Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 28-ին, ժամը 19։00 համերգով հանդես կգան Աստղիկ Վարդանյանը (ջութակ) և Արթուր Ավանեսովը (դաշնամուր): Համերգի հասույթը կհատկացվի Շիրակի երկրաբանական թանգարանին:
Ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանը փաստում է` երկու երաժիշտները բազմիցս եղել են մի շարք բարեգործական ձեռնարկների մասնակիցը: Եվ երբ ստացան բարեգործական համերգով հանդես գալու առաջարկ, սիրով արձագանքեցին: Արթուր Ավանեսովի հետ բազմիցս համագործակցել են, հանդես են եկել որպես տրիո Երևանում և մարզերում: Այս անգամ էլ կատարելու են ստեղծագործություններ, որոնք երկու երաժիշտներն էլ վաղուց ուզում էին կատարել, ասված է Կամեռային տան հաղորդագրությունում:
Տեղեկացնենք, որ բարեգործական համերգին Վարդանյանն ու Ավանեսովը կկատարեն Յո. Բրամսի Սոնատը, Յ.Ս. Բախի Ֆրանսիական սյուիտը, Մ. Ռավելի Սոնատը ջութակի և դաշնամուրի համար, ինչպես նաև Ջ. Էնեսկու թիվ 3 Սոնատը ջութակի և դաշնամուրի համար:
Աստղիկ Վարդանյանը ուսանել է նշանավոր ջութակահար Ժան Տեր-Մերկերեանի մոտ: 2001 թ.-ին դարձել է Լևոն Չիլինկիրեանի անվան համահայկական մրցույթի առաջին մրցանակակիր: 2005թ.-ից սովորել է Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջում` Լ. Չիլինկիրեանի դասարանում: Ուսման ընթացքում հանդես է եկել որպես քոլեջի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակ և կոնցերտմայստեր, հանդիսացել է ականավոր դիրիժոր Բերնարդ Հայթինգի ընտրյալ կոնցերտմայստերը: 2006-ին շահել է Մայրա Հեսսի անվան մրցույթը: Աստղիկը 2005 թ.-ին հիմնել է Վարդանյան լարային քառյակը Լոնդոնի Թագավորական քոլեջում: 2011թ.-ի մարտից Աստղիկ Վարդանյանը դարձել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր (առաջին ջութակ):
Արթուր Ավանեսովը դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Բազմիցս հանդես է եկել որպես ժամանակակից երաժշտության կատարող: Շվեյցարական «Laboratorium» միջազգային անսամբլի և հայ-վրացական «Convergence» նոր երաժշտության անսամբլի հիմնադիր անդամներից է: Համագործակցել և ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Պիեռ Բուլեզը, Ռոհան դը Սարամը, Քիմ Քաշքաշյանը, Անյա Լեխները, Թոնի Արնոլդը, Տիգրան Մանսուրյանը, Մովսես Պողոսյանը, «Seattle Chamber Players» խումբը և շատ ուրիշներ: