«Վանաձոր ՋԷԿ»-ի մի խումբ աշխատակիցներ այսօր բողոքի ցույց են անցկացրել մարզպետարանի բակում՝ պահանջելով իրենց նախորդ տարիների չվճարված աշխատավարձերն ու վերջնահաշվարկը: Armtimes.am-ը հայտնում է, որ աշխատակիցներին մարզպետարանի բակում հանդիպել է փոխմարզպետ Արսեն Դարբինյանը։ Նա ասել է, որ Արթուր Նալբանդյանը երկրից դուրս է, և առաջարկել գալ այն ժամանակ, երբ մարզպետը տեղում կլինի:
Քիմպրոմցիների խոսքով՝ իրենք տարիներ շարունակ պայքարում են իրենց չվճարված աշխատավարձերի համար, սակայն պետական և ոչ մի կառույց խնդրին ուշադրություն չի դարձնում։ «Էլ տեղ չմնաց, որ չդիմենք, էլ մարդ չմնաց, որ չբողոքենք ու նամակ չգրենք, բայց փաստացի ոչ ոք չի ցանկանում պարտավորեցնել վճարել մեր գումարները»,- Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում նշել է աշխատակիցներից մեկն ու հավելել, որ անգամ գործարանում իրականացվող ապամոնտաժումից իրենք որևէ գումար չեն ստացել. «Գործարանը թալանին, քանդին, սաղ կտրում ծախում են, գոնե հիմա փող տան»:
Նախկին քիմպորմի կազմի մեջ գտնվող «Վանաձոր ՋԷԿ»-ի աշխատակիցները տարիներ առաջ աշխատավարձերի վճարման պահանջով դիմել են դատարան, որը գործարանին պարտավորեցրել է մարել աշխատավարձի պարտքերը, սակայն նույնիսկ դատարանի վճիռը արդյունք չի տվել: Շուրջ 150 աշխատակից գործարանից 4 ամսվա աշխատավարձ է պահանջում։