Home / Բանակ / Նախաքննական մարմինը կոծկում է զինվորի սպանության գործը․ փորձագետ

Նախաքննական մարմինը կոծկում է զինվորի սպանության գործը․ փորձագետ

2016 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սպանված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի գործով քննության ընթացքում մի շարք աղաղակող խախտումներ են գրանցվել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Գրիգոր Ավետիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։

Գրիգոր Ավետիսյան

Վերջինս չի հավատում քննության այն վարկածին, թե մահացածների վրա կրակել է ծառայակից Դավիթ Դումիկյանը։ Փորձագետը նշում է, որ դեպքի վայրում գտնված փամփուշտները և պարկուճները չեն համապատասխանում կրակոցների թվին, որոնք իբր արձակել է Դումիկյանը։

Մարտիրոսյանը պնդում է՝ Դումիկյանին իրականում «մարդասպան են նշանակել», մինչդեռ իրական սպանողներին մեղադրանք չի առաջադրվել։

Որպես քննության ընթացքում բացահայտված խախտում փորձագետը մատնանշում է այն փաստը, որ փորձաքննության տարված զենքերից մեկը անհետացել է։ Գրիգոր Ավետիսյանի հայրը՝ Հերմոն Ավետիսյանը, սպանությունից հետո մեկնել է Վարդենիս որդու դին դիմավորելու և այդ պահին տեսել է, թե ինչպես է զինվորական հագուստով մի մարդ բացել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, որում 5 ինքնաձիգ է եղել։ Դրանցից մեկի վրա եղել են հրազենային վնասվածքի հետքեր։ Հետագայում Ավետիսյանը իր որդու գործով անցկացված դատաձգաբանական-դատահետքաբանական փորձագիտական եզրակացության կից լուսանկարներում տեսել է ինքնաձիգը, որի վրա եղել են ճիշտ նույն վնասվածքները, որոնք ինքը տեսել էր «Նիվայի» ինքնաձիգերից մեկի վրա։ Սակայն, ինչպես նշում է Ռուբեն Մարտիրոսյանը, փորձաքննության են ուղարկվել 4 ինքնաձիգեր, մինչդեռ «Նիվայի» բեռնախցիկում 5-ն են եղել։

Բացի դա, քննիչը և փորձագետը որոշել են մատնահետքեր չվերցնել ինքնաձիգերից մեկի վրայից, ինչը նույնպես անօրինական քայլ է, ընդգծում է փորձագետը։

Եվս մեկ աղաղակող խախտում՝ ըստ Մարտիրոսյանի․ Գրիգոր Ավետիսյանի սպանության գործն անջատել են մայր գործից և դատարան են ուղարկել, ինչը հանցագործություն է։ Փորձագետն ընդգծում է, որ այդ գործերը չէին կարող անջատել, քանի որ խախտվում է մայր գործի ամբողջականությունը, բացի դա, քննության ընթացքում խախտումներ են եղել, մասնավորապես, ներկայիրս մեղադրյալը չի հանդիսանում հանցագործությունը կատարած անձը։

«Մենք որոշեցինք, որ պարտավոր ենք այն բողոքարկել։ Մենք դիմեցինք դատախազին՝ խնդրելով որոշման պատճենը, քանի որ չէինք կարող բողոքարկել առանց դրա։ Սակայն հանցավոր նախաքննական մարմինը չցանկացավ մեզ տրամադրել այդ պատճենը, չնայած դա օրենքի պահանջ է։ Երկու ամիս պատերազմելուց հետո ստացանք այդ որոշման պատճենը, սակայն դատարանն արդեն գործը վարույթ էր ընդունել», ֊ ընդգել է Մարտիրոսյանը։

Նա միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով գործը հետ բերել դատարանից։

«Անցել է 1 ամիս 10 օր, բայց մեզ ոչ ոք չի պատասխանում, ոտնահարվում է թե՛ օրենքը, թե՛ մեր իրավունքը։ Դրա փոխարեն, արթնանալով, հանցավոր կոռումպացված մարմինը կռահել է, որ մենք պատրաստվում ենք գործով դիմել Եվրադատարան։ Դա շատ կարևոր փաստ է, որ մեր հաղորդմանը ընթացք չի տրվել։ Համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի, նախաքննական մարմինը պարտավոր է մեր հաղորդմանը 10 օրերի ընթացքում տալ ընթացք կամ այն մերժել։ Այժմ նրանք տուժողի իրավահաջորդին հրավիրում են Հատուկ քննչական ծառայություն՝ նշելով, որ գործի վերաբերյալ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը տեղեկություններ է հայտնել։ Հավանաբար, նկատի ունեն կորած զենքի մասին տեղեկությունները։ Բայց նախ՝ Ռուբեն Մարտիրոսյանը տեղեկություններ չի հայտնել, դրանք հայտնել է սպանվածի հայրը։ Ինչո՞ւ դուք չեք նշում, որ Հերմոն Ավետիսյանի՝ կորած զենքի վերաբերյալ հաղորդման մեջ են եղել այդ տեղեկությունները։ Չեն նշում, որովհետև այդ հաղորդումը 5 ամիս առաջ է եղել և դրան անդրադարձ չի եղել, ինչը կոպիտ խախտում է», ֊ ասել է Մարտիրոսյանը։

Փորձագետն ընդգծում է, որ Գլխավոր դատախազը նաև չի ցանկանում պատասխան տալ դատարանից նախաքննական մարմին գործը վերադարձնելու իրենց միջնորդությանը, քանի որ ամեն դեպքում ոչ շահեկան վիճակում է հայտնվում։ Մերժելու դեպքում իրենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմելու, իսկ գործը նախաքննական մարմնին վերադարձնելու դեպքում այն պարզապես փլուզվում է, քանի որ արդեն քննիչները ստիպված կլինեն անդրադառնալ իրենց մատնանշած խախտումներին։

«Այդ դեպքում էլ ո՞ւմ գտնեն, որ նշանակեն մարդասպան, էլ ո՞ւմ գտնեն, որպեսզի նա խոստովանի չկատարած հանցանքը», ֊ եզրափակել է Ռուբեն Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում