Home / Կրթություն / Նախարարությունը չի կարող ղեկավարել իրեն վերահսկող կառույցը

Նախարարությունը չի կարող ղեկավարել իրեն վերահսկող կառույցը

Կրթության որակի վերահսկման խնդիրները Հայաստանում

Կրթության ոլորտում ծառայությունների որակի վերահսկողությունը կարևոր նշանակություն ունի կրթական հաստատություններում մատուցվող կրթության արդյունավետության բարձրացման համար:

Հայաստանում այս ոլորտում վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Կրթության պետական տեսչությունը (Տեսչություն)՝ «Կրթության պետական տեսչության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության և իր կանոնադրության հիման վրա:

Տեսչության գործունեության մասին «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի զեկույցը մատնանշում է ոլորտում առկա մի շարք խնդիրներ, որոնց բացասաբար են ազդում տեսչության արդյունավետության վրա և բազմաթիվ ռիսկեր պարունակում:

Հատվածականություն

Մասնավորապես, զեկույցում, որի հեղինակը Ավետիք Մեջլումյանն է, նշվում է, որ Հայաստանում կրթության ոլորտում տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում հանրակրթության խնդիրների ու իրավիճակի վերաբերյալ ձևավորվող պատկերը բավական հատվածական է: Ստուգումներն ու ուսումնասիրությունները հարուստ տեղեկատվություն են ապահովում առանձին դպրոցներում առկա խնդիրների վերաբերյալ, սակայն բացակայում է դրա պատճառահետևանքային կապերի համակարգային վերլուծությունը: Որպես արդյունք՝ տեսչությունը քիչ ազդեցություն է ունենում Հայաստանում կրթական քաղաքականության մշակման և վերանայման վրա, մինչդեռ ըստ օրենքով իրեն վերապահված լիազորությունների՝ ակնկալվող ազդեցությունն ավելի արժեքավոր ու հիմնարար կարող էր լինել:

Չափից շատ փաստաթղթեր

Զեկույցում վեր հանված խնդիրներից է նաև հետազոտական մեթոդների՝ տեսուչների կողմից կիրառվող սահմանափակ զինանոցը: Այսպես, եթե օրենքով մեթոդների սահմանափակում չկա և տեսուչներն իրենց ստուգումները կարող են իրականացնել դասալսումների, փաստաթղթերի վերլուծությունների, հարցումների և այլնի միջոցով, նրանք, որպես կանոն, ընտրում են միայն փաստաթղթերի ուսումնասիրությունը: «Տեսչության հաշվետվություններն ու վերլուծությունները սովորաբար հիմնվում են դպրոցի ղեկավարության կողմից տրամադրված տարատեսակ փաստաթղթերի վրա: Հետազոտական մեթոդներից այս մեկին տրվող նախապատվությունն էլ հետադարձ ազդեցություն է ունենում հետազոտության առարկայի վրա: Այլ կերպ ասած, մեթոդն է «որոշում», թե ինչին պետք է ուշադրություն դարձնել: Մինչդեռ հակառակը պետք է լիներ», – գրված է զեկույցում: Այս դեպքում, որպես հետևանք, Տեսչության հաշվետվություններում մանրակրկիտ անդրադարձ է կատարվում դպրոցի գրագրությանը՝ տարբեր փաստաթղթերի պատշաճ կազմմանը, դրանց բովանդակության՝ ձևային (ֆորմալ) պահանջներին համապատասխանության խնդիրներին: Ֆորմալության նկատմամբ այս գերակա ուշադրության արդյունքում տուժում է իրականության ուսումնասիրությունը: Անպաստախան է մնում այն հարցը, թե «թղթերի իրականությունն» ինչ ազդեցություն ունի կրթության որակի և, ընդհանրապես, դպրոցի առաքելության պատշաճ իրագործման վրա:

Համաձայն զեկույցի, Տեսչության մեթոդաբանության հիմնական բացն այն է, որ տեղեկատվության աղբյուրը ոչ թե մարդիկ են, այլ՝ փաստաթղթերը: Ուսումնասիրության առարկա են ոչ թե մարդկանց մոտեցումներն ու տեսակետները, գաղափարներն ու արժեքները, այլ՝ փաստաթղթերը, որոնք, ենթադրաբար, արտացոլում են որոշակի օբյեկտիվ իրականություն, սակայն անկարող են փոխել այն:

Հաճախականությունը

Առանձին խնդիր է կազմում նաև տեսչական ստուգումների ժամանակագրությունը: Այսպես, համաձայն ՀՀ-ում ստուգումներ անցկացնելու մասին օրենքի, դրանք նույն դպրոցում կարող են անցկացվել ոչ ավելի հաճախ, քան 5 տարում մեկ անգամ, ինչը չի կարող բավարար պատկերացում ձևավորել տվյալ դպրոցում առկա յուրահատուկ իրավիճակի և դրա դինամիկայի վերաբերյալ:

Չկան հարկադրանքի միջոցներ

Զեկույցում բարձրացված մյուս խնդիրը վերաբերում է տեսչության կողմից բացահայտված խախտումները վերացնելու գործընթացը վերահսկելու միջոցների բացակայությանը: Այսպես, խախտում արձանագրելու դեպքում ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչը կամ, նրա հանձնարարությամբ, տեսչության տարածքային մարմնի ղեկավարը ուսումնասիրվող սուբյեկտին նախազգուշացնում է կրթության բնագավառի օրենսդրության պահանջի խախտման մասին՝ նշելով խախտման հետևանքները վերացնելու միջոցառումները, այդ թվում` դրանց կատարման ժամկետը: Սակայն Տեսչությունը չունի պարտադիր հանձնարարականների կատարմանը նպաստող կամ այն երաշխավորող հարկադրանքի միջոցներ: Որևէ կերպ կարգավորված չէ այն հարցը, թե խախտման հետևանքները չվերացնելն ինչպիսի պատասխանատվություն է նախատեսում հանրակրթական հաստատության ղեկավար մարմինների՝ տնօրենի և խորհրդի համար:

Շահերի բախում

Զեկույցում բարձրացվում է նաև այնպիսի ուշագրավ խնդիր, ինչպիսին Կրթության պետական տեսչության ենթակայության և շահերի բախման խնդիրն է: Այսպես, հաճախ տեսչական ստուգումների արդյունքում պարզվում է, որ աշակերտների առաջիմության վերաբերյալ դպրոցների ներկայացրած տվյալները մոտ չեն իրականությանը, և սովորողները անբավարար արդյունքներ են ցուցադրում տեսչության կազմակերպած քննությունների ժամանակ: Այս դեպքում ԿՊՏ առջև ծառանում է երկընտրանք՝ մի կողմից փաստել ստեղծված անմխիթար իրավիճակը, մյուս կողմից՝ հարվածի տակ դնել կրթական համակարգի, այն է՝ Կրթության և գիտության նախարարության հեղինակությունը, որի ենթակայությամբ աշխատում է հենց ինքը՝ Տեսչությունը: Այս նրբությունը, ընդհանուր առմամբ, հարց է առաջացնում, թե ինչքանո՞վ է նպատակահարմար կրթության նկատմամբ վերահսկողությունը ԿԳՆ ենթակայությամբ գործող մարմնի վրա դնելը: Ըստ զեկույցի, Քաղաքականության մշակող ու իրագործող և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների տարանջատումը կարող է նպաստել պետական կառավարման միևնույն բնագավառում հակակշիռների ստեղծմանը, շահերի բախման ռիսկերի կանխմանը, ներհամակարգային կոռուպցիոն ազդեցությունների չեզոքացմանը:

Անարդյունավետ դասալսումներ և կադրային խնդիր

Զեկույցում բացահայտվել են նաև խնդիրներ՝ կապված տեսչավորման գործընթացում կիրառվող մեթոդներից մեկի՝ դասալսումների հետ: Խնդիրներից մեկը վերաբերում է դասալսում իրականացնող անձի և դասավանդող ուսուցչի մոտեցումների տարբերությանը՝ դասավանդման հայեցակարգերի և մեթոդների շուրջ: Օրինակ, դասալսում իրականացնող անձը կարող է նախապատվություն տալ դասավանդման առավել ինտերակտիվ մեթոդներին, իսկ դասավանդողը՝ ավանդական մոտեցումների կողմնակից լինել, կամ՝ հակառակը: Մինչ այժմ Տեսչության տրամադրության ներքո առկա չէ դասալսում իրականացնող մասնագետների տվյալների բազա, որը թույլ կտար ավելի արդյունավետ դասալսումներ իրականացնել:

Կադրային խնդիրը վերաբերում է նաև անմիջապես տեսուչներին: Ըստ զեկույցի, ներկայում առկա չէ: ԿՊՏ տեսուչների վերապատրաստման որևէ ընթացակարգ: Տեսուչները վերապատրաստվել են Տեսչության ձևավորման փուլում՝ շուրջ տասը տարի առաջ, բրիտանացի գործընկերների կողմից, և դրանից հետո մասնագիտական դասընթացներ գրեթե չեն իրականացվել: Տեսուչները՝ որպես քաղաքացիական ծառայողներ, անցնում են օրենքով նախատեսված ատեստավորումները, որոնցում շեշտը դրված է օրենքների իմացության վրա: Սակայն բուն տեսչավորման կարողություններին և հատկապես կրթության բնագավառում տեսչավորման առանձնահատկություններին նվիրված դասընթացներ տեսուչներին չեն առաջարկվում:

Բարեվարքություն ու կոռուպցիոն ռիսկեր

Առանձին է բարեվարքության խնդիրը: Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի համաձայն, ստուգում իրականացնող անձինք, այս դեպքում՝ տեսուչները, պետք է պատասխանեն բացառապես տվյալ գործունեության համար նախատեսված ստուգաթերթում ընդգրկված հարցերին և ստուգեն դրանք կարգավորող նորմերի կատարման պահանջները»:  Ըստ զեկույցի, սակայն, օրենքի այս պահանջը երբեմն անտեսվում կամ խախտվում է տեսչավորում իրականացնող անձանց կողմից: Նրանք երբեմն քննության առարկա են դարձնում նաև այնպիսի խնդիրներ, որոնք ընդգրկված չեն ստուգաթերթում կամ գլխավոր տեսուչի կողմից հանձնարարված թեմատիկ ստուգման խնդիրների շարքում: Այս երևույթը նաև տնօրենների՝ օրենքի չիմացության խնդիր է, ինչը ստեղծում է մի իրավիճակ, երբ տեսուչները, ընդունելով խիստ կեցվածք, կարող են չարաշահել իրենց պաշտոնական լիազորությունները և ճնշում գործադրել տնօրենների վրա: Հատկապես մարզերում դա առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր: Կոռուպցիոն ռիսկեր է պարունակում նաև տեսչավորման ավարտից հետո դպրոցի տնօրենին Տեսչություն հրավիրելու պրակտիկան: Այստեղ մտահոգության տեղիք է տալիս նաև այն փաստը, որ Տեսչության գործունեության շուրջ մեկ տասնամյակի ընթացքում, երբ կազմվել են հարյուրավոր արձանագրություններ և հանձնարարականներ, դպրոցների ղեկավար մարմինները երբևէ չեն բողոքարկել դրանք:

Տեսչավորման գործընթացի օբյեկտիվության վրա ազդում են նաև դպրոցի տնօրենի անձնական հարաբերություններն ինչպես տեսուչների, այնպես էլ կրթական համակարգի պատասխանատուների հետ: Առավել լայն և ազդեցիկ կապեր ունեցող տնօրենները կարողանում են խուսանավել բացասական եզրահանգումներից, ինչպես նաև՝ լիազոր մարմնի կողմից դրանց հետևող պատասխանատվության միջոցներից: Տեսուչների անկողմնակալության վրա, իրենց հերթին, կարող են ազդել նաև բուն տեսչավորման գործընթացում դպրոցի անձնակազմի հետ ձևավորվող հարաբերությունները: Օրինակ, դեպքեր են լինում, հատկապես մարզերում, երբ հեռավոր, դժվարամատչելի դպրոցների տնօրեններն իրենց մեքենաներով տեսուչներին աջակցում են դպրոց հասցնելու հարցում, կազմակերպում են նրանց հյուրասիրությունը, աջակցում են կացարան գտնելու և այլ կենցաղային խնդիրների լուծման հարցում: Բացի վերը նշված խնդիրներից, բարեվարքության վրա ազդում է նաև տեսչավորման միատեսակ, հստակ և կանխատեսելի մոտեցման բացակայությունը:

Դուրս մնացած հարցեր

Համաձայն զեկույցի, Տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների շրջանակից դուրս են մնում բազմաթիվ ակտուալ հիմնախնդիրներ: Օրինակ՝ համընդհանուր ներառականության ապահովման խոչընդոտներն ու ներառական կրթության համակարգային բացերը, հանրակրթության անհասանելիությունը տարբեր խմբերի երեխաների համար, կրթության իրավունքի իրացման խոչընդոտներն ու կրթության սոցիալական երաշխիքները, կոռուպցիոն ռիսկերն ու բարեվարքության ապահովումը դպրոցներում, և այլն: Այս խնդիրները նախատեսված չեն ԿՊՏ մասին գործող օրենքով: Բացի այդ, Տեսչությունը չի տիրապետում տեղեկատվության անհրաժեշտ աղբյուրների և մեթոդաբանության՝ դրանք հետազոտելու համար: Օրինակ, Տեսչությունը համադրում է դպրոցում գրանցված և իրականում, փաստացի սովորող աշակերտների թվաքանակները: Սակայն հանրակրթական համակարգից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և դրա պատճառների բացահայտման ուղղությամբ ուսումնասիրություն չի իրականացնում:

Զեկույցում վեր են հանվում այլ խնդիրներ ևս, մասնավորապես՝ արդյունավետ չէ տեսչության կապը ոլորտի փորձագետների և գործող կազմակերպությունների հետ, իսկ տեսչության գործունեությունը թափանցիկ չէ kpt.am կայքի գործունեության դադարից հետո:

Վահե Ղուկասյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։