«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հեռուստառեպորտաժների և ԶԼՄ-ների հրապարակումների միջոցով տեղեկացան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ «ԱՄ գրուպ» և «Արմսվիսբանկ» ընկերությունների դիմումների հիման վրա, 2018 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված «ՀԿԵ» ՓԲԸ նկատմամբ տուգանք կիրառելու որոշման մասին: Այս մասին ասված է «Ռուսաստանյան երկաթուղիներին» պատկանող նոյեմբերի 22-ին տարածված հաղորդագրության մեջ։
Ռուսական ընկերությունը արձագանքել է նոյեմբերի 21-ին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կայացված որոշմանը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ֆինանսական պատասխանատվության ենթարկելու մասին: Մենաշնորհային դիրքի չարաշահման համար ընկերությունը տուգանվեց 30 մլն դրամի չափով:
«Ընկերության ներկայացուցիչները չեն տեղեկացվել և չեն մասնակցել հանձնաժողովի նիստին, ուստի չեն տիրապետում պաշտոնական տեղեկատվությանը և չունեն համապատասխան պաշտոնական փաստաթղթեր:
Նշված տեղեկատվության պաշտոնական հաստատման դեպքում՝ Ընկերությունը պատրաստվում է իր տնտեսական շահերը և գործարար համբավը պաշտպանել դատական կարգով՝ հանձնաժողովի որոշումը բողոքարկելով լավագույն փաստաբանների աջակցությամբ», – նշվում է հաղորդագրությունում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: