78 կողմ և 42 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր մերժել օրենքի նախագիծը և նախաձեռնել քննարկումներ, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր ցեմենտի հետ միասին պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի վրա:
Օրեր առաջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել էր ցեմենտի հումքի՝ կլինկերի համար պետական տուրք չսահմանել, իսկ ցեմենտի ներկրման համար կառավարության առաջարկած 22 հազար դրամ պետական տուրքի գործողության ժամանակաշրջան սահմանել 1 տարի։ Նախագիծը հաստատվել էր հանձնաժողովում և այսօր քննարկվում էր ԱԺ նիստում։ Նշենք, որ կլինկերը ցեմենտի պատրաստման համար օգտագործվող թրծված խառնուրդ է, որը որոշ հավելումներով լիարժեք ցեմենտ է դառնում։
«Կարևոր նախապայման է, որ Հայաստան ներմուծվի նաև իրանական ցեմենտ»
Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօրվա նիստին հանգամանալիորեն անդրադարձել է հարցի նախապատմությանը։
«Այս պահին Հայաստանում գործում է ցեմենտ արտադրող 3 մեծ գործարան՝ «Արարատի ցեմենտի գործարանը», «Հրազդանի ցեմենտի գործարանը» և Երևանում ցեմենտ արտադրող մեկ գործարան ունենք, որն աշխատում է ներմուծվող հումքով։ Դրանք առաջարկում են հետևյալ գները 1 տոննա ցեմենտի դիմաց. «Արարատի ցեմենտի գործարանը»՝ 40 հազար դրամ բացթողման գին, Երևանում գործարանը՝ 41 հազար, «Հրազդանի ցեմենտի գործարանը»՝ 48 հազար դրամ։ Թավշյա հեղափոխությունից հետո շուկա ներմուծվեց նաև իրանական ցեմենետ, որը շատ ավելի էժան էր, և Հայաստանի սահմանի վրա այն արժեր 8-10 հազար դրամ։ Այսինքն՝ հայկական ամենամատչելի ցեմենտից 4 անգամ մատչելի էր, անգամ հարկվելուց հետո նրա արժեքը չէր գերազանցում 13 հազար դրամը։
Եվ եթե ՊԵԿ–ը և Կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեին, շատ արագ Հայստանում 3 ցեմենտ արտադրող գործարանները կփակվեին։ Եվ ՊԵԿ–ը ներմուծվող ցեմենտի վրա սահմանում է հսկիչ գին՝ 100 հազար դրամի չափով, որի հարկերն իրենցից ենթադրում էին 32 հազար դրամ։ Եվ դրանք գումարվելով իրանական 10 հազար դրամանոց ցեմենտին՝ գալիս հավասարվում էր հայկական տեղական ցեմենտին, ինչը կանխեց ցեմենտի մեծ քանակով ներմուծումը։ Իրանական ցեմենտի հայկական շուկա մուտք գործելուց հետո ցեմենտի գները նվազեցին 10 հազար դրամով։ Այդ նվազեցումը ոչ թե ցեմենտ արտադրողների բարի կամքի դրսևորումն էր, այլ կառավարության և կառավարության ղեկավարի վարած քաղաքականություն արդյունք։ Դրա հետևանքով առաջացավ բնական մրցակցություն տեղական արտադրողների և իրանական ցեմենտի միջև, որի հետևանքով լավացավ ցեմենտի որակը, և գինը նվազեց։
Այժմ կառավարությունն առաջարկում է իրանական ցեմենտի ներմուծման ժամանակ 22 հազար պետտուրք կիրառել։ Դա բնական վրդովմունք է առաջացրել ցեմենտ ներկրողների մոտ, բնականբանար նրանք դա չեն ուզում։ Իսկ հայաստանյան արտադրողներն էլ ուզում են, որ այդ պետտուրքն ավելի բարձր լինի, որ իրենք կարողնան ավելի լավ մրցակցել։
…Բայց այս 22 հազարն այնպիսի թիվ է, որ կբերի և կհակակշռի հայկական և իրանական ցեմենտները, ինչի հետևանքով բնական մրցակցության պայմաններով հնարավոր է, որ ցեմենտի գինը էլ ավելի նվազի, իսկ որակն ավելի կլավացնեն։ Այսինքն՝ սա Հայաստանի քաղաքացիների շահերից է բխում։ Եվ սրա համար կարևոր նախապայման է, որ Հայաստան ներմուծվի նաև իրանական ցեմենտ»։
Սարգսյանն անդրադարձել է նաև վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին. նա նշել է, որ «Մուլտի գրուպ կոնցեռնին» պատկանող «Արարատի ցեմենտի գործարանի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը լուրեր է տարածել, որ տնտեսական հանձնաժողովի մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև Սարգսյանը, հանդիպումներ են ունեցել տարբեր ցեմենտ արտադրողների հետ, որը միտված է եղել «Արարատ ցեմենտի գործարանի» դեմ։
«Այո՛, մենք հանդիպել ենք նրանց հետ և տարօրինակ կլիներ, որ չհանդիպեինք։ Թե չէ որոշ լրատվամիջոցները կասեին՝ ինչո՞ւ չեն հանդիպել մյուսների հետ, գուցե Ծառուկյանը նրանց նիվա է նվիրել»։
Սարգսյանը նշել է, որ առաջիկայում պատրաստվում են ստեղծել աշխատանքիային խումբ, որտեղ կարող են ներգրավվել բոլոր ցեմենտ արտադրողները և այլ մասնագետներ։
Ով ինչպես 17 տարի առաջ 200 հազար դոլարով ձեռք բերեց «Արարատ ցեմենտ գործարանը»
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկինում տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանն իր ելույթում նշել է, որ տեղական արտադրողին պաշտպանելու համար նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչքան է ցեմենտի ինքնարժեքը։ Դրա համար նա առաջարկել է, որ տեղական գործարանները համաձայնեն աուդիտ անցկացնել, հաշվարկել ինքնարժեքը և հասկանալ ինչքան պետք է լինի տուրքը։
«Արդեն մի քանի օր լսում ենք, որ մեր հանձնաժողովի որոշ անդամներին հայտարարել են ժողովրդի թշնամիներ: Մենք ժողովրդի թշնամիներն ենք, դուք էլ ուզում եք պաշտպանել թշնամուն: Ժանրի կանոններով պետք է հիշեցնեի՝ ով, ինչպես 17 տարի առաջ 200 հազար դոլարով ձեռք բերեց Արարատ ցեմենտ գործարանը, այն դեպքում երբ կային 35 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին»:
Գևորգյանի՝ այդ խոսքերից հետո դահլիճից անհամաձայնության ելույթներ են հնչել։
«Ժանրի կանոններով պետք է ներկայացնեի Արարատ ցեմենտի վճարած հարկերն անցած տարիներին: 2017 թվականին վճարել է 800 միլիոն դրամ հարկ, իսկ 2018 թվականին հանկարծ վճարեց 2.1-2.2 միլիարդ դրամ: Հիմա, ըստ ժանրի կանոնների, պետք է հարցնեի, թե 60%-անոց ստվեր էր դա, թե ոչ:
Ժանրի կանոնների համաձայն՝ պետք է հարցնեի՝ ինչպես ստացվեց, որ Արարատ ցեմենտի արտադրանքը Վրաստան է արտահանվում 23-26 հազար դրամով, Հայաստանի շուկայում վաճառվում է 50-60 հազար դրամով: Վրաստանում հնարավոր չէ չհիմնավորված գին սահմանել, որովհետև մրցակցություն կա: Այնտեղ վաճառվում է երկու անգամ էժան ու ժանրի կանոններով պետք է հարցնեի, թե իրականում ով է ժողովրդի թշնամին», – ասել է պատգամավորը:
Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներին զուգահեռ «Արարատի ցեմենտի գործարանի» ղեկավարությունն աշխատակիցներին ծանուցել է, որ երկու ամսից ազատվելու են աշխատանքից: Աշխատակիցներն օրեր շարունակ բողոքի ցույցեր էին անում՝ անհագստություն հայտնելով, որ գործարանը կփակվի, և իրենք անգործ կմնան։ Գործարանի ղեկավարությունը նշել է, որ գործարանի հնարավոր փակման պատճառը շատ ավելի ցածր ինքնարժեք ունեցող իրանական ցեմենտի հետ մրցակցության ոչ հավասար պայմաններն են։ Նրանց խոսքով՝ «Եթե ԱԺ-ն հաստատի այս նախագիծը, այսինքն՝ կլինկերի վրա չլինի տուրք, ավելի լավ է, իրենք էլ կլինկեր բերեն, կլինկեր աղան ու շուկան այդպես ապահովեն։ Իսկ ցեմենտի գործարանը փակեն և գործատեղեր կրճատեն»։