Երևանի հիմնական դպրոցների հաշվապահները 2018 թվականի հունվարից կաշխատեն ոչ թե մեկ, այլ կես դրույքով, և կստանան իրենց աշխատավարձի՝ 115 հազար դրամի կեսը։ Այս փոփոխության մասին Epress.am֊ին ահազանգել է հաշվապահներից մեկը՝ նշելով, որ այս մասին իմանալով հաշվապահները վրդովվել են և պատրաստ են ստորագրահավաք նախաձեռնել՝ ի նշան բողոքի։
«Քաղաքապետարանում մեզ ասացին, որ իրենք չեն որոշել, այլ Ֆինանսների նախարարությունը»,- ասել է մեր զրուցակից հաշվապահը, որի անունը նրա խնդրանքով չենք հրապարակում։
«Մեզ վերջերս սովորացրել են նոր համակարգչային ծրագրով աշխատել, որը բարդացնում է մեր գործը, ամբողջ տվյալները պետք է ներբեռնենք այդ համակարգում։ Ինչո՞ւ էինք սովորում, եթե պետք է մի քանի ամսից չաշխատենք։ Մեր գործը շատ է, 50-60 հազար դրամով չենք կարող աշխատել։ Տեսել են ոչ մի տեղից չեն կարողանում փող կրճատել, հաշվապահներից են կրճատում», – ասել է նա։
Epress.am֊ը նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանին խնդրել է հաստատել տեղեկությունը։ Հարցին ծանոթանալուց հետո Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ խնդրել են դիմել Ֆինանսների նախարարություն․ «Թե կրթական քաղաքականության, և թե դպրոցների ֆինանսավորման հետ կապված հարցերի լիազոր մարմինը ՀՀ կառավարությունն է՝ ի դեմս Կրթության և Ֆինանսների նախարարությունների»։
Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մկրչտյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքել է, որ աշխատավարձերը երկու անգամ կրճատվելու են։
«Մենք ամեն ինչ անում ենք, որ աշխատավարձերը բարձրանան, ոչ թե կրճատվեն», – ասել է նա։
Ինչևէ, մեր զրուցակից հաշվապահը նշել է, որ Երևանի քաղաքապետրանում գիտեն կրճատումների մասին և հենց այդ կառույցի ներկայացուցիչներն են իրենց տեղեկացրել, որ աշխատավարձի կրճատման մասին որոշումը չի փոխվելու։