Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվել է. դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին։ Ի՞նչ կարելի է սպասել դատարանի վճռից, որքանով այն կկրի քաղաքական գործոնների, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերություններում ընթացող զարգացումների հետքը։ Այս հարցերի պատասխաններն ստանալու համար 1in.am-ը դիմել է քաղաքագետ Արկադի Վարդանյանին և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին:
Քաղաքագետ կարծիքով՝ Ռուսաստանն այս հարցում չի միջամտի: Նրա խոսքով՝ ընդհանրապես Քոչարյանին չպետք է ընկալել որպես քաղաքական գործիչ կամ երկրորդ նախագահ. «Համենայնդեպս, ես անձամբ նրան այդպիսին չեմ համարել, նա շարքային քրեական հանցագործ է և բազում ծանրագույն հանցագործությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվի, իր գրած գրքում հորինվածքներ են, պաշտպաններն էլ զառանցանքներ են ներկայացնում, երբ ասում են, թե նա քաղբանտարկյալ է, քիչ է մնում մի հատ էլ հերոսի կոչում տան»։
Վարդանյանը հավելում է՝ նա երբեք ո՛չ քաղաքական գաղափարախոսություն է ունեցել, ո՛չ երկրի զարգացման ծրագիր, և նրա միակ նպատակը եղել է Հայաստանը թալանելը. «Եվ քանի որ նա հանդիսանում էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ, մշտապես եղել է Մոսկվայի հովանու ներքո։ Եթե դիտարկենք նրա բոլոր քայլերը քաղաքական տեսանկյունից, ապա դրանք եղել են ի կատարումն Ռուսաստանի հրահանգների։ Նրա տասնամյա իշխանավորման ընթացքում կորցրեցինք մեր բոլոր կառավարման լծակները, որովհետև կամովի հանձնեցինք այդ բոլորը Ռուսաստանին, դրանով նրա մեղքը ավելի է ծանրանում, քանի որ դա իրեն զուտ քրեական դաշտից տեղափոխում է քաղաքական դաշտ։ Լինելով երկրի ղեկավար՝ իրագործել է դավադիր քաղաքականություն ու փաստացի դավաճանել մեր ազգին, ոտնահարել մեր շահերը»։
Բոլոր այն փորձերը, որ իրականացնում են իր պաշտպանները, ըստ Վարդանյանի, զառանցանք է, որի միակ նպատակն է խուսափել պատասխանատվությունից. «Իսկ որոշ դեպքում այլ անձանց վրա բարդել մեղքի բաժինը, օրինակ, Սեյրան Օհանյանի դեպքում։ Իմ կարծիքով՝ Օհանյանը Քոչարյանի զառանցանքներին զոհ է գնալու, չեմ կարծում նաև, որ Քոչարյանը կկարողանա զերծ մնալ պատասխանատվությունից և կալանքից»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով հրապարակվելիք դատավճռին ու Ռուսաստանի հետաքրքրություններին, նշեց. «Մարտի մեկի պետական ահաբեկչության փաստով զուտ քրեական գործը, թե ում համար ինչ անհարմարություններ է ստեղծում՝ թե՛ Քոչարյանի, թե՛ նրա աջակիցների և՛ թե Ռուսաստանի՝ անձնապես ինձ համար որևէ նշանակություն չունի․ ինձ հետաքրքրում է բուն այս քրեական գործի ընթացքը՝ այն, որ տեղի ունենա օբյեկտիվ, բազմակողմանի քննություն, իրականացվի արդարադատություն։ Կա անհերքելի փաստ՝ 2008 թվականի մարտի մեկին, դրան նախորդած ու հաջորդած օրերին ապօրինի կերպով հայտարարվել է արտակարգ դրություն, այդ ժամանակ մարդիկ հետապնդվել են իրենց քաղաքական հայացքների համար. այդ բոլոր հանցագործությունների համար Քոչարյանը և իր բանդան պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Հիմա, թե այլ բանդիտները ինչ հոգեխանգարմունքի մեջ կընկնեն՝ ինձ չի հետաքրքրում»։
Ըստ Սաքունցի՝ սա պատասխանատու գործ է, և ապացույցներն առավել քան բավարար են. «Դրանք պետք է փաստագրել և որպես գործ ավարտին հասցնել նախաքննությունն ու դատաքննությունները. այստեղ մանիպուլյացիաների տեղ չկա։ Տաս տարի է անցել, բայց այդ ամենը բոլորիս աչքի առաջ է եղել։ Այն հանգամանքը, որ արտակարգ դրությունը Երևանում էր, բայց ողջ Հայաստանում՝ Վանաձորում ու Գյումրիում այդ ռեժիմը գործում էր, և ես դա շատ լավ գիտեմ։ Շատ գրագետ աշխատանք պետք է կատարվի, փաստերը առավել քան շատ են։ Պարզապես այստեղ պետք է մի բան արձանագրել՝ ՀՔԾ-ն և թե՛ իրավապահ մարմինները պետք է նախաձեռնողական լինեն, որպեսզի հանրությունը վկայություններ տա։ Շատ ջանք պետք է գործադրել այն նպատակով, որ մարդիկ հասկանան, որ քրեական գործով վկայություններ տալով էապես կնպաստեն տարիներ շարունակ անպատժելի մնացած մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում»։
Երաշխիքը, ըստ Սաքունցի, պետք է լինի ոչ թե իշխանության բարի կամքը, այլ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որով պետք է իրավական գնահատական տրվի հանցագործությանն ու նրա կատարողներին. «Մենք այս գործընթացին պետք է մեր չափով աջակցենք։ Ես անձամբ հորդորում եմ, որ մարդիկ գնան ցուցմունքներ տան»։
Բացի դրանից՝ իրավապաշտպանի կարծիքով՝ մեղադրանքը պետք է լրացվի. «Կոռուպցիոն համակարգ է գործել, արդարադատության, մարդկանց սեփականության իրավունքի դեմ խախտման բազմաթիվ դեպքեր, ուստի մեղադրանքը պետք է ընդլայնվի»։