Գյումրիում ռուս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող 28-ամյա տաքսու վարորդի հարազատներն ու հարևանները փակել են Շիրակի դատախազության դիմացի Հաղթանակի փողոցը` պահանջելով անհապաղ ազատ արձակել տղային: Ինչպես հայտնում է Aravot.am-ը, ըստ հարազատների, նա հոկտեմբերի 29-ին, ժամը 08.30-ին տանն է եղել ու որևէ առնչություն չունի ռուս կնոջ հետ կատարված դեպքի հետ:
«Քննիչն անգործության է մատնված, նա իր հեշտին է նայում, ո՞նց կարող են անմեղ տղայի հեղինակության հետ խաղալ: Ոչ մեկիս չեն հարցաքննել: Հիշում եք, մեր հային Ռուսաստանում խալաթ հագցրեցին, իսկ քննչականում տեսնեիք ինչ հյուրասիրություն էին կազմակերպել ռուսներին, եթե իրար հետ գործ են անում, ուրեմն Գյումրիում ոչինչ չի փոխվել: Չեն կարող աշխատել, թող հրաժարական տան։ Ինչպես երևում է, հեղափոխությունը Գյումրի չի հասել: էս ինչ կինո է։ Եթե էդ կնոջը բռնաբարել են, թող գնան բռնաբարողին գտնեն: Փողոցը չենք բացի մինչև մեր տղային ազատ չարձակեն»:
Հարևանների խոսքով` տղան նոր է նշանվել, պատրաստվում էր հարսանիքին: Մայրը հայտարարեց, որ եթե հարցին անհապաղ լուծում չտան, հացադուլ կհայտարարի, իսկ հարազատները նշեցին, որ կտեղափոխվեն Երևան ու կփակեն կառավարության շենքը: