Քաղաքացին պետք է իր ազատ կամքով արտահայտի վերաբերմունքը զինվորի հանդեպ։ Այս մասին այսօր Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին «1000 դրամների» օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր աշխատողից պարտադիր կարգով ամսական 1000 դրամ պահել՝ հօգուտ ռազմական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների աջակցության հիմնադրամին:
«Մենք ասում ենք՝ չի կարելի պետության հիմնական ֆունկցիան դնել քաղաքացու վրա։ Պետության պարտքն է մոնոպոլ ձևով կատարել իր երկրի զինվորի կյանքի առողջության պաշտպանությունը։ Եթե գալիս է սուր իրավիճակ ու վտանգ, ապա քաղաքացին կամավոր մասնակցում է իր զինվորին տեր կանգնելուն։ Ինչպես արվում է արդեն 28 տարի ու ավելի լավ, քան պետությունն ու կառավարությունը», – իր ելույթի ժամանակ ասել է Արամ Մանուկյանը։
ՀԱԿ պատգամավորը նշել է, որ ինքը ելույթ չէր ունենա, եթե չհնչեր այն միտքը, թե այդ հազար դրամով քաղաքացու վերաբերմունքն է արտահայտվում։
«Քաղաքացուն թույլ տվեք ինքն արտահայտի իր վերաբերմունքը հարյուր հազար դրամով։ Դուք պարտադրանք եք ներկայացնում ցանկացած աշխատողի 1000 դրամով, և ասում եք՝ քաղաքացին իր հերոսի նկատմամբ իր վերաբերմունքը պետք է արտահայտի։ Ոչ՛, կոնցեպտուալ սխալ եք ասում։ Պետությունը թող անի իր անելիքը, իսկ քաղաքացին իր կամավորության արդյուքնում կանի։ Իսկ հերոսին հարգել պարտադրանքով ու օրենքով… չեն անում։ Այստեղ է կոնցեպտուալ սխալը»,- իր ելույթը եզրակացրել է Արամ Մանուկյանը։
Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր նոյեմբերի 17֊ին։