Home / Բանտ / Դատախազությունը հավակնում է Սարի թաղի գործով դատարանի փոխարեն որոշումներ կայացնել

Դատախազությունը հավակնում է Սարի թաղի գործով դատարանի փոխարեն որոշումներ կայացնել

Մարտի 27-ից ՀՀ դատախազության շենքի դիմաց նստացույց անցկացնող Սարի թաղի գործով ձերբակալված 10 բնակիչների հարազատների հետ երեկ հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Epress.am-ի հետ զրույցում ձերբակալվածներից Էդվարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը, նշել է, որ հանդիպման ժամանակ գլխավոր դատախազն ասել է, թե 10 կալանավորվածներից երեքին՝ Հարություն Թորոսյանին, Արման Ադամյանին, Ժորա Ավետիսյանին կարող են պայմանական ազատ արձակել, եթե նրանք ընդունեն իրենց մեղքը:

Սակայն բողոքողները չեն համաձայնել և պնդել են, որ իրենց հարազատներին անհիմն են մեղադրում և նրանք չեն կարող ընդունել մեղքը, հատկապես այն դեպքում, երբ մեղադրանքը հստակեցված չէ։ Մասնավորապես, նրանք ընդգծում են, որ ոստիկանների նախաքննական մարմիններին և դատարանում տված ցուցմունքների միջև կա հակասություն։

Ոստիկաններից մի քանիսը դատարանի դահլիճում ցուցմունք են տվել, որ ամբաստյանալների պահանջը եղել է կենցաղային, որ նրանք ցանկանում էին լուծել իրենց սոցիալական խնդիրները։ Ըստ բողոքողների՝ դա նշանակում է, որ իրենց հարազատների գործողությունները ուղղված չեն եղել իշխանության ներկայացուցիչների դեմ, ուստի չի կարող կիրառվել քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասը (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը), որով նրանք ներկայումս մեղադրվում են։ Բողոքողները պահանջում են առաջադրված մեղադրանքը փոխարինել նույն հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը)։

Բեռնեցյանը ընդգծել է, որ իրենք շարունակելու են նստացույցը մինչև չբավարարվի իրենց պահանջը։

Գործով 5 մեղադրյալների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշել է, որ նախ հարկավոր է հստակեցնել մեղադրանքը, հետո նոր տղաները կկարողանան որոշել ընդունել այն, թե՝ ոչ։

«Բոլոր դեպքերում դատական ակտ կայացնողը ոչ թե դատախազությունն է, այլ դատարանը, և դատախազը չի կարող այս փուլում որոշել, թե դատարանը ինչպիսի դատական որոշում կկայացնի։ Դատախազի ասածն, իմ կարծիքով, անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամաբ, որովհետև դատարանն է որոշելու վերջնական պատժի հարցը։ Իսկ, եթե դատախազը դրանով նկատի ունի այն հանգամանքը, որ դատախազությունը ինչ ասի, դատարանը կանի, դա արդեն ճնշում է դատարանի նկատմամբ»,- ասել է փաստաբանը։

Սիմոնյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է իր պաշտպանյալների մեղադրանքը հստակեցնելու պահանջով դիմում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն։

Նշենք, որ Սարի Թաղի 10 բնակիչներ մեղադրվում են հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Ոստիկանների հետ բախման արդյունքում ձերբակալեցին 10 սարիթաղցիներ, որոնց մեղադրանք առաջադրվեց 316 հոդվածի 2-րդ մասով, այն է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր ունեցել «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։