Հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության երկու զինծառայողներ զոհվել են Հայաստանում գտնվող «Ալագյազ» զորավարժարանում, հայտնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Համաձայն պաշտոնական վարկածի, վարժանքից հետո պայմանագրային զինծառայողներից մեկը ինքնաձիգը հանձնելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները և ոչ միտումնավոր կրակել, որի հետևանքով մահացու հրազենային վիրավարում է ստացել մեկ այլ պայմանագրային զինծառայող։
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ «կրակոցից հետո, վախենալով իր արարքից և ծառայակցի մահվան պատասխանատվությունից, զինծառայողը տեղում ինքնասպան է եղել»։
ՌԴ պաշտոնական աղբյուրները զինծառայողների անունները չեն հայտնում։