Դատարանը որոշել է վարույթից հեռացնել 2011թ. բանակում ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հորը՝ Մովսես Խաչատրյանին՝ զրկելով նրան տուժողի իրավահաջորդի կարգավիճակից։ Զինվորի իրավունքները դատարանում ներկայացնող փաստաբան Մուշեղ Շուշանյանը բողոքարկել է այս որոշումը. Վերաքննիչն անգամ չի քննել բողոքը՝ հիմնավորելով, որ կողմը նման բողոքի իրավունք չուներ, սակայն Վճռաբեկ դատարանը բավարարել է Շուշանյանի բողոքը։
Մուշեղ Շուշանյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Վճռաբեկի որոշումից իրենց տեղեկացել են, որ մեղադրյալները համաներվել են և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նշենք, որ մեղադրյալի աթոռին էին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը և ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանը` «ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս» մեղադրանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մաս)։
«Համաներումը հնարավոր է եղել այն պատճառով, որ մեղադրյալների գործողությունները շատ մեղմ են գնահատվել, այսինքն՝ դրանց տրվել է սխալ քրեաիրավական գնահատական։ Զինծառայողի հորը ևս քրեական գործից հեռացնելը հնարավոր է եղել այդ սխալ մեղադրանքի շնորհիվ, քանի որ, ըստ պաշտոնական վարկածի, մեղադրյալներին վերագրվող գործողությունների և Հայկ Խաչատրյանի մահվան մեջ կապ չկա, ուստի նրա հայրը չի կարող լինել տուժողի իրավահաջորդ»,֊ ասել է Մուշեղ Շուշանյանը։
Համաներում կիրառելու և սխալ քննություն անցկացնելու դեմ փաստաբանը նորից դիմել է Վերաքննիչ դատարան՝ ստանալով առաջին ատյանից համաներման որոշման պատճենը։
«Մենք բողոքում ենք Հայկ Խաչատրյանի կյանքի իրավունքի խախտման և արդարացի քննություն չիրականացնելու դեմ»,֊ Epress.am-ին ասել է Շուշանյանը։ Վերաքննիչ բողոքը կլսվի հունիսին։
Նշենք, որ մահացած զինծառայողի քեռին, որը Հայկի մահվան պահին եղել է հոստիտալում նրա կողին, Epress.am-ին ասել էր մահվան պատճառի իր վարկածը․ «Հայկին կարաուլ էին կանգնեցրել, ուշադրություն` ոչ ռազմական շենք հսկելու համար: Ցրտից ու մյուս կողմից խարույկի տաքությունից [դեմքի] նյարդը բորբոքվել էր: Սպան էլ մյուս օրը վազեցրել էլ: Հայկին տեղափոխել են սանչաստ: Չկարողանալով բուժել՝ տարել են հոսպիտալ: Այդտեղ է վարակվել, ու մի շաբաթ հետո մահացել: Ում հարցնես՝ գիտի, որ ջրծաղիկի դեպքում դեղ չեն տալիս, հոսպիտալում անտիբիոտիկներ են տվել: Հիգիենայի մասին էլ չեմ խոսում»։