Թեև բնապահպաններն և տեղական համայնքները տարիներ շարունակ պայքարում էին Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի դեմ, շուտով շահագործող ընկերությունը հանքի տարածքում սկսելու է շինարարական աշխատանքները՝ Ամուլսարը դարձնելով Հայաստանում երկրորդ խոշորագույն հանքային ծրագիրը՝ Քաջարանի պղնձամոլիբդենայինից հետո։ Այնտեղ վերամշակվելու է տարեկան 10 միլիոն տոննա հանքաքար։ Ամուլսարը շահագործող «Լիդիան» ընկերությունը վստահեցնում է, որ ամեն ինչ անելու է «միջազգային չափանիշներով»։ Այդ հայտարարությունը բնապապաններին չի հուսադրում, քանի որ «միջազգային չափանիշներով» է շահագործվում նաև Թեղուտի հանքավայրը, որի բնապահպանական վնասի չափը երևում է միայն Շնող գետի տեսքից․ այն դարձել է հանքի կոյուղին։
Երեկ Ամուլսարի վերաբերյալ հանրային քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցելու հրավերը մերժել էին թե «Լիդիանի», թե Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները։ Կառավարությունը նաև չի պատասխանել բնապահպանների հարցադրումներով գրավոր նամակներին։ Բնապահպան Լևոն Գալստյանի (լուսանկարում՝ ձախից երկրորդը) խոսքով՝ նման պահվածքը չի զարմացնում՝ հաշվի առնելով, որ Բնապահպանության նախարարությունը նույնիսկ անկախ եզրակացություն չի տվել «Լիդիանի» ներկայացրած ծրագրերին, այլ դրանք կոնսպեկտել է և ներկայացրել որպես նախարարության կարծիք։
«Կառավարությունը կաշառված է, Կառավարությունն անգործության մեջ է, չի անում իր աշխատանքը և թույլ չի տալիս, որ մենք որպես քաղաքացիներ իրեն պատասխանատվության ենթարկենք դատական համակարգի օգնությամբ», ֊ քննարկման ժամանակ ասել է բնապահպան Աննա Շահնազրյանը (լուսանկարում՝ ձախից)։
Բնապահպան Ինգա Զառաֆյանը (լուսանկարում՝ աջից երկրորդը), իր հերթին, նշել է, որ 2011 թվականից «Լիդիանը» ներկայացնում էր մեկ տարածք շահագործելու ծրագիրը, բայց տարիների ընթացքում ծրագիրը մեծացավ և այժմ Ամուլսարը ձեռք է բերել երեք տարածք՝ ավելացնելով նաև բնապահպանական ռիսկերը։ Ընդ որում, տարածքներից մեկում պատրաստվում է կառուցել ցիանային գործարան Գնդևազ գյուղից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Մեծագույն խնդիրներից մեկը, Զառաֆյանի պնդմամբ, այն է, որ շրջակա համայնքներից շատերը չեն համարվել ազդակիր տարածք և այդ վայրերում հանրային լսումներ չեն անցկացվել, օրինակ՝ Սևանում կամ Ջերմուկում (գտնվում է հանքից 12 կմ հեռավորության վրա)։
Epress.am֊ի լրագրողը հարցրել է բնապահպաններից՝ արդյոք կփորձեն նաև նստացույցեր, տեղում բողոքներով հասնել հանքաարդյունաբերական ծրագրի կանխմանը։ Մասնավորապես, ԱՄՆ Դակոտա նահանգում նավթամուղի կառուցման աշխատանքները կանխվել են շուրջ մեկ ամիս տևած տեղացիների պայքարից հետո։
Աննա Շահնազարյանի կարծիքով՝ Դակոտայում մարդիկ պայքարել են, քանի որ այլ ելք չունեին, իսկ Հայաստանում միշտ կա ելք՝ արտագաղթ։
«Այնպիսի կենցաղային վիճակ է, որ ժողովուրդը չի կարողանում մտածել բնապահապանական վնասների մասին։ Ինչպես ասել է Ամուլարի կնքահայր, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ թող արտագաղթեն, մնան հեղափոխություն անե՞ն․․․։ Գնդևազում մարդիկ վաճառում են իրենց տները, կտրում են այգիները և հեռանում են»,֊ ասել է Շահնազարյանը։
Ինգա Զառաֆյանը նշել է, որ տեղական համայքները մինչ այժմ անտարբեր չեն եղել և իրականում փորձել են կանխել հանքի շահագործումը։
«Միայն Գնդևազում հավաքել են 200 ստորագրություններ, իսկ դա փոքր համայքների համար մեծ թիվ է, պայքարել են իրենց համայնքապետի դեմ։ Քաղաքակիրթ ձևերով», ֊ ասել է Զառաֆյանը։