Այս տարվա մարտի 22-ին մաքսանենգ եղանակով զենիթա-հրթիռային համալիր Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու մեղադրանքով ձերբակալված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և նույն քրեական գործով անցնող Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի, ևս մեկ անձի, որը գտնվում է Վրաստանի իրավապահների հսկողության տակ, մեղադրանքները մեղմացվել են:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը։ Երեկ ԱԱԾ-ն ավարտել էր այս գործով նախաքննությունը:
Մասնավորապես, Armlur.am-ի հետ զրույցում Աղաջանյանը նշել է, որ գործով կալանավորվածներն այժմ մեղադրվում են միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»։
«Այն հանգամանքը, որ իբր Վրաստանի Հանրապետությունից կամ այլ երկրից է բերվել զենքը, չի հիմնավորվել և այդ իսկ պատճառով նրանք հրաժարվեցին մեղադրանքից: Այժմ նրանք մեղադրվում են այն բանի համար, որ իբր «Իգլան» Հայաստանում են ձեռք բերել, պահել», -կայքի հետ զրույցում նշել է պաշտպանը:
Ըստ նրա՝ Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը, մեղմացված մեղադրանքն ընդունել է մասնակի: Վերջինս հայտնել է, որ ինքը «Իգլան» ոչ թե ձեռք է բերել ինչ-որ դիտավորության համար, այլ բանակի համար ձեռք բերելու մտադրություն է ունեցել։
«Ընդունում է այն փաստը, որ կապվել եմ անլուրջ անձանց հետ, ու դրա համար ինքն իրեն մեղավոր է ճանաչում: Բայց ասել է, որ վերջին պահին հրաժարվել է այդ զենքը գնել, որովհետև այն թերի զենք է եղել ու բանակին ոչ պիտանի», –նշել է Աղաջանյանը։
Գաբրիելյանն իր ցուցմունքներում նաև ասել է, որ մասնակցել է ապրիլյան քառօրյային, ցանկություն է ունեցել գումար ու զենք տրամադրել բանակին: Սակայն զենքը ձեռք բերելու համար կապվել է ոչ վստահելի մարդկանց հետ, ովքեր վստահեցրել են, թե զենքը դրսից են բերել, օրինական ճանապարհով: Ըստ Աղաջանյանի՝ իր պաշտպանյալը, տեսնելով, որ այն ամբողջական չէ ու պիտանի չէ իրական նպատակին ծառայելու համար, հրաժարվել է դրանից:
Ինչ վերաբերվում է Սամվել Բաբայանին, ապա ըստ պաշտպանի, Գաբրիելյանը նրանից զենքի մասին կարծիք է հարցրել․ «Սենց մի զենք կա, ուզում եմ ասես՝ ինքն ինչ զենք է։ Բաբայանն էլ ասել է, որ դա իրենից ոչինչ չի ներկայացնում», – Աղաջանյանի խոսքով՝ իր պաշտպանյալը միշտ ասել է, որ այս ամենի հետ Սամվել Բաբայանը կապ չունի։
Կայքը նշում է, որ իրենց հայտնի է դարձել, որ գործով մեկ անձի էլ ԱԱԾ -ն դեռևս նախաքննության ընթացքում ազատ է արձակել համագործակցության համար: Ազատ արձակված անձն այն մարդն է, որն անձամբ է իրավապահներին ցույց տվել զենքը և պատմել կատարվածի ողջ մարնամասները:
Նշենք, որ ձերբակալման մասին լուրը հայտնի էր դարձել մարտի 22-ի կեսօրից հետո։ Այդ օրը առավոտյան արդեն «Ժամանակ» օրաթերթը գրել էր՝ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում և չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ։
Սամվել Բաբայանը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում սատարում էր Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան (ՕՐՕ) դաշինքին։ Դաշինքի առաջնորդներից նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ձերբակալումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Բաբայանի ձերբակալությունը կարող է պայմանավորաված լինել դաշինքի նկատմամբ իրականացվող վերջին գործողություններով։
Խոսքը վերաբերում է մարտի 12-ին Արմավիր մարզի Ջրառատ գյուղում բախում էր տեղի ունեցել ՕՐՕ դաշինքի և ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանի միջև, որի ընթացքում Երանոսյանը կրակել էր իր ատրճանակից։ Սամվել Բաբայանը, մեկնաբանելով միջադեպը, «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է, մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»: