Թբիլիսիում ակցիայի մասնակցիները կհավաքվեն ամեն օր, մինչև իրենց պահանջները չկատարվեն
Պահանջներն են՝ բողոքի ակցիան ցրելիս բոլոր ձերբակալվածների ազատ արձակում, ներքին գործերի նախարար Գախարիայի հրաժարական, հաջորդ խորհրդարանական ընտրությունների անցկացում համամասնական կարգով: Վերջին պահանջի մասով իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո այսօր հանդես եկավ հայտարարությամբ: Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով:
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում էին նաև խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը։ Հունիսի 21-ին նրանց պահանջը կատարվեց, Կոբախիձեն վայր դրեց մանդատը։
Հատուկ նշանակության ուժերի կողմից հունիսի 20-21-ի գիշերը մարդկանց բռնությամբ ցրելուց հետո Ռուսթավելի պողոտա էին եկել տասնյակ հազարավոր մարդիկ:
Շատ ցուցարարներ եկել էին մեկ աչքը վիրակապով փակած՝ որպես զորակցության նշան այն մարդկանց, ովքեր կորցրել են տեսողությունը ակցիան ցրելիս օգտագործված ռետինե փամփուշտներից: Հունիսի 21 բախումների արդյունում ավելի քան 240 հոգի վնասվածքներ է ստացել, երեք հոգի տեղափոխվել է վերակենդանացման բաժին։
Այս անգամ ակցիան ընթացել է խաղաղ և առանց էքսցեսների: Ելույթ ունեցող որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների բազմությունը սուլել է: Եվ խոսել շարունակել են քաղաքական ակտիվիստները և երիտասարդության ներկայացուցիչները:
Ուշ գիշերը մարդիկ ցրվել են. մասնակիցները պայմանանվորվել են կրկին հավաքվել մյուս օրը՝ ժամը 19:00-ին:
Իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ցուցարարների պահանջներին:Ակցիայի մասնակցիները կհավաքվեն ամեն օր, մինչև որ իրենց պահանջները կատարվեն։
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի