Ապրիլյան քառօրյայի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողներին կտրվի ուսման վարձի լրացուցիչ զեղչ։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ)։
Վերջին շրջանում մի շարք զինծառայողներ բարձրաձայնում էին, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ իրենք եղել են դիրքերում, սակայն հետագայում իրենց զինվորական գրքույկներից ջնջվել է այդ հանգամանքը փաստող գրությունը։ Դրա պատճառով այդ զինծառայողները չեն կարողանում օգտվել առողջապահության և կրթության ոլորտում իրենց համար նախատեսված զեղչերից։ Այդ կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ էր տվել, ըստ որի՝ զեղչերից կարող են օգտվել միայն այն զինծառայողները, որոնք բուն մարտական գործողություններին են մասնակցել։
Ապրիլին Հադրութի դիրքերում եղած Ջանիկ Սիմոնյանին, օրինակ, նույնպես զրկել են զեղչերից և ասել, որ նա մասնակցել է միայն մարտական հերթապահության, այն դեպքում, երբ զինծառայողի խոսքով՝ «ես կրակել եմ ու ինձ վրա էլ են կրակել, ինչպե՞ս է դառնում, որ չեմ մասնակցել մարտական գործողություններին»: Մեկ այլ զինծառայող նույնպես՝ ապրիլյան քառօրյայի ժամանակ Ջեբրայիլում ծառայած Արեգ Ջանոյանը, պնդում է, որ «․․․եթե ինչ-որ մեկը զոհվեր մեր դիրքում, ծնողին զանգեին, կասեին՝ մարտական գործողությունների ժամանակ է զոհվել․․․ հիմա որ եկել, հասել եմ ստեղ, ես ոչ մի բա՞ն եմ»։
Համաձայն ՀԵՀ-ի այսօրվա հաղորդագրության՝ Պաշտպանության նախարարության և իրենց հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, և 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։
Ըստ պայմանավորվածության, նշված է հայտարարության մեջ, զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս։
«Այսպիսով կլուծվեն որոշ զինծառայողների զինգրքույկներում կատարված գրանցումների մասնավոր սխալների հարցը, ինչպես նաև մարտական հերթապահության և մարտական գործողությունների հետ կապված տարբերությունների խնդիրները»,- նշված է հայտարարության մեջ։
Փաստորեն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ՊՆ-ի դիրքորոշման հաստատումն՝ առանձնացնել մարտական հերթապահություն իրականացրած և բուն մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին։
Նշենք, որ տարիներ շարունակ մամուլում գրվում է այն մասին, որ հայաստանյան բուհերն ամեն տարի իրենց բյուջետային միջոցների 2 տոկոսը պարտադիր նվիրաբերում են ՀԵՀ-ին։ Այդ գումարների մի մասն ուղղվում է տարբեր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, անապահով ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը։ Փաստորեն՝ ՀԵՀ-ը, բուհերից գումար ստանալով, մի մասը, իր կողմից բարեգործության անվան տակ, տալիս է ուսանողներին՝ ուսման վարձի տեսքով։