Քաջարանի հանքավայրից տարեկան կթույլատրվի արդյունահանել մինչև 22 միլիոն տոննա հանքաքար՝ մինչև այժմ թույլատրված 12,5 միլիոնի փոխարեն։ Այս թույլտվությունն «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲ֊ին տվել է Բնապահպանության նախարարությունը անցյալ տարվա վերջին։
«Հայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) նախաձեռնության հաղորդմամբ, սակայն, ԶՊՄԿ-ն դեռ 2010 թվականից սկսել է ապօրինաբար ավելացնել իր արդյունահանման ծավալները, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում դրանք հասցրել է արդեն տարեկան մինչև 17-19 միլիոն տոննայի։
«Ի՞նչ նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվություններ տալու մասին կարող է լինել խոսքը նման անհեթեթ կառավարման պայմաններում», ֊ նշում է ՀԲՃ֊ն։
Նախաձեռնությունն ընդգծում է, որ վերջին յոթ տարների ընթացքում ԶՊՄԿ-ն թույլատրվածից 29,7 միլիոն տոննա ավել հանքաքար է արդյունահանել ու վերամշակել, ինչի արդյունքում նույն չափով լրացուցիչ հանքահարստացման թափոններ են տեղադրվել Արծվանկի պոչամբարում՝ մեծացնելով տարբեր ճանապարհներով բնական միջավայրի աղտոտման ծավալները։
«Այս ամենը մինչև 2014 թվականի օգոստոսի 9-ը գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի բացահայտ և կոպիտ խախտում է։ Այդ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետում հստակ գրված է հետևյալը․ «Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննական եզրակացության պայմանները խախտելու դեպքում լիազորված մարմինը պարտավոր է մասամբ կամ ամբողջովին փակել, կասեցնել կամ արգելել նախատեսվող գործունեության իրականացումը մինչև փորձաքննական եզրակացության համար համապատասխան պայմանների ապահովումը»: Չի գործել նաև դրանից հետո ուժի մեջ մտած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի հետևյալ պահանջը․ «Փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե գործունեությունն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով»։
Բացի դա, ԶՊՄԿ-ն խախտել է նաև 2012 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքի» 59-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հետևյալ պահանջը․ «Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է աշխատանքներն իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան»։
Ամեն դեպքում ցանկալի կլիներ լսել պետական լիազոր մարմինների պարզաբանումները, ինչպես նաև Քաջարանի հանքավայրը շահագործող ԶՊՄԿ-ի և նրա 60 տոկոսի բաժնետեր գերմանական «Քրոնիմետ մայնինգ» (CRONIMET Mining) ընկերության ղեկավարության կարծիքը։ Բնական հարց է առաջանում, թե արդյո՞ք գերմանական ընկերությունն իրեն թույլ կտար նույն կերպ վարվել օրենքների և բնության հետ Գերմանիայում՝ ինչպես դա անում է Հայաստանում», ֊ ասված է ՀԲՃ֊ի հաղորդագրության մեջ։