Կինոռեժիսոր Արման Մազմանյանը դատի է տվել Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին՝ պահանջելով իրեն տրամադրել աշխատանքից ազատման հրամանն ու դրա հիմքերը: Ի պատասխան Մոնտալտոն պնդում է, որ առհասարակ Գյումրիում հյուպատոսարան գոյություն չի ունեցել, իսկ Մազմանյանը կամավորական կերպով աջակցել է իր կողմից կազմակերպված աշխատանքներին ու վարձատրվել է հյուպատոսի անձնական միջոցների հաշվին։ Galatv.am-ը գրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 5-ին կայացած նախնական դատական նիստի մանրամասների մասին։
Կայքի հետ զրույցում Մազմանյանը պատմել է, որ 2006 փետրվարին ընդունվել է աշխատանքի Իտալիայի պատվո հյուպատոսարանում որպես հյուպատոսական ծրագրերի համակարգող, սակայն առանց որևէ հիմնավոր պատճառաբանության 2015-ի սեպտեմբերի վերջին բանավոր կերպով տեղեկացվել է, որ աշխատանքից ազատված է: Մազմանյանի աշխատանքային գրքույկում աշխատանքի ընդունման հրաման կա, իսկ ազատմանը՝ ոչ:
Արդեն մի քանի անգամ տարբեր պատճառներով դատական նիստերը լիարժեք չեն կայանում։ Երեկվա դատական նիստին, չնայած պատվո հյուպատոսը չի ներկայացել, սակայն դատարան ուղարկված նրա գրությունն ընթերցվել է։ Համաձայն Մոնտալտոյի, Մազմանյանի աշխատանքային գրքույկի մեջ իր կողմից տրված հրամանի տակ դրված ստորագրությունն իրենը չէ։ Մինչդեռ կայքի փոխանցմամբ՝ ստորագրության կողքին դրված է նաև կնիք:
Բացի դրանից՝ պատասխանող կողմը հայտնել, որ առհասարակ գոյություն չի ունեցել հյուպատոսարան և չունի։
Ավելի վաղ՝ Asparez.am-ի հետ զրույցում Մազմանյանը ներկայացել է Գյուրիի Գորկու փողոց 3-րդ նրբանցք 36 տուն հասցեում գործող հյուպատոսարանի լուասնկարը։ Ըստ նրա՝ շենքի վրա փակցված է եղել Իտալիայի դրոշը, զինանշանը, որի վրա գրված է եղել` Իտալիայի հյուպատոսարան:
Հյուպատոսն ու նրա լիազոր ներկայացուցիչը հայցադիմումի իրենց պատասխանում նշում են, որ Արման Մազմանյանը կամավորական սկզբունքներով 2006-2015 թթ. մասնակից է եղել պատվո հյուպատոսի կողմից կազմակերպված աշխատանքներին ու վարձատրվել է հյուպատոսի անձնական միջոցների հաշվին: Իսկ Իտալիայի պատվո հյուպատոսը չի հանդիսանում գործատու, չի արձակում հրամաններ, այդ թվում` աշխատանքի ընդունման կամ ազատման:
Այնինչ Մազմանյանը դատարանում ներկայացրել է փաստաթուղթ, որը 2014 թվականին ներկայացրել է բանկերից մեկին։ Փասթաթուղը, Մազմանյանի պնդմամբ, իրեն է տրամադրվել հյուպատոսարանի կողմից, որտեղ նշվում է, որ Մազմանյանն աշխատում է հյուպատոսարանում և ամսական ստանում 250 հազար դրամ աշխատավարձ:
«Եթե հյուպատոսարան գոյություն չի ունեցել, ապա պարոն հյուպատոսի կողմից «հյուպատոսարան» բառը չպետք է օգտագործվեր ոչ մի փաստաթղթի վրա, «հյուպատոսարան» բառը նաև կնիքի վրա չպետք է օգտագործվեր, նա պետք է ունենար անվանական կնիք, այլ ոչ թե հյուպատոսարանի», -դատարանում ասել է Մազմանյանը։
Վերջինս դատարանի է ներկայացրել մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են հյուպատոսարանի գոյության մասին․ «Տարիներ շարունակ հյուպատոսարանն անցկացնում էր իտալերեն լեզվի դասընթացներ և ուսուցում անցած մարդկանց տրամադրել վկայականներ՝ 2008-2009 թվականների: Դրանք փաստում են, որ վկայականները տրվել են հյուպատոսարանի կողմից, դրանց վրա գտնվում է Իտալիայի Հանրապետության զինանշանը, իսկ զինանշանի կողքին գրված է՝ Իտալիայի պատվո հյուպատոսարան, հյուպատոսի ստորագրությունն ու հյուպատոսարանի կնիքը»։
Դատարանը նախնական նիստի ավարտին որոշել է նշանակել դատաքննություն: