հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Ամուլսարի հանքի ծրագիրը հովանավորողներին պահպանակներ նվիրեցին

Ամուլսարի հանքի ծրագիրը հովանավորողներին պահպանակներ նվիրեցին

Ինչպես հայաստանցի կանայք կարող են զարգացնել իրենց բիզնեսը։ Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական միության և Շվեդիայի կառավարության ներկայացուցիչները պատմել են իրենց կողմից հովանավորվող «Գործարար կանայք» ծրագրի մասին։ Ծրագրի ներկայացման ընթացքը խանգարել է ակտիվիստ Աննա Շահնազարյանը՝ բարձրացնելով ՎԶԵԲ֊ի կողմից Ամուլսարի հանքի ֆինանսավորման և դրա հետևանքների հարցը։ «Գործարար կանայք» ծրագրին աջակցություն ցուցաբերող բանկերից է «Ամերիա բանկը», որը նույնպես ֆինանսավորում է Ամուլսարի հանքը։

Շահնազարյանը հանկարծակիի է բերել ծրագիրը ներկայացնողներին՝ մոտենալով բեմին և նրանց պահպանակներ նվիրելով։ Ակտիվիստը «Հայկական բնապահպանական ճակատի» անունից պատմել է ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի իրական «օգուտների» մասին։

«Այստեղ հրավիրված բանկային կազմակերպությունները ներկայացնում են, որ իրենք կանանց հետ կապված իբրև լավ գործունեություն են անում։ Սակայն դա կեղծավորություն է, քանի որ այս հրավերքը կազմակերպած կազմակերպությունները ֆինանսավորում են Հայաստանում ամենավտանգավոր հանքային ծրագրերից մեկը՝ Ամուլսարի ծրագիրը, որը հատկապես կանանց վրա ունի վատթար ազդեցություն։ Հանքի բացումից հետո տեղի են ունենալու տղամարդկանց կուտակումներ՝ 70 տոկոս տղամարդկանց ներհոսք է լինելու այնտեղ (Ջերմուկ), որն առաջ է բերելու բնակչության կառուցվածքի փոփոխություններ։ Կանայք զրկվելու են իրենց աշխատանքից, իսկ քաղաքը դառնալու է հանքային քաղաք։ Աղքատության մեջ հայտնված կանանց ստիպելու են ապրուստ վաստակել մարմնավաճառությամբ։ Այստեղ հավաքվել են, սիրուն-սիրուն բաներ են խոսում, թե կանանց պետք է վարկավորեն, կանանց ամենամեծ վնասն իրենք այլ ծրագրերով են հասցնում։ Այս շղարշի ներքո իրենք իրականացնում են հանքարդյունաբերական ամենավատթար ծրագիրը», -ասել է Աննա Շահնազարյանը։

Ակտիվիստի բեմ դուրս գալուց առաջ, Շվեդիայի կառավարության ներկայացուցիչն ասել էր, որ «Գործարար կանայք» ծրագիրը շատ ֆեմինիստական է։ Շահնազարյանը հակադարձել է՝ ասելով, որ նույն Շվեդիայի պետական արտահանումների վարկավորման հիմնադրամը նույնպես խոստացել է վարկավորել Ամուլսարը։

«Շատ ֆեմինիստական ծրագիր է սա», ֊ հեգնել է Շահնազարյանը։

Նա «ՎԶԵԲ-ը խթանում է հանքային թալանը, հանքերը կանանց մղում են մարմնավաճառության․ Գործարա՞ր կանայք» վերնագրով թերթոններ է բաժանել «Գործարար կանայք» ծրագիրը ներկայացնող ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսին, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանին։

Նշենք, որ «Լիդիան Ինթերնեշնլ» օֆշորային ընկերությունը ՎԶԵԲ-ի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հետախուզել է Ջերմուկի հարևանությամբ Ամուլսարում ոսկու հանքի պաշարները և ցանկանում է բաց եղանակով արդյունահանել այն։ Տարիներ շարունակ բնապահպանները պայքարում են հանքի շահագործման ծրագրի դեմ՝ համարելով, որ այն անվերականգնելի աղետ է հասցնելու Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի բնական միջավայրին։

Շահնազարյանը պահպանակները «նվիրել է» ծրագիրը ֆինանսավորողներին՝ հղում կատարելով «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ծրագրի այն կետին, որի համաձայն հանքը շահագործող ընկերությունը Ջերմուկում տղամարդկանց պահպանակներ է բաժանելու։

«Լիդիանը» նշել էր, որ երբ մի վայրում մեծ քանակով աշխատողներ են բնակվում՝ հիմնականում արական սեռի, նման իրավիճակները առաջ են բերում ալկոհոլի չարաշահում, մարմնավաճառության նոր կամ ընդլայնվող ցանց՝ վերջինս էլ սերտ առնչվում է սեռավարակների տարածման հետ, ինչպես նաև նկատվում է հանցագործությունների աճ, իսկ Ջերմուկի հյուրանոցներում մնացող 370 աշխատակիցները «կնպաստեն վերոնշյալ սեռական վարքագծի դրսևորման տարածմանը»

Ըստ այդմ, համաձայն ընկերության ծրագրի՝ մարմնավաճառության, սեռավարակների տարածման և այս տիպի խնդիրները մեղմացնելուն ուղղված գործողությունների շարքում ընկերությունը նախատեսում է ինչպես կանանց աջակցման ու կրթման ծրագրեր իրականացնել, ինչը, ըստ ընկերության գնահատակնների, հետ կպահի կանանց մարմնավաճառությունից, այնպես էլ պահպանակների լայն հասանելիության ապահովումը հանքի աշխատավայրում և հյուրանոցներում, որպես սեռավարակների կանխարգելման միջոց։