հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / «Լիդիանը» կկործանի Ջերմուկի բնությունը՝ Հայաստանին տարին 50 միլիոն տալով․ ինժեներ

«Լիդիանը» կկործանի Ջերմուկի բնությունը՝ Հայաստանին տարին 50 միլիոն տալով․ ինժեներ

Ինչո՞ւ են Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ) առնչվող ներդրողները (Ռուբեն Վարդանյան, Նուբար Աֆեյան, Ժոզեֆ Ուղուրլյան), Վահան Քոլոլյանը, «Ամերիաբանկը», IDeA հիմնադրամը, ինչպես նաև Բնապահպանության նախարարությունը՝ Ֆինանսների միջազգային կորպորացիայի (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ միասին ներգրավված Հայաստանի համար այնպիսի կործանարար ծրագրում, ինչպիսին Ամուլսարի ծրագիրն է: Նման հռետորական հարց է բարձրացնում քիմիական/էկոլոգիական ինժեներ Հարութ Բրոնոզյանն Ամուլսարի հանքի ծրագրի մասին «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությանը տված հարցազրույցում։

Բրոնոզյանը ներկայացնում է իր մոտավոր հաշվարկը, համաձայն որի 73.000 կգ ոսկի և 300 տոննա արծաթ արտադրելու դեպքում «Լիդիան» ընկերությունը կունենա 1.4 միլիարդ դոլար մաքուր եկամուտ։ 10 տարվա ընթացքում նրանց ստացած ոսկու և արծաթի արժեքը կազմելու է մոտավորապես 3.2 միլիարդ դոլար, մինչդեռ ՀՀ կառավարությունը ստանալու է մոտ 500 միլիոն դոլար, այսինքն ընդամենը 15%:

«(Լիդիանի ստանալիք եկամուտը-խմբ․) փաստորեն այնքան գրավիչ է ներդրողների համար, որ վերջիններս արհամարհում են բնապահպանական, լանդշաֆտային, ձեռնարկատիրական, դեմոգրաֆիական և այլ հետևանքները Հայաստանի համար: Թե ինչի վրա է ծախսվելու (Կառավարության ստանալիք 15% ֊խմբ․) գումարը, սա արդեն հաջորդ հարցն է, քանի որ, ինչպես հայտնի է 2004-2013 թվականների ընթացքում շուրջ 10 միլիարդ դոլար հանցավոր ճանապարհով ստացված գումար արտահոսել է երկրից, այն դեպքում, երբ ՀՀ պետական պարտքը 6 միլիարդ դոլարի մոտ է», ֊ ասում է նա։

Հարցազրույցում նա նշում է, որ «Լիդիանի» ծրագիրը բնապահպանական առումով բազմաթիվ խոցելի կետեր ունի․ «Նրանք ծանոթացե՞լ են արդյոք այն ահռելի քննադատական նյութերին, որոնք հրապարակվել են հանրության, փաստաբանների, գիտնականների և ինժեներների կողմից վերջին 4-6 տարիների ընթացքում: Ամերիաբանկը, որը համաձայնվեց այդ $24 միլիոնը «Լիդիանին» տալ, գիտակցո՞ւմ է արդյոք իր պատասխանատվությունը: Նման մի ընկերության, նման մի նախագծի համար տրված գումարը վատ ազդեցություն կունենա նրանց անվան վրա: Եվ եթե սխալ բան պատահի, ապա «Ամերիաբանկը» նույնպես պատասխանատու է: Ընդունո՞ւմ են արդյոք սա: Ուրեմն արժե՞ $500 միլիոն դոլարի համար հարյուրավոր տարիներով քանդել այս չնաշխարհիկ շրջանը: $500 միլիոն դոլար դուք կարող եք ստանալ տուրիզմի, Ջերմուկի ջրերի զարգացման և արտահանման երկարաժամկետ ծրագրեր ստեղծելով, առանց բնության վրա ազդելու: Իսկ ի՞նչ ազդեցություն պիտի ունենա Ամուլսարի ծրագիրը տուրիզմի վրա: Տնտեսական ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվել: Հայաստանն ո՞ւմ շահի համար է աշխատում: Ամերիկայի, Անգլիայի և միջազգային բանկերի, որոնք պաշտպանում են միջազգային հանքարդյունաբերողների շահերը և աշխարհի տարբեր երկրներում վտանգավոր հանքարդյունաբերական ծրագրեր են քաջալերում իրենց ագահության պատճառով… պաշտպանում են «Լիդիանի» նման ԱՆՓՈՐՁ ընկերությանը և Բնապահպանության նախարարությունն էլ միանո՞ւմ է նրանց: Խենթանալիք բան…»։

Ըստ նրա՝ «Լիդիան» ընկերությունը խուսափում է հարցերի պատասխանելուց, իսկ ՀՀ Կառավարությունը մեղավոր է, որ հարցեր էլ չունի։

«Այժմ «Լիդիանը» բոլոր հարց տվողներին 300, 400, 600 էջանոց փաստաթղթեր է տալիս, ասում է՝ կարդացեք: Սակայն այդպես չէ, մեր պահանջն այն է, որ իրենք գան, երկու օրվա կոնֆերանս անեն և մեր բոլոր հարցերին պատասխանեն. դրա հիման վրա կկարողանանք իմանալ, թե ինչ պիտի կատարվի: Եվ կարևոր է, թե ո՛վ կնստի այդ կոնֆերանսին և ո՛վ հարցեր տալու իրավունք կունենա, որպեսզի չկարողանան խաբել: Փորձառությունը շատ կարևոր է. ինձ չեն կարողանա խաբել, բայց մեկին, ով տեխնիկական մասնագետ չէ, կխաբեն, անպայման: Մինչև օրս «Լիդիանը» Հայաստանում ԵՐԲԵՔ Ամուլսարի ծրագրի որևէ մանրամասն տեխնիկական ընծայում (պրեզենտացիա) չի արել լավագույն մասնագետների ու գիտնականների մասնակցությամբ, նույնիսկ Բնապահպանության նախարարությանը: Ինչի՞ց են նրանք վախենում»,֊ ասել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ