Հեղափոխությունից հետո Երևանի թիվ 141 մանկապարտեզում («Հայրենիքի» ոստիկանության բաժնի հետևի մասում) կոռուպցիոն սկանդալ է հասունացել։ Կաշառակերության մասին մանկապարտեզի դայակներից մեկը՝ Քնքուշը, հայտարարություն է տեղադրել «Մանկապարտեզը և երեխաները» ֆեյսբուքյան խմբում։ Հաստատության տնօրենը նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի խորթ մայրն է։
Նա նշել է, որ տնօրենը գումար է պահանջում առանց հերթ երեխաներ ընդունելու համար, ծնողներից հավաքում է նաև տնտեսական պարագաներ, հանդեսների ժամանակ հավաքում է 4000-ական դրամ և մատյանները կեղծում՝ գրանցելով անուններ, որոնք իրականում մանկապարտեզ չեն հաճախում։ Կեղծվում է նաև շուրջօրյա (գիշերօթիկի) հաճախողների թիվը։ Մանկապարտեզի տնօրեն Լուսինե Մատինյանը (լուսանկարում) պնդում է, որ այդ գրառման հետևում կանգնած է դաստիարակ Աննան, ով սպառնացել է հեղափոխությունից հետո իրեն աթոռից քցել։
Դաստիարակ Աննան ասում է, որ գրառման հետ կապ չունի, իսկ իր դեմ Մատինյանը դուրս է եկել իր քաղաքական ակտիվության համար։ «Խնդիր ունի իմ դեմ, պայքարել եմ, մասնակցել եմ միտիգներին, ֆեյսբուքում կիսվել եմ։ Ինքը հանեց ինձ իր ֆեյսբուքից։ Հիմա լարվել է իմ դեմ՝ պատճառն այդ է»։
Այսօր մանկապարեզի բակում վեճ է սկսվել Մատինյանին կողմ և Մատինյանին դեմ ծնողների երկու խմբերի միջև։ Ոմանք շատ գոհ են հաստատությունից և դաստիարակներից, պնդում են, որ գուրամներ երբեք չեն հավաքվել, իսկ բողոքող մի քանիսը ուղղակի զրպարտում են։ Մատինյանի հեռացումը պահանջողներն իրենց դեմ բերված ակցիան համարում են կեղծիք։
«Մեկի կիսուրը մանկապարտեզի խոհարարն է, մյուսը փորձում է սիրաշահել Մատինյանին, երրորդը՝ անապահով ընտանիքից է և վախենում է, որ երեխային կհանեն, եթե չկանգնի ստեղ․․», – ասել է տնօրենի դեմ խոսողներից մեկը։
Նա նաև հայտնել է, որ Մատինյանին հաջողվում է թաքցնել կեղծիքները, քանի որ իր ընկերուհին աշխատում է Երևանի քաղաքապետարանում, իսկ ամուսինը՝ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրն է։
Այսօրվա երկու հակընդդեմ ակցիաներից տուժել են երեխաները։ Ծնողներից մեկը հայտնել է, որ առավոտյան փակել էին խմբերի դռները, բոլորին հավեքել էին դահլիճում, այդ թվում երեխաներին, ովքեր սկսել են լացել։
Epress.am-ը զրուցել է մանկապարտեզի նախկին սաներից մեկի ծնողի հետ։ Նա անանուն մեզ հայտնել է, որ իր երեխայի համար տվել է 100 հազար դրամ, ինչը փոխանցվել է այժմ Մատինյանի դեմ խոսող դաստիրակ Աննայի միջոցով։
«Իհարկե, հիմա վախենում են, որ այդ ամենը կբացահայտվի և փորձում են լքել խորտակվող նավը։ Այդ պատճառով մենք ոչ կողմ, ոչ դեմ ակցիային չենք մասնակցում», – ասել է մեր զրուցակիցը։