Home / Հայաստան / Հեղափոխությունը շատ տեղեր ունի հասնելու, որոնցից մեկը վիզայի ազատականացումն է

Հեղափոխությունը շատ տեղեր ունի հասնելու, որոնցից մեկը վիզայի ազատականացումն է

Սոցիոլոգ, «Սոցիոսկոպ» հետազոտական կազմակերպության անդամ Արփի Մանուսյանը պատմում է Բեռլինի գիտաժողովին իր ձախողված մասնակցության և այն խոչընդոտների մասին, որոնց բախվում են Հայաստանի քաղաքացիները եվրոպական երկրներ մուտքի արտոնագիր ստանալու համար։

«Նախապատմություն

Հուլիսի 1-4-ը հրավիրված էի մասնակցելու Բեռլինի Freie համալսարանում կայանալիք Literature and Politics գիտաժողովին։ Այս գիտաժողովը չափազանց կարևոր էր իմ հետազոտական հետաքրքրությունների, ինչպես նաև անկախ հետազոտողների խումբ ներկայացնող իմ կազմակերպության համար։ Մինչ այս այցը ամուսինս գործուղման հրավեր ստացավ Պորտուգալիա և մենք որոշեցինք միասին մեկնել։ Մայիսի 19 – հունիս 2 երկշաբաթանոց այցի և իմ հաջորդող բեռլինյան այցի համար դիմեցինք Ֆրանսիայի դեսպանատուն։

Հերթագրված էինք մայիսի 2-ին։ Փաստաթղթերի փաթեթում ներառել էի Բեռլինի Freie համալսարանից և Friedrich Shlegel հիմնադրամից և իմ կազմակերպությունից մասնակցությունս հաստատող փաստաթուղթը՝ ունենալով այն համոզումը, որ Ֆրանսիայի դեսպանատունը, հաշվի առնելով Պորտուգալիա այցից հետո իմ Գերմանիա այցը, կտրամադրի բազմակի մուտքով արտոնագիր: Բացի այդ, ամուսինս իր աշխատավայրից (որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային կազմակերպություն է) ուներ հրավեր-նամակ, որ հորդորում էր դեսպանատանը տրամադրել նրան բազմակի այցի հնարավորությամբ մուտքի արտոնագիր, քանի որ ցանկացած պահի կարող էր գործուղման կարիք առաջանալ: Ավելին, երկուսս էլ շենգենյան երկրների մի շարք մուտքի արտոնագրեր ունեինք, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպանատնից:

Չնայած մեր նախնական համոզմանը, որ կստանանք բազմակի մուտքով արտոնագիր՝ Ֆրանսիայի դեսպանատունը մեզ տրամադրեց ընդամենը մեկ մուտքով արտոնագիր, ինչն անտրամաբանական և իմ հետագա գործողությունները սահմանափակող առաջին որոշումն էր, որի արդյունքում ես հարկադրված էի առանձին պայմանավորվածություն ձեռք բերել Գերմանիայի դեսպանատանը՝ գիտաժողովին մասնակցելու համար: Ավելին, նույնիսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ լինելը, որը ենթադրում է արդեն իսկ հեշտացված կարգով բազմակի մուտքով վիզայի ստացում, չազդեց Ֆրանսիայի դեսպատան որոշման վրա։

Եվ ահա այստեղ էլ սկսեց ոդիսականը:

Գերմանիայի դեսպանատան առցանց հերթագրման համակարգը

Գերմանիայի դեսպանատանը վիզայի պայմանավորվածության ձեռքբերման փորձերը ես սկսեցի արդեն Պորտուգալիայից: Ինչպես հաղորդում է դեսպանատան կայքը, առցանց հերթագրման համակարգը բացվում է յուրաքանչյուր երկուշաբթի առավոտյան 10:00-ին: Ավտոմատացված և դյուրին թվացող այս համակարգը, սակայն, ցույց էր տալիս իբր հունիս ամսին որևէ ազատ օր չկա: Եվ այսպես, յուրաքանչյուր երկուշաբթի առավոտյան 10:00-ին իմ և առցանց համակարգի միջև պայքար էր, որին հընթացս միացել էր նաև քույրս, սակայն նրա փորձերը ևս անհաջող էին: Արդեն Հայաստանում ես դիմեցի տուրիստական գործակալությունների, որոնք տեղյակ էին համակարգի խնդրի մասին և հաստատեցին, որ գրեթե անհնար է պայմանավորվածության օր ձեռք բերելը Գերմանիայի դեսպանատանը: Ես շարունակում էի հերթագրվելու փորձերը, և երկու անգամ տվյալներն ամբողջությամբ լրացնելուց և օրն ընտրելուց հետո՝ համակարգն ինձնից ներողություն խնդրեց՝ իրազեկելով, որ իմ ընտրած և մյուս բոլոր ազատ օրերն արդեն զբաղված են:

Ես խնդրի մասին տեղեկացրի հրավիրող կողմին: Արձագանքելով խնդրին՝ հրավիրող կողմից ծրագրի համակարգողը և համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսորը նամակներ են ուղարկել դեսպանատուն՝ պնդելով գիտաժողովին իմ մասնակցության կարևորությունը և ելույթ ունենալու անհրաժեշտությունը, սակայն դեսպանատան վիզաների բաժինը տվել է նույն ստանդարտ պատասխանը՝ հորդորելով կրկին փորձել երկուշաբթի առավոտյան: Նույն գրությունը ստացել եմ նաև ես՝ ի պատասխան իմ նամակին:

Իմ բոլոր փորձերը ձախողվել են: Արդյունքում ես չեմ կարողացել մասնակցել իմ և իմ կազմակերպության համար այդքան կարևոր ակադեմիական միջոցառմանը այն պարագայում, երբ նախապես վճարել էի մասնակցության գումարը և Գյուլբենկյան հիմնադրամից ստացել գիտաժողովին մասնակցելու փոքր դրամաշնորհ:

Տարբեր օտարերկրյա դեսպանատների կողմից Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագիր տրամադրելու բարդություններն ու խոչընդոտները խոր մտահոգության առարկա են: Նման վերաբերմունքը մարդու իրավունքների և արժանապատվության ոտնահարում է: Անհրաժեշտ է, որ Հայաստանում օտարերկրյա դեսպանությունները գործնականում դրսևորեն այն բարիդրացիական վերաբերմունքը, որի մասին հատկապես խոսում են նախորդ տարվա թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, իսկ հայաստանյան իշխանությունները, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարությունը, բացի նմանօրինակ խնդիրներին ֆորմալ արձագանքելուց, պարտավոր է դեսպանատների հետ բանակցել իրական լուծումների շուրջ՝ մինչև վիզաների ազատականացմանը հասնելը:

Միաժամանակ, պտտվում է մի տեղեկատվություն, համաձայն որի, տուրիստական որոշ գործակալություններ իրենց մեղքի բաժինն ունեն այս իրավիճակի մեջ: Նրանք մեծաքանակ օրեր են ամրագրում, որոնք հետագայում վաճառում են անհատներին: Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությունը, ապա այն անընդունելի պրակտիկա է, և նախարարությունը պետք է կարողանա կարգավորել հերթագրման արհեստականորեն ուռճացվող խնդիրը: Որոշ երկրների մուտքի վիզա ստանալու համար գործում են վիզա-կենտրոններ, որոնք բիզնես կառույցներ են և միջնորդի ծառայություն են մատուցում։ Այս կենտրոններում ևս հերթագրումը դժվար հասանելի է, կրկին կեղծ զբաղվածության պատրվակով, սակայն նրանք առնվազն անկեղծորեն վաճառում են հատուկ պայմաններով հերթագրման հնարավորությունը,» ― Ֆեյսբուքի իր էջում գրել է Մանուսյանը՝ արձագանքելով «Հետք» առցանց թերթի նախաձեռնած հետաքննությանը վիզային խոչընդոտների շուրջ։ «Հեղափոխությունը շատ տեղեր ունի հասնելու, որոնցից մեկը վիզայի ազատականացումն է,»- նշված է գրառման մեկնաբանության մեջ։