Home / Վերլուծություն / «Սփյուռքը» սովորության համաձայն քիթը խոթում է հայաստանցիների գործերին

«Սփյուռքը» սովորության համաձայն քիթը խոթում է հայաստանցիների գործերին

Աշոտ Սարգսյան
ilur.am

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը, չարախնդալով հայ-թուրքական արձանագրությունների՝ իր բնորոշմամբ՝ «խայտառակ ջախջախման» առիթով, հարկ է համարում մի քանի «դասեր տալ» «Հայաստանի ղեկավարությանը» (ոչ միայն այսօրվա, այլև՝ ընդհանրապես)։ Մեծահոգաբար վերջինիս իրավասությանը թողնելով «Հայաստանի սահմաններում ապրողներին վերաբերող ներքին խնդիրները» (երեւի՝ գազ, ջուր, հոսանք, տրանսպորտ…)՝ մնացած դեպքերում պահանջում է.

«…նախքան նախաձեռնություններ սկսելը, որոնք ազդում են համայն հայության շահերի վրա, նրանք պետք է լուրջ խորհրդակցություններ անցկացնեն, որպեսզի համոզվեն, որ Հայաստանի և Սփյուռքի հայերի մեծամասնությունը համակարծիք է նրանց որոշումներին»՝

մասնավորապես առանձնացնելով երեք խնդիր.

Հայոց ցեղասպանությունը,

Հայաստանի տարածքային պահանջները Թուրքիայից,

Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորումը։

Այսինքն թե՝ Հայաստանը այս հարցերի հետ կապված որեւէ քայլ կատարելիս պետք է ունենա Սփյուռքի «դաբրոն»։ Ընթերցողն անմիջապես պետք է հասկանա, որ այս ամենի հիմքում «ազգային միասնության» գաղափարն է եւ «բուռն հայրենասիրությունը»։

Այս առիթով՝ մի քանի արձանագրումներ եւ հռետորական հարցեր:

Այդպես էլ չիմացանք, թե ինպե՞ս, ի՞նչ մեխանիզմով, ի՞նչ մարմին է ներկայացնում ողջ հայկական Սփյուռքը։ Որպես կանոն՝ նման միտք արտահայտողները նկատի են ունենում անձամբ իրենց, առնվազն՝ նաեւ իրենց։ Այդպես էլ՝ Հարութ Սասունյանը։ Հիշեցնենք, իմիջիայլոց, նման շատ ավելի հին մի «դաս». 1918-1920թթ., Առաջին հանրապետության գործիչների խոստովանությամբ՝ աղետներ բերած արկածախնդրական քայլերը կատարվել են հենց «ազգային միասնության» հիմքով եւ Սփյուռքի «հայրենասիրական» ճնշումներին տեղի տալով։

Ասենք, որ Հայաստանի՝ որպես անկախ պետության, եւ նրանից (որպես ազգային կազմավորումներ) մի մակարդակ ցածր հայկական համայնքների փոխհարաբերությունների եւ իրավունքների մասին 1990 թվականից ի վեր գրվել է բազմիցս, մանրակրկիտ, մանրամասն, հանրամատչելի, հասկանալի։

Երեք տասնամյակ շարունակ բացատրվել է, որ, օրինակ, հիշյալ երեք հարցի այս կամ այն կերպ լուծումը անմիջական հետեւանքներ է ենթադրում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր բնակչի համար՝ սկսած նյութականից մինչեւ ապահովության, անվտանգության, ճակատագրի, կյանքի խնդիրներ։ Մինչդեռ այդ երեք հարցերի այս կամ այն կերպ արծարծումը կամ լուծումը մազաչափ անգամ չի ազդելու Կալիֆոռնիայում ապրող Հարութ Սասունյանի եւ Հայաստանից դուրս աշխարհի որեւէ կետում ապրող որեւէ հարութսասունյանի վրա։

Ուստիեւ՝ որեւէ երկրում (այդ թվում եւ Հայաստանում) ապրող այդ երկրի (այդ թվում՝ Հայաստանի) քաղաքացին է ՄԻԱՅՆ, որ իրավասու է իր ճակատագրին առնչվող ցանկացած հարցում երկրի ղեկավարությանը որեւէ պահանջ ներկայացնել։ Մարդ անհարմար է զգում հիշեցնել այս տարրական քաղաքական գիտելիքը։

Իսկ գուցե Սփյուռքը մինչեւ հիմա, հանդես գալով որպես կազմակերպական մի ամբողջություն, հավասարապես կիսե՞լ է Հայաստանի քաղաքացուն բաժին հասած դժվարությունները՝ պատերազմը, էներգետիկ ճգնաժամը, սոցիալական ծանր վիճակը, եւ, դրանով իսկ, Հայաստանի իշխանության նկատմամբ նման պահանջներ դնելու գեթ բարոյական իրավո՞ւնք է ստացել (նույնիսկ նման դեպքում որեւէ ազգի սփյուռք նման իրավունք չպիտի ունենա մայր երկրի ու նրա քաղաքացու նկատմամբ)։

Դիտարկենք դա վերջին եւ ամենաթարմ օրինակի՝ Ղարաբաղի հիմնահարցի վրա։

Հայաստանի ժողովուրդը ամբողջ չորս տարի, նախ՝ դրվագային, ապա՝ լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշվեց հանուն Լեռնային Ղարաբաղի։ Պատերազմի մասնակիցների քանակը 30 հազարից շատ ավելին է։ Զոհերի թիվը՝ շուրջ 6000։ Այդ ժամանակ Սփյուռքի հայությունը գնահատվում էր երկու անգամ ավելի, քան կար Հայաստանում։ Բեռը համամասնորեն կիսած լինելու դեպքում պատերազմի կամավոր մասնակից 30 հազարից 20 հազարը պետք է լիներ Սփյուռքից։ Վազգեն Սարգսյանը պատերազմի ողջ ընթացքում գրպանում սրբորեն պահում էր Սփյուռքից Ղարաբաղում կամավոր կռվելու եկածների 12 հոգանոց ցուցակը… Այս ֆոնին մյուս հարցերից խոսելը պարզապես անիմաստ է դառնում։

Չենք մեղադրում ոչ մեկին, եւ չենք մեղադրել։

Չի՞ հասկանում Հարութ Սասունյանը, որ, մեղմ ասած, անպարկեշտություն է Կալիֆոռնիայում կամ աշխարհի ապահով մի այլ  վայրում նստած՝ Հայաստանի, նրա քաղաքացու կյանքի, անվտանգության  ճակատագրի որոշման հարցերում իրեն իրավունքներ վերապահել։ Չի՞ հասկանում, որ նման հարցադրումներով վիրավորում է Հայաստանը՝ որպես պետություն, ու նրա քաղաքացուն։

Չենք կարծում, թե չի հասկանում. թերթի խմբագիր է, թվում է՝ գրագետ մարդ։

Ո՞րն է, ուրեմն, բացատրությունը։

Աշխարհում կան բիզնեսի տեսակներ, որոնք արգելված են, դրանցով զբաղվելը քրեորեն պատժելի է։ Պատժելի է, եթե դրանք խախտում են մարդու իրավունքները կամ վնաս հասցնում հասարակական բարոյականությանը։ Այդ շարքում չկա կեղծ քաղաքական կատեգորիաների շահարկմամբ եւ կեղծ հայրենասիրության վրա արվող բիզնեսը, որը, սակայն, ոչ թե առանձին մարդկանց կամ մարդկանց խմբերի, այլ ամբողջ մի ժողովրդի համար կարող է ճակատագրական լինել, ուստիեւ՝ իր վնասակարությամբ եւ արգահատելիությամբ գերազանցում է բոլորին։ Չի արգելված՝ Հարութ Սասունյանն էլ զբաղվում է։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ղարաբաղյան կարգավորմանը եւ որեւէ այլ հարցի, ապա, կրկնենք, դրանց առիթով «Հայաստանի ղեկավարության» առջեւ խնդիրներ կարող է դնել կամ պահանջներ ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։