ՀՀ ոստիկանությունը 2018թ. հունվարի 14-ին արձագանքել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեաի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի այն հայտարարությանը, որ Վահե Էնֆիաջյանի (հունվարի 15-ի դրությամբ ԱԺ փոխխոսնակ) և նրա համակիրների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, քանի որ նրանցից բացատրություն վերցնել հնարավոր չի եղել:
Իրավապաշտպանական կազմակերպությունը ը հիշեցնում է, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին Մեդիա կենտրոնում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանն ու Վիկտորյա Անդրեասյանը խոսում էին քվերակության օրը Դաշինքի կողմից իրականացվելիք դիտորդական առաքելության մասին և ներկայացնում իրականացված մեդիամոնիտորինգի արդյունքները, երբ դահլիճ ներխուժեցին ԲՀԿ ներկայացուցիչները Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ և սկսեցին գոռգոռալ ու մեղադրել ասուլիսի մասնակիցներին իրենց մասին ապատեղեկատվություն տարածելու և հակաքարոզչություն անելու մեջ: Վահե Էնֆիաջյանն իրեն ուղեկցող անձանց հետ միասին իրականացրած գործողություններով ոչ միայն ընդհատել են մամուլի ասուլիսը, այլև խոչընդոտել են Մեդիա կենտրոնի որպես լրատվական միջոցի գործունեությունը:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց:
2018թ. հոկտեմբերի 16-ին Սաքունցն ստացել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա. Ոսկանյանի՝ հոկտեմբերի 2-ի որոշումը, որում վերջինս տեղեկացնում է, որ քրեական գործ չի հարուցվել հանցակազմի բացակայության հիմքով: Միաժամանակ տեղեկացնում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել բացատրություններ ստանալ ԱԺ պատգամավոր Վ. Էնֆիաջյանից ու նրա գլխավորությամբ Մեդիա կենտրոնի սրահ ներխուժած անձանցից, որոնց ինքնությունը, ըստ ոստիկանության հետաքննիչի, չի պարզվել: Եվ սա այն դեպքում, երբ ոստիկանությանը տրամադրված տեսանյութերում հստակ երևում են բոլորի դեմքերը և նրանց գործողությունները: Ոստիկանության հետաքննիչը պատշաճ ջանքեր չի գործադրել պարզելու անգամ այն հանգամանքը, թե արդյոք Վահե Էնֆիաջյանի կամ այլ անձի կողմից չի կազմակերպված եղել ակնհայտ ապօրինի գործողությունները, և արդյոք կազմակերպված բնույթ չի կրել մամուլի ասուլը խոչընդոտելու նրանց գործողությունները:
Բնականաբար, նման գնահատականի համար կարևոր կլիներ թե Վահե Էնֆիաջյանից, թե նրան ուղեկցած անձանցից վերցրած բացատրությունների և հաղորդում տված անձանց բացատրությունների համակցության հիման վրա, նշվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունում:
Եվ նման պարագայում ոստիկանության հետաքննիչը եզրակացրել է, թե նրանց գործողություններում դիտավորություն չի եղել: Որոշումն ստանալու օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքէջում այդ մասին հրապարակում է արվել:
Police.am կայքէջում տեղադրված պարզաբանմամբ Ոստիկանությունը հիշատակում է այդ մասին Ա. Սաքունցի հայտարարությունները և տեղեկացնում, որ Ա. Սաքունցի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, այն է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Եվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքէջում այդ մասին արված հրապարակման մեջ, և Ա. Սաքունցի՝ այդ մասին արված հայտարարություններում չի հերքվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Բայց փաստ է, որ հետաքննիչը եզրակացություններ է արել՝ առանց բացատրություններ վերցնելու, ավելին՝ հայտարարել է, թե հնարավոր չի եղել բացատրութուններ վերցնել Վահե Էնֆիաջյանից ու նրան ուղեկցող անձանցից, որոնց ինքնությունն անգամ պարզելու ուղղությամբ որևէ գործողության մասին տվյալներ չեն ներկայացված: Անհասկանալի է, թե ինչ խոչընդոտներ են եղել ԱԺ պատգամավորին գտնելու և նրանից բացատրություն վերցնելու. պատճառների մասին հետաքննիչը չի հայտնել, որն ինքնին առնվազն լուրջ վերաբերմունք չենք կարող համարել հաղորդմամբ ներկայացված տվյալների ուղղությամբ հետաքննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու պարտավորությունների նկատմամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարզաբանում է, որ 2018թ. սեպտեմբերի 22-ի ասուլիսը խոչընդոտած Վահե Էնֆիաջյանից ու նրան ուղեկցած անձանցից բացատրություն չվերցնելու մասին տեղեկատվությունը բացառապես վերցված է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա. Ոսկանյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2018թ. հոկտեմբերի 2-ի որոշումից և իրավապաշտպանների հրապարակումներում ու հայտարարություններում նրանք անդրադարձել են դրան: Այո, որոշման մեջ նշված է, որ քրեական գործ չի հարուցվել հանցակազմի բացակայության հիմքով, բայց և նշված է, որ հնարավոր չի եղել բացատրություններ վերցնել Վահե Էնֆիաջյանից ու նրան ուղեկցողներից:
Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ ԱՅՍՏԵՂ
Անհասկանալի է ՀՀ Ոստիկանության՝ այդ երկու հանգամանքներն իրար հակադրելու փորձը:
Քրեական գործ չհարուցելու մասին որոշումը բողոքարկվել է նախ ՀՀ գլխավոր դատախազին, ապա մերժում ստանալուց հետո՝ նաև դատարան: