Home / Հայաստան / Անազատ երկրներում սկսել են ընդդիմանալ իրենց ղեկավարներին․ Human Rights Watch

Անազատ երկրներում սկսել են ընդդիմանալ իրենց ղեկավարներին․ Human Rights Watch

Ժողովրդավարության ավանդական պահապան երկրները 2018-ին գրեթե չեն զբաղվել համաշխարհային մակարդակով մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։

ԱՄՆ նախագահն, ըստ նրա, զբաղված էր իրեն բարեկամական թվացող բռնապետերի գովաբանությամբ, Մեծ Բրիտանիան՝ Բրեքզիտով, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խոստումներն իրականություն չդարձան, նույնիսկ Գերմանիայում կանցլեր Մերքելի դիրքերը թուլացան աջակողմյան ուժերի ջանքերով։

Մինչդեռ, նշում են Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցի հեղինակները, ամբողջ աշխարհում անազատ երկրներում ապրող մարդիկ սկսել են ընդդիմանալ բռնապետ ղեկավարներին: Այս միտումը նկատվում է նույնիսկ ամենադաժան պետություններում, ասում է Ռոթը․ թե՛ սեփական քաղաքացիներին ռմբակոծող Սիրիայի ղեկավարությունը և թե՛ Յեմենում միլիոնավոր մարդկանց ծայրահեղ աղքատության հասցրած սաուդների դաշինքը խիստ հակահարված ստացան ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ սեփական երկրներում:

Հայաստանին վերաբերող հատվածում առաջին հերթին ընդգծվում է երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը: «Փաշինյանը ժառանգել է կոռուպցիայով վարակված, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ գրանցած երկիր։ Հայաստանում առկա էին իրավապահների կողմից գործադրված բռնություններ, ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքեր, բռնություններ և խտրականություն միասեռականների նկատմամբ», – նշում են իրավապաշտպանները։

Ադրբեջանում «մարդու իրավունքների հետ կապված սարսափելի իրավիճակը 2018-ին չի բարելավվել, Թուրքիայում Ռեջեփ Էրդողանն իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ իշխանությունը, իսկ Իրանում շարունակվել են իշխանության դեմ բողոքող քաղաքացիների ձերբակալություններն ու սպանությունները: Ռուսաստանում իշխանություններն ուժեղացրել են ճնշումը քաղաքական ընդդիմության նկատմաբ, իսկ Եվրամիությունը կանգնել է նոր խնդրի առաջ: «Լեհաստանն ու Հունգարիան, իմ կարծիքով, Եվրամիության ներսում ժողովրդավար սկզբունքների համար երկու հիմնական սպառնալիքն են», – Քենեթ Ռոթի խոսքով, պաշտպանելով մարդու իրավունքներն իր սահմաններից դուրս, Եվրամիությունը չի ակնկալել, որ լուրջ խնդիրներ կունենա նաև իր ներսում, ուստի, որևէ մեխանիզմ դրա համար չի նախատեսել: