Home / Հայաստան / Ընտրողներին «բերման են ենթարկել» քվեարկության․ դիտորդները՝ Երևանի ընտրությունների մասին

Ընտրողներին «բերման են ենթարկել» քվեարկության․ դիտորդները՝ Երևանի ընտրությունների մասին

Մայիսի 14֊ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում բազմաթիվ են եղել քվեարկության գաղտնիության խախտումների դեպքերը և կեղծ դիտորդները։ Համաձայն «Անկախ դիտորդ» նախաձեռնության վիճակագրության՝ քվեարկության 77 տոկոս դեպքերում ընտրողները քվեարկել են կամ ծրարի մեջ են դրել թերթիկը այլոց ներկայությամբ։ Բացի դա, բավական համատարած է եղել, այսպես ասած, «օգնողների ինստիտուտի» օգտագործումը։

«Եղել են տեղամասեր, որտեղ օգնողները տեղամաս են եկել ընտրողներից առաջ։ Հանձնաժողովի անդամները սպասասրահ են տվել օգնողներին սպասողների համար։ Այն դեպքում, երբ քվեարկողը ինքը պետք է ասի, թե ինքն օգնողի կարիք ունի։ Որոշ դեպքերում ընտրողի կարծիքը չեն էլ հարցրել օգնելուց առաջ»,֊ «Մեդիա կենտրոնում» այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ այս անգամ ավելի շատ, քան խորհրդարական ընտրությունների ժամանակ եղել են նաև ընտրողներին գրանցող էլեկտրական սարքերի խափանումները։

Ըստ նրա՝ և կեղծ դիտորդները, և՛ էլեկտրական սարքերը հսկող որոշ աշխատակիցներն ամբողջ ընթացքում զբաղված են եղել բացակա ընտրողներին ընտրատեղամաս բերելով։

«35 ընտրատեղամասում ընտրողներին «բերման ենթարկելու» գործընթացը արձանագրվել է»,֊ ասել է Սաքունցը։

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ֊ից Տիգրան Եգորյանն էլ ներքաղաքական իրավիճակը համեմատել է պատերազմական վիճակի հետ։

«Ճակատի մի կողմում մարդիկ են, ովքեր պայքարում են ժողովրդի ազատության, անկախության, ժողովրդավարության համար, մյուս կողմում՝ մարդիկ, ովքեր փորձում են յուրացնել, և յուրացրել են ժողովրդի իշխանությունը»,֊ ասել է նա։

Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքապետ է վերընտրվել ՀՀԿ֊ական Տարոն Մարգարյանը (71.45%)։ Ընդդադիր թեկնածուներ Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը ստացել են քվեների համապատասխանաբար, 21% և 7,75%-ը։