Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ քաջալերելու են պետական և մասնավոր ընկերությունների արժեթղթերի վաճառքը։ Սա, ըստ Փաշինյանի, տնտեսական հեղափոխության հասնելու Կառավարության կարևորագույն քայլերից մեկն է․ Կառավարության խնդիրն է քաջալերել տնտեսական ակտիվությունը։
«Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել Հայաստանում կապիտալի շուկան զարգացնելու առումով՝ այն իմաստով, որ մասնավոր և պետական արժեթղթեր դրվեն շրջանառության մեջ և բորսայական գործարքների միջոցով հնարավոր լինի մասնավոր հատվածի և ֆիզիկական և իրավաբանական հատվածի կողմից ներդրումներ իրականացնելը։ Այս համակարգը հայտնի է որպես IPO (Initial Public Offering)։ Ուզում եմ պարզաբանել ինչի մասին է խոսքը․ պետական որևէ ընկերություն իր բաժնետոմսերի 10 տոկոսը կամ 20 տոկոսը ցուցակման միջոցով բորսայում վաճառքի է հանում, և մարդիկ հնարավորություն են ունենում այդ բաժնետոմսերից գնել և հետևաբար օգտվել նաև այդ շահույթից»։
Փաշինյանը հավելել է, որ մինչ այս մարդիկ միայն բանկերում էին կարող իրենց խնայողությունը ներդնել։ Այս, ըստ Փաշինյանի, հեղափոխական ծրագիրը իրականացնելու համար պետք է ընկերություններն անցնեն երկար ճանապարհ՝ բարձրացնեն թափանցիկությունը, կառավարման որակը։ «Ցավոք սրտի, Հայաստանում, հատկապես պետական հատվածում այդպիսի ընկերությունների թիվը մեծ չէ։ Մենք խնդիր ենք դրել, որ առաջին 5 տարիներում պետական որոշակի շահութաբեր ընկերությունների արժեթղթերը հանել բորսա, որպեսզի անհատները հնարավորություն ունենան դրանցում ներդրումներ անել»․ – ասել է վարչապետը։