ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ստուգումների արդյունքում պարզել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ֊ի՝ Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել։ Ընկերությունը հերքում է այս վարկածը և նախարարության դեմ դիմել է վարչական դատարան։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Մալխասյանը թերթին ասել է․ «Ստուգման ընթացքում բացահայտվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ֊ն իր գործունեության ընթացքում արդյունահանել և վերամշակման արդյունքում ստացել է 500 կգ ոսկի, որը ՍՊԸ֊ի փաստաթղթերում և հաշվարկներում չի երևացել։ Ընկերությունը առարկել է՝ նշելով, որ չի կարող անհետացած լինել 500 կգ, այլ մաքսիսմում՝ 8 կգ»,֊ ասել է Մալխասյանը։
Քանի որ ՍՊԸ֊ն վիճարկում է ստուգումների արդյունքները դատարանում, բացահայտումները դեռ չեն ուղարկվել Պետական եկամուտների կոմիտե՝ ընկերությանը տուգանելու համար։
«Գործը քննել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը և հետաքրքիր է, որ բավարարել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ֊ի հայցը։ Դավավորը անվավեր է ճանաչել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից կայացրած ակտը»,֊ գրում է թերթը։
Նախարարությունը բողոքարկել է որոշումը Վերաքննիչ դատարանում, որտեղ գործը կլսվի 2018 թվականի փետրվարի 8-ին։