Միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ հարաբերվելիս Հայաստանը պետք է լարախաղացի գործ անի․ և՛ պաշտպանի իր քաղաքացիներին, և՛ վստահելի հարաբերություններ ստեղծի այդ միջազգային ինստիտուտների հետ։ Այս մասին ասել է տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն Հայկական տնտեսագիտական ասոցիացիայի կազմակերպած գիտաժողովի ժամանակ պատասխանելով Epress.am-ի հարցին, որը վերաբերում էր նոր Կառավարության մարտահրավերներից մեկին՝ ինչպես վարվել պարտադիր կենսաթոշակային համակարգի, միջազգային այլ ներդրողների, օրինակ՝ հանքարդյունաբերողների հետ։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դարոն Աճեմօղլուին առաջարկել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում խորհրդատվություն տալով։
«Միջազգային ֆինանսավորումը և՛ հնարավորություն է և՛ սահմանափակում։ Մենք պետք է նկատենք Հունսատանի պարտքի ճգնաժամի մեխանիզացիաները, այն, ինչ կատարվում է Արգենտինայում հիմա։ Այս ամենի խնդիրն այն է, որ միջազգայնորեն ինտեգրված ժամանակակից որևէ տնտեսությունը չի կարող աշխատել, եթե ֆինանսական շուկաները սկսում են վախենալ պարտքը հետ չստանալուց։ Հայաստանը այդքան էլ ինտեգրված չէ, ինչքան Հունսատանը կամ Արգենտինան։ Սակայն միջազգային հանրության հետ աշխատանքը կարևոր է։
Չիմանալով Հայաստանի իրավիճակի մանրամասները՝ ես չեմ կարող ավելին ասել։ Բայց Հայաստանը պետք է ճիշտ տոն դնի ներդրողների առաջ՝ ոչ միայն սփյուռքի, այլև այլ միջազգային ներդրողների, որպեսզի ճիշտ ներդրողները գան և որպեսզի մարդիկ Հայաստանը դիտեն և՛ որպես ապահով երկիր ներդնելու համար, և՛ սուվերեն երկիր, որը որոշումներ է կայացնում իր ժողովրդի շահերի համար։ Հուսով ենք, բանը դրան չի հասնի, բայց մի ժամանակաշրջանում, երբ կա Հունաստանի միջազգային պարտքի ճգնաժամը, որտեղ կան դեֆոլտի խնդիրներ, շատ կարևոր է, որ քաղաքական համակարգը ունակ լինի լարախաղաց լինել՝ պաշտպանելով իր քաղաքացիներին և վստահելի հարաբերություններ ստեղծել ինստիտուտների հետ», – ասել է Աճեմօղլուն։
Գիտաժողովին ելույթ է ունեցել նաև Նյու Յորքի համալսարանի դասախոս Ռանդալ Ֆիլերը։ Նա կարևորել է տնտեսական ծրագրեր ընդունելիս անկախ մասնագիտական խմբեր՝ think tank-եր (վերլուծական կենտրոններ) ստեղծելը։ Նա նկատել է, որ անկախ տնտեսական անալիզը պետք է հստակ տարբերել մասնագետի անձնական գաղափարախոսությունից։ «Ես կարող եմ ձեզ ասել՝ ինչ կբերի կենսաթոշակային բարեփոխումը, եթե ես լավ տնտեսագետ եմ։ Ես կարող եմ ասել՝ ինչ կլինի եկամտի բաշխման հետ, ինչ դա կբերի գործազրկությանը, բայց ես չեմ կարող ասել՝ ինչ քաղաքականություն պետք է որդեգրել, քանի որ միշտ լինում են տուժող կողմերը։ Եթե ասեմ՝ ինչ անել․ Դա կլինի իմ արժեքներով պայմանավորված խորհուրդ։ Իսկ մենք՝ տնտեսագետներս, պետք է մասնագիտական վերլուծություն անենք», – ասել է նա։
Անկախ վերլուծական կենտրոններ ունենալու համար պետք է երկարաժամկետ ֆինանսավորում ունենալ, որպեսզի տարեց տարի չսպասել՝ արդյոք ֆինանսավումը կշարունակվի և հետևաբար այնպիսի եզրակացություններ տալ, որի հետ ֆինանսավորողը համաձայն է։ Ֆիլերը օրինակ է բերել․ եթե Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Հայաստանը գործարք է կնքում, պետք է, օրինակ, 20 տարվա ֆինանսավորում պահանջել անկախ վերլուծությունների համար։