Երևանի բնակիչ Ռուզաննա Գրիգորյանի (լուսանկարում՝ աջից) միակողմանի ծնողազուրկ 19-ամյա որդին՝ Սարգիս Հարությունյանը, ունի գիշերամիզություն և ֆիզիկական թերզարգացվածություն։ Նրան այս տարվա հունվարին զորակոչել են Արցախի Պաշտպանության բանակի Մարտակերտի զորամասերից մեկը։ Գրիգորյանն այսօր Կառավարության դիմաց բողոքի էր գնացել՝ խնդրելով որդուն ազատել բանակից կամ գոնե փոխել ծառայության վայրը՝ Երևանին ավելի մոտ բերել։
2015 թվականին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի զինկոմիսարիատի նախազորակոչային հաշվառման թերթիկում նշված է, որ երիտասարդը ենթակա է բուժման՝ 17 Ա կետի համաձայն։
Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Արմինե Սադիկյանը նշել է, որ այդ կետը ենթադրում է, որ զինծառայողն ունի ֆիզիկական թերզարգացում, և նրան պետք է տարկետում տրվեր։
Մայրը պնդում է, որ չնայած դրան, որդին ոչ բուժման է ենթակվել, ոչ տարկետում ստացել։ Բացի դրանից, նա ունի գիշերամիզություն, որի պատճառով բանակում ծաղրի է ենթարկվում։
«Գիժշերամիզության մասին գիտեն Ասկերանում էլ, Մարտակերտում էլ, բայց աչք են փակել դրա վրա», – պնդում է կինը։
Նա նշել է, որ որդին փոքրամարմին է․ «Ով տեսնում էր՝ ասում էր՝ ոնց կտանեն նրան բանակ»։
Գրիգորյանն, իր հերթին, ունի մի շարք առողջական խնդիրներ, նրա միակ կերակրողը որդին է։ Բացի որդուց, Ռուզաննան ունի ևս երկու անչափահաս երեխա։
Կառավարության շենքի մոտ կինը եկել էր իր ընկերուհու՝ Էլմիրայի հետ։ Նա 5 երեխայի միայնակ մայր է, ապրելու տեղ չի ունեցել և որոշ ժամանակ անհատույց ապրել է Ռուզաննայի տանը։ Էլմիրան նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, անգամ հանդիպել է նրա հետ և խնդրել իրենց ապահովել ապրելու տեղով։ Երեկ Էլմիրան վարչապետի հանձնարարականով 500 քառակուսի մետր հող է ստացել Խարբերդում, շուտով գերմանական տնակ են բերելու Վանաձորից, որ ընտանիքը կարողանա ապրել։ Epress.am-ի հետ զրույցում Էլմիրան ասել է, որ շատ երջանիկ է և այսօր եկել է, որ աջակցի իր ընկերուհուն՝ Ռուզաննային։
Վերջինիս իրենց խորհուրդներով աջակցում էին նաև Կառավարության մոտ գրեթե ամեն շաբաթ բողոքի ցույց անող խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները։
Նրանցից Իրինա Ղազարյանը Ռուզաննային հորդորել է չհուսահատվել, հանդիպել նորանշանակ Պաշտապանության նախարար Դավիթ Տոնոյանին և շարունակել բարձրաձայնել իր խնդրի մասին։