Home / Բնապահպանություն / «Լիդիանը» պնդում է՝ ցիանիդն անվտանգ է, բայց գնդեվազցիներին չի ապահովագրում

«Լիդիանը» պնդում է՝ ցիանիդն անվտանգ է, բայց գնդեվազցիներին չի ապահովագրում

Մարտի 12-ին Հանրապետական կուսակցության քարոզարշավի ժամանակ Գնդեվազի բնակիչները Ջերմուկի ճանապարհին տեսել էին վարչապետ Կարեն Կարապետյանին և պահանջել հանդիպում իրենց գյուղի մոտ գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման թույլտվություն տված Կառավարության անդամների հետ։ Ապրիլի 6-ին հանդիպումը կայացավ, սակայն գնդևազցիները դժգոհ մնացին, քանի որ հանդիպմանը «իշխում էին» «Լիդիան» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը ևՀարավային Աֆրիկայից հրավիրված մասնագետ, ապագա ոսկու հանքի գլխավոր մետալուրգ Ջոն Ֆուրիեն, իսկ Կառավարության անդամները տեղավորվել էին ոչ թե բեմին, այլ դահլիճի առաջին շարքում և անգամ երբ իրենց էին հարցեր ուղղվում, նրանք տեղից էին խոսում գյուղացիների հետ՝ շրջվելով։

Ցիանիդը անվտանգ է․ հարթակը կարող էր տեղադրվել նաև Երևանի կենտրոնում

Հանդիպմանը «Լիդիան» ընկերության նոր գլխավոր մետալուրգը գնդևազիցներին ներկայացրեց «սլայդ֊շոու» կառուցվելիք ցիանիդային հարթակի մասին։ Հարավաֆրիկացի մասնագետը վստահեցրեց, որ ցիանիդային հարթակը անվտանգ է, իսկ առաջացող թափոնները նույնքան անվտանգ են լինելու, որքան օրինակ ձկան մնացորդներն են։

«Ցիանիդը պարունակում է ազոտ, ինչը թույլ է տալիս, որ շրջակա միջավայրը կարողանա ընդունել այն։ Ես աշխատել եմ քաղաքներում, որոնք ավելի մոտ են եղել ցիանիդային հարթակին, և որոնք ավելի մեծ թվով բնակչություն են ունեցել, քան Գնդեվազն է։ Որոշ համայնքների ճանապարհներ հանքի միջով էին անցնում։ Ես ապրել եմ այդպիսի հարթակների մոտ։ Ցիանիդը շատ արագ է լուծվում», ֊ ասաց Ջոն Ֆուրիեն՝ մերժելով գնդևազցիներից Միհրդատ Ներսիսյանի (լուսանկարում՝ կենտրոնում կանգնած)՝ «սանիտարական գոտի» կառուցելու մասին պահանջը։

– Այսինքն ցիանիդային հարթակը կարող է լինել նաև Երևանի կենտրոնում։

֊ Այո, կարող է, դա խնդիր չէ։

Մեր հարցին, թե ինչու է «Լիդիանը» հրաժարվում տեխնիկական հարցերը քննարկել հայաստանցի մասնագետների հետ, որոնք հարցեր ունեն, այլ դրանք ներկայացնում է գյուղատնտեսությամբ զբաղվող գնդևազցիներին, փորձագետը պատասխան չտվեց, բայց քննարկումից հետո մոտեցավ և ասաց․ «Մենք հրեշներ չենք»։

«Լիդիանը» չի ապահովագրի գնդևազցիների առողջությունն ու բերքը

Քննարկմանը Գնդեվազի բնակիչներից մեկը պահանջեց իրենց կյանքի, առողջության, իրենց անասուների ու բերքի ապահովագրություն իրականացնել։

Ալոյանն ասաց, որ ապահովագրության անհրաժեշտություն չկա, քանի որ իրենք չեն վնասելու Գնդեվազը։ Նրա խոսքով՝ իրենք ունեն միայն երրորդ կողմի ապահովագրություն, ինչը օրենքը չի պարտադրում, բայց իրենք անում են։

«Օրինակ՝ եթե մեքենան շուռ եկավ, մեջից նավթը թափեց, ու հոսեց դեպի համայնք, ընկերությունն ունի դրա վերաբերյալ ապահովագրություն՝ մի քանի միլիոն դոլարով։ Դա օրենքը չի պարտադրում, բայց մենք անում ենք։ Մարդկանց, համայքներին մենք առանձին չենք ապահովագրելու»,֊ ասաց Ալոյանը։

Գյուղացիներից մեկը պահանջեց, որ այդ դեպքում «Լիդիանը» պարտավորվի գնել գնդևազցիների բերքը, որը հանքը շահագործելուց հետո հայտնի կդառնա որպես թունավոր արտադրանք և գուցե չվաճառվի շուկայում։

«Կատարվում են հողային աշխատանքներ, պայթյուններ են լինելու։ Ցանկացած գնդևազցի գիտի ստեղի կլիման… Եթե չեք ուզում բերքը ապահովագրել, բերեք տվյալ հողակտորների տերերի հետ պայմանագրեր կապեք, եթե գնորդ չկա՝ պարտավորվեք սպառել էդ բերքը»,֊ ասաց նա։

Ալոյանը այդ առաջարկն էլ չընդունեց։

Գնդեվազցիներից մեկն էլ դժգոհեց, թե հանքում իր համագյուղացիները չեն կարողանում աշխատել, քանի որ դրա համար անհրաժեշտ է անգլերենի իմացություն։ «Մնում է ցեմենտի գործը»,֊ ասաց նա։

Ներկաներից մեկն էլ հարցրեց՝ ինչպես է ընկերությունը սկսել շինարարական աշխատանքները, կատարել 2 պայթեցում, գնել տեխնիկա, եթե հանքավայրը շահագործելու տրված թույլտվությունը վիճարկվում է Վարչական դատարանում։

«Երևի գիտեն՝ ՀՀ դատարանները դեմ որոշում չեն կայացնի»,֊ «Լիդիանի» ներկայացուցիչների պատասխանի փոխարեն մեկնաբանեցին դահլիճից։

Կառավարությունը խոստացավ նոր օրենքներ մշակել նոր ԱԺ֊ում

Կառավարության ներկայացուցիչները ոչ մի հարցի չպատասխանեցին։ Միայն ասվեց, որ քանի որ առաջին անգամ է Հայաստանում ցիանիդային հարթակ կառուցվելու, դրա վերաբերյալ օրինագիծ պետք է մշակվի, ու նոր միայն ընդունվի ԱԺ֊ում։ Վերջում էլ Կարեն Կարապետյանի նորանշանակ օգնական, նախկինում բնապահպանական ակտիվիստ Էրիկ Գրիգորյանն էլ սպառնաց նայել լրագրողների նյութերը՝ համոզվելու, որ ԶԼՄ֊ները քննարկումից «շոու չեն սարքել»։