Մինչ Հայաստանի Կառավարությունը ցանկանում է ազատականացնել աշխատանքային իրավահարաբերությունները, հարևան Վրաստանում դա արվել է 2006-2007 թվականներին։ Վրաստանում աշխատանքային իրավունքների վիճակն ուսումնասիրել է հետազոտող Թամար Քեբուրիան, ով Epress.am-ի հետ զրույցում պատմել է՝ ինչպես են այդ և այլ օրենսդրական փոփոխություններն ազդել աշխատողների աշխատանքային պայմանների և ինքնաարտահայտման հնարավորությունների վրա։
Հայաստանի կառավարությունն այժմ ցանկանում է փոփոխել Աշխատանքային օրենսգիրքը, այն ազատականացնել՝ «ԽՍՀՄ֊ից մնացած կարգավորումները» վերացնելու նպատակով։ Նոր օրենքը պետք է աշխատանքային պայմանների որոշումն ամբողջությամբ թողնի գործատուի և աշխատողի միջև բանակցությունների վրա։ Արդյոք Աշխատանքային օրենսգիրքը անկախությունից ի վեր փոփոխվել է Վրաստանում։ Եթե այո, ի՞նչ բովանդակային փոփոխություններ են արվել։
2006-2007 թվականներին Վրաստանի քաղաքականության մեջ ձևավորվեց ռեֆորմիստական մոտեցում։ Այդ տարիներին բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան ոչ միայն աշխատանքային իրավունքների օրենսդրության մեջ, այլ տնտեսական և քաղաքական ոլորտներներում։ Աշխատանքային օրենսգիրքը լիբերալիզացվեց, արդյունքում՝ աշխատանքային պայմանները և աշխատանքի վերցնելու չափանիշներն ապակարգավորցեցին (դեռեգուլազացվեցին), աշխատանքի վերահսկողության մեխանիզմները և այլ ստուգիչ (մոնիտորինգի) ինստիտուտները վերացան։ Այս ամենն արվեց հանուն տնտեսական զարգացման և առաջընթացի, ու որպեսզի կոռուպցիայի մակարդակը նվազի, արտաքին ներդրողների համար նպաստավոր միջավայր ստեղծվի։ Ինչևէ այս բարեփոխումները երկրում ծայրահեղ իրավիճակներ ստեղծեցին՝ աղքատությունն աճեց, անհավասարության մակարդակը գագաթնակետին հասավ, միջին խավի թիվը փոքրացավ, աշխատավորները հայտնվեցին խոցելի վիճակում՝ կարճաժամկետ աշխատանքային պայմանագրերով, նպաստավոր գործարքներ կնքելու ուժից զրկված և առանց որևէ սոցիալական և տնտեսական պաշտպանության։ Պետությունն իրեն հեռացրեց գործատու֊աշխատող հարաբերություններից և ամբողջ պատասխանատվությունը թողեց այդ կողմերի վրա։ Շնորհիվ ապակարգավորված և ազատականացված աշխատանքային օրենսգրքի՝ գործատուները կարող էին աշխատողներին ընդունել և հեռացնել ինչպես ուզեին՝ չկանգնելով որևէ պարտականությունների առջև։ Սա հարուցեց բազմաթիվ աշխատանքային վեճեր և դժգոհություններ, ինչի պատճառով շատացան աշխատավորների բողոքի ցույցերը, գործադուլները։
Որո՞նք են այն ոլորտները, որտեղ աշխատողների իրավունքներն առավել անպաշտպան են։ Արդյո՞ք կա որևէ անկախ վերահսկող մարմին, որը հետևում է՝ գործատուն ապահովի աշխատանքային անվտանգությունը և այլ պայմաններ։
2011 թվականից ի վեր 1209 մարդ է մահացել աշխատանքային պատահարների հետևանքով, համաձայն պաշտոնական տվյալների։ Այս պատահարների մեծ մասը եղել են շինարարության, հանքաարդյունաբերության, արտադրության և տրանսպորտի ոլորտներում։ 2012 թվականին նորընտիր «Վրացական երազանք» կոալիցիոն Կառավարությունը սկսեց վերակարգավորել աշխատանքային քաղաքականությունը և վերականգնել արդեն վերացված աշխատանքային վերահսկողության ինստիտուտները, որոշակի փոփոխություններ մտրցրեց աշխատանքային օրենսգրքում՝ այն ավելի «բալանսավորելու» նպատակով։ Ցավոք, նրանց փորձերը բավարար չէին, այլ մակերեսային։ Այս փոփոխությունները չբերեցին աշխատանքային պայմանների փոփոխության՝ հատկապես ծանր արդյունաբերության մեջ աշխատողների համար։ Հիմա աշխատողների միայն 5%֊ն է աշխատում ծանր արդյունաբերության ոլորտում, ավելի քան 58%֊ը self-employed (ինքնազբաղ) են, ավելի քան 18%֊ը աշխատում են սպասարկման ոլորտում, որն ամենախոցելի ոլորտն է։
Ինչպե՞ս է աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքականությունը փոխվել տարբեր Կառավարությունների ժամանակ։ Ձեր հետազոտության համաձայն՝ աշխատողներն ավելի շատ գործադուլներ արել են Իվանիշվիլիի կառավարման տարիներին, ինչո՞վ է այս վիճակագրությունը պայմանավորված։
Իմ հետազոտության ընթացքում հայտնի դարձավ, որ 2010-2016 թվականների աշխատավորների շարժման մեջ երեք հիմնական փուլ է եղել։ Մեկը համընկնում է 2010-2011 թվականների հետ՝ Սաակաշվիլիի կառավարության ժամանակ։ Այդ ժամանակ շատ քիչ բողոքներ էին լինում, քանի որ վերահսկողությունը և սպառնալիքները շատ էին։ Հանրային ոլորտը փակ էր որևէ ժողովրդական քաղաքականության համար, մարդիկ վախենում էին գործադուլեր անել։ Թեև եղան երեք կարճաժամկետ աշխատավորական ցույցեր, որոնք տեղայնացված էին, իզոլացված այլ հարցերից։ Ինչ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած նոր քաղաքական ուժը մտավ քաղաքական դաշտ և մասնակցեց 2012 թվականի ընտրություններին, նախորդ կառավարության ավտորիտար ուժը թուլացավ, և կուտակված զայրույթը վերջապես բերեց աշխատավորների ընդվզման, որն իր գագաթնակետին հասավ 2012 թվականին։ 2012-2014 թվականներին մարդիկ հույս ունեին, որ իրականությունը կարող էր փոխվել և աշխատանքային պայմանները կարող էին լավանալ Իվանիշվիլիի կառավարության օրոք, բայց այդ հույսերը երբեք չարդարացան։ Ուսումնասիրելով զարգացումները աշխատավորների շարժման մեջ՝ կարելի է ասել, որ 2014 թվականին մարդիկ վերջնականապես հույսները կորցրեցին։ Մարդիկ դավաճանված էին զգում «Վրացական երազանքի» կառավարության կողմից, որի նախընտրական խոստումը եղել էր հավասարությունն ու արդարությունը վերականգնելը: Աշխատավորները կորցրեցին հույսը որևէ ակտիվիզմից և հանրային քաղաքականությունից։ 2015 թվականին որևէ գործադուլ, բողոքի ցույց չեղավ։ 2016 թվականին ամեն ինչ փոխվեց։ Ակտիվիստների, ոչ կառավարական կազմակերպությունների և այլ խմբերի աջակցությամբ՝ աշխատավորները վերգտնան դիմադրության իրենց ներուժը։ Ինչպես 2012֊ը, 2016թվականն էլ դարձավ ընդվզման տարի։ Աշխատավորները սկսեցին պահանջել ոչ միայն իրենց մասնավոր աշխատանքային պայմանների լավացում, աշխատավարձի բարձրացում, այլև դրեցին ավելի լայն պահանջներ՝ փոխելու աշխատանքային քաղաքականությունը, սոցիալական ապահովության քաղաքականությունը երկրում։
Ինչպիսին է հարաբերությունը աշխատողների և ակտիվիսնտների միջև։ Արդյոք քաղաքացիական խմբեր սոլիդարություն ցուցաբերում են գործադուլ անող աշխտողներին և եթե այո, իրենց քայլերն ինչպե՞ս են ընդունվում։ Աշխատողներն ակտիվիստներին վստահո՞ւմ են։
Այսպես, քանի որ հանրային տարածքը բացվեց ժողովրդական քաղաքականության համար, ակտիվստական խմբեր ի հայտ եկան, այդ թվում՝ ինքնակազմակերպված ուսանողներ, կանաչ շարժման ակտիվիստներ, ֆեմինիստական և քվիր խմբեր և այլն։ Սկզբից միայն ուսանողներն ու ակտիվիստներն էին հետաքրքրված աջակցելու աշխատավորական շարժումները, 2016֊ից հետո տարբեր հարցերով զբաղվող ակտիվիստները սոլիդարություն հայտնեցին աշխատավորական շարժումներին։ Դրա վառ օրինակ է 14 օր տևած գործադուլը Տխիբուլիում, որտեղ հանքում աշխատողների հետ մնում էին ակտիվիստները, նրանց ուտելիք բերում։ Ակտիվիստները միաժամանակ նաև միջոցառումներ էին կազմակերպում Թբիլիսիում, որպեսզի գործադուլավորների համար գումար հավաքեն։ Այս դեպքից հետո ակտիվիստների և աշխատավորների միջև կապը ուժեղացավ և փոխվստահության մթնոլորտ ստեղծվեց։
Հետազոտությունը Վրաստանում, ինչպես նաև Թամար Քեբուրիայի այցը Հայաստան իրականացվել է գերմանական Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածարջանային գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: