր է, որ հարցը լուծվի նաև արտադատարանական կարգով:

«Հիմա ուսումնասիրում ենք, որ պարզենք, թե արդյոք կա կապ իր զինծառայության և հիվանդության միջև։ Կհաստատվի՞, որ տվյալ հիվանդությունն ինքը ձեռք է բերել ծառայելու ժամանակ: Առայժմ չենք կարող պնդել, որ հիվանդությունը ձեռք է բերել այդ ժամանակ, կարող է ունեցել է մինչև զորակոչվելը։ Այդ դեպքում դառնում է, որ նրան անօրինական բանակ են տարել», ֊ նշել է Սողոմոնյանը:

Փաստաբանն ասել է, որ, համաձայն փաստաթղթերի, Բարսեղյանը իրոք ունեցել է երակների լայնացման խնդիր (վարիկոզ), սակայն նրան զորակոչել են բանակ։

Որդու բուժման ծախսերը հոգալու համար կինը բավական մեծ գումար է ծախսել, որը վերցրել է պարտքով․ «Մոտ 2 միլիոն դրամի պարտք եմ արել։ Էդ երեխուն 6 քիմիա են տվել, սակայն ոչ մեկը դրանից անվճար չի եղել»։

Տղայի գերեզմանի կառուցման համար Սոնիկ Ղազարյանը դիմել է ՊՆ։ Նրան նամակով պատասխանել են, որ 2017 թվականին գերեզամանի կառուցումը կարվի։ Հոկտեմբերին համապատասխան մասնագետները այցելել են, չափագրում են կատարել, սակայն 18 օր անց կինը ստացել է մեկ այլ գրություն, որտեղ նշված է․ «Որպես զոհված կամ մահացած զինծառայող Խաչիկ Բարսեղյանը ՀՀ ՊՆ վարչությունում հաշվառված չէ, ուստի դիմումատուի խնդրանքը չենք կարող բավարարել»։

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Ղազարյանին հրավիրել են Պաշտպանության նախարարություն, որտեղ որպես օգնություն կնոջը փոխանցել են 400 հազար դրամ․ «Այնտեղ հանդիպել է ինձ Ղևոնդյան անունով մի մարդ։ Նա ասաց՝ չեմ հասկանում, շիրիմի հարցը չի լուծվում, 400 հազար քեզ օգնություն որպես զինվորի մայր»:

Սոնիկ Ղազարյանն այժմ հաշվեհամար է բացել և գումար է հավաքում այդ խնդիրները լուծելու համար․

Ինեկո բանկ

Ղազարյան Սոնիկ Գագիկի

205 14 52 59 92 01 001 AMD

205 145 259 920 104 RUS

205 145 259 920 10 20 USA