Ոստիկանները սկսել են արգելապատնեշներ տեղափոխել Բաղրամյան պողոտա։ Epress.am-ի թղթակիցն այսօր 15։45 նկատել է, թե ինչպես են նախագահական նստավայրի դիմացի մայթին մի խումբ ոստիկաններ բեռնատար մեքենայի թափքից արգելապատնեշներ իջեցնում և դասավորում փոստի բաժանմունքի մոտ։
Նշենք, որ այսօր 18։30-ին «Մերժիր Սերժին», «Հանուն Հայաստան պետության» ճակատ և #Իմքայլը նախաձեռնությունները հանրահավաք են անելու Ազատության հրապարակում։ Նրանք պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Վերջինս իշխող ՀՀԿ֊ից վարչապետի թեկնածու է առաջադրվել երկու օր առաջ կայացած Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում։
Այսօր հանրահավաքի կազմակերպիչներն իրենց մի քանի տասնյակ աջակիցների հետ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել են Երևանի պետական համալսարան՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ հանդիպելու ակնկալիքով։ Սկզբում նրանց առջև փակել են դռները, սակայն նախաձեռնոթւյան անդամներին հաջողվել է ներս մտնել և ներսում իրազեկում անցկանել գալիք հանրահավաքի վերաբերյալ։ Մասնավորապես, նրանք հայտարարել են, որ ոչ ոք իրավունք չունի խանգարել ուսանողների մասնակցությանը հանրահավաքին։ Նրանք նաև նստել են միջանցքում՝ ի նշան բողոքի։ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, որ այդ սիմվոլիկ ակցիան իրականացվել է ԵՊՀ֊ի և մյուս բուհերի ռեկտորատների կողմից ուսանողների հանդեպ կիրառվող ճնշումներին ի պատասխան։
«Էնպես չանենք, որ վերադառնանք այստեղ տասն անգամ ավելի շատ քանակով», ֊ հայտարարել է Փաշինյանը։
Ակցիայի մասնակիցներին զանգահարել են ԵՊՀ֊ի ուսանողներ՝ տեղեկացնելով, որ ընդդիմադիրների այցի ընթացքում իրենց փակել էին լսարաններում։
Արամ Սիմոնյանը փոխանցել է, որ պատրաստ է ընդունել ակցիայի մասնակիցներից երեքին, մինչդեռ Փաշինյանն ասել է, որ ռեկտորի հետ պետք է հանդիպեն բոլոր ցանկացողները։ Ռեկտորն իր սենյակից այդպես էլ դուրս չի եկել, իսկ Փաշինյանը բոլոր ուսանողներին կոչ է արել ժամը 18։30-ին Ազատության հրապարակ գնալ։