Ուկրաինական ICTV հեռուստաընկերության նկարահանող խմբին թույլ չեն տվել մտնել Հայաստան՝ պատճառաբանելով, որ լրագրողները Ռուսատանի «սև ցուցակում» են՝ «հակաահաբեկչական տարածքում» (ՌԴ-ին սահմանակից Դոնբասի շրջանում – խմբ․) աշխատելու պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հեռուստանընկերության պրոդյուսեր Օկսանա Դիխնիչը։
«Նկարահանող խումբը աշխատանքային այցով մեկնել էր Հայաստան։ Համաձայնություններն արվել էին ըստ կանոնակարգի, բայց վայէջքից հետո անակնկալ էր սպասում․ նրանց չեն թողել մտնել երկիր։ Պաշտոնական մերժում։ Պատճառը՝ նրանք ՌԴ-ի ցուցկներում են, քանի որ աշխատել են հակաահաբեկչական տարածքներում։ Այս արգելքը տարածվում է մաքսային միության բոլոր երկրների վրա։ Այնպես որ սա պետք է հաշվի առնեն մեր գործընկերները, ովքեր աշխատանքային այցեր են պլանավորում։ Իսկ ավելի կարևոր հարցն այն է, թե որտեղից ՌԴ֊ին օպերատորների ցուցակներ։ Օպերատորը, ի տարբերություն լրագրողի, հանրային դեմք չէ և ենթագրերում չի նշվում», – գրել է Օկսանա Դիխնիչը։
Միջազգայնագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը Օկսանա Դիխնիչի գրառման տակ տեղեկացնում է, որ ՌԴ ցուցակները ոչ մի դեպքում չեն կարող հիմք հանդիսանալ անձանց մուտքը Հայաստան արգելելու համար։ «ԵԱՏՄ որոշումներով, բարեբախտաբար, նման բան նախատեսված չէ։ Հավատարմագրման բացակայությունը կարող է միայն բարդացնել մասնագիտական գործունեության իրացումը, հատկապես, եթե դա կապված է փակ միջոցառումների հետ, բայց չի կարող պատճառ լինել երկիր մուտք գործելը արգելելու համար։ Հայաստանի և Ուկրաինայի միջև գործում է առանց վիզայի ռեժիմ։ Եթե անձնագրի հետ խնդրի չկա, ապա պատկան մարմնի գործողությունները անօրինական են», – գրել է Իգիթյանը։
Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Epress.am֊ին ասել է, որ նկարահանող խումբը չի ունեցել գերատեսչության հավատարմագիրը։ «Ես միայն մեր մասով կարող եմ ասել, որ իրենք ԱԳՆ հավատարմագիր չեն ունեցել, չեն էլ դիմել», – ասել է Բալայանը։ Ուկրաինայի քաղաքացիների Հայաստան չթողնելու վերաբերյալ խոսնակն ասել է, որ դա իր իրավասության հարց չէ։ Բալայանը խորհուրդ է տվել զանգել Ազգային անվտանգության ծառայություն, որտեղից լրագրողին հայտնեցին․ այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն կարող է տալ միայն հասարակայնության հետ կապերի վարչությունը, որը սակայն չի պատասխանում զանգերին։