Ախուրյանի ջրամբարում մեծ քանակությամբ սատկած ձկների մասին նախորդ շաբաթ հրապարակված տեսանյութերից հետո Բնապահպանության նախարարությանն ուղղված հանրային մեղադրանքներին այսօր պատասխանել է Ջրային տնտեսության պետական կոմիտեն։ Կոմիտեն մամուլի հաղորդագրությամբ «որոշ ճշտումներ է արել», բայց դրանք վերաբերում են ջրամբարի պատմությանը և դրա կառավարման ձևին․ հաղորդագրության մեջ նշված է, որ այն կատարվում է Թուրքիայի հետ համատեղ։ Կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ձկների հարցին իրենք չեն անդրադարձել, քանի որ պատասխանատվություն չեն ստանձնում ձկների համար։
«Մենք միայն ոռոգման հարցերով ենք զբաղվում», – ասել է նա։
Այն հարցին, թե ջրամբարում ընթացե՞լ է ձկնաբուծական գործունեություն՝ Մարտիրոսյանն ասել է․ «Եթե ձեռնարկատիրական ձկնաբուծության մասին է խոսքը, ապա դրա թույլտվությունը տալիս է Բնապահպանության նախարարությունը։ Ձեռնարկատիրություն կար, թե ոչ՝ չգիտենք»։ Նա նշել է, որ այս տարի ոռոգման նպատակով շատ ջուր է բաց թողնվել, ինչը կապված է եղել եղանակային պայմանների հետ՝ «չոր տարի էր»։
«Թե՛ ջրի կուտակման, թե՛ շահագործման ողջ ընթացքում Հայաստանի և Թուրքիայի կողմից պահպանվել է ջրամբարից էկոլոգիական թողքը՝ 1.5 մ ³/վրկ թողունակությամբ:
Ինչ վերաբերվում է ջրամբարի մեռյալ ծավալին, ապա այն, ըստ էության, նախատեսված չէ ծկնաբուծության կամ այլ տեսակի գործունեության իրականացման համար»,- ասված է եղել Կոմիտեի հաղորդագրությունում։
Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը Epress.am-ի հետ զրույցում բացատրել է իրենց լռությունը․ «Ախուրյանի ջրամբարի հետ որևէ կապ չունենք, որովհետև դա միակ ջրամբարն է, որը ղեկավարում է հայ-֊թուրքական միջպետական հանձնաժողովը։ Բնապահպանության նախարարությունը այդ հանձնաժողովում անդամ չունի»,- ասել է մեր զրուցակիցը գործակալությունից։
Նա, այնուամենայնիվ, վարկած է առաջ քաշել, որ ձկները սատկել են, քանի որ չափից շատ ջուր է բաց թողնվել, օդում թթվածնի մնացորդը չի հերիքել ձկների համար։
Ձկների սատկելու փաստն ակտիվ քննարկվում է սոցցանցերում։ ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Օհանջյանյանը, մասնավորապես, գրել էր․
«Ջրամբարներն աննախադեպ կերպով դատարկվում են, ահավոր վտանգելով էկոհամակարգը: Ախուրյան ջրամբարում ձկները միլիոններով սատկում են: Եթե ջրպետկոմի նախագահը մեր վարչապետի սանիկն ա, իսկ բնապահպանության նախարարին (դաշնակցական Արծվիկ Մինասյան – խմբ.) վարչապետը չի ընդունում, ուրեմն պետք ա աղետ բերեն մեր երկրի գլխի՞ն»։
Օգտատեր Նարինե Կիրակոսյանը գրել է․ «Ապրիլից մենք չունենք բնապահպանական տեսչություն։ Երևի դրա համար՝ ով ինչ ուզում, անպատիժ անում է։ Համարյա կես տարի է, քննարկում են, թե ինչ կառույց ձևավաորեն․ տեսչությո՞ւն, թե՞ ոստիկանություն։ Մինչև քննարկման ավարտին բնությունից բան չի մնա»։