Home / Հայաստան / Հայկական ինքնաթիռները կմեղմեն Պուտինի պատժամիջոցները

Հայկական ինքնաթիռները կմեղմեն Պուտինի պատժամիջոցները

Հայկական «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները կավելացնեն դեպի Վրաստան ուղևորափոխադրումներ կատարող իրենց օդանավերի թիվը, «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո նա դիմել է հայկական բոլոր ավիաընկերություններին ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով:

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով: Արդյունքների մասին զեկուցվել է վարչապետին»,- գրել է Ճաղարյանը:

ՌԴ նախագահն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Վրաստան: Արգելքը ուժի մեջ է մտնելու հուլիսի 8-ից: Զբոսաշրջային ընկերություններին նաև առաջարկվում է դադարեցնել դեպի Վրաստան ուղեգրերի վաճառքը:

Վրաստանի խորհրդարանում հունիսի 19-ին մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, ավարտվել է բողոքի ցույցով ու ոստիկանության կողմից՝ ցուցարարների հանդեպ ուժ կիրառելով։ Նիստն ընդհատվել է այն բանից հետո, երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով։ Ոստիկանության կողմից ուժի կիրառման հետևանքով մի քանի հարյուր ցուցարար վնասվածքներ է ստացել։