Օգոստոսի 15-ից Ղարաբաղում մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական քարոզչության ժամանակ արդեն իսկ խախտումներ են գրանցվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց տեղի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը։
Պատգամավորն ասում է, թե իրենք անընդհատ ահազանգեր են ստանում Արցախի տարբեր շրջաններից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ․ – «Արցախում գոյություն ունի, այսպես ասած, շինանյութի տրամադրման ծրագիր, որը հստակեցված չէ՝ ում է տրամադրվում, չափորոշիչներ չկան, և դա շրջանային վարչակազմերի իրավասության ներքո է: Եվ շրջանի ղեկավարները, եթե աջակցում են որևէ թեկնածուի, սովորաբար օգտագործում են այս գործիքակազմը՝ որպես ընտրակաշառք: Այդպիսի բազմաթիվ ահազանգեր կան հատկապես Մարտակերտի շրջանից, Հադրութի շրջանից»:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Ղարաբաղում կայանալու են սեպտեմբերի 8-ին։ Ընտրություններին շուրջ 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածուներ:
Մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքապետի ընտրությանն առաջադրվել է 5 թեկնածու։ Նրանցից Արեգ Ավագյանը, Դավիթ Սարգսյանը, Արմեն Հակոբյանը և Գրիգորի Սահակյանն անկուսակցական են, իսկ Արայիկ Ավանեսյանը նորաստեղծ «Ինքնություն և միասնություն» կուսակցությունից է։ Գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի առաջադրվել։
Հայկ Խանումյանի կարծիքով՝ Ստեփանակերտում բավականին մրցակցային ընտրություններ են սպասվում, իսկ թե որ թեկնածուին են գործող իշխանություններն աջակցում՝ Խանումյանն ասում է՝ դեռ պաշտոնապես ոչ-ոք չի արտահայտվել․ – «Իշխանությունը նախընտրած, հստակ թեկնածու չունի: Իշխանության մաս կազմող տարբեր ուժեր և անհատներ տարբեր թեկնածուների են աջակցում, նույնիսկ իշխանական կուսակցություններ կան, որոնք երկպառակտված են տարբեր թեկնածուների միջև, այնպես որ այդպիսի հստակ աջակցություն իշխանության ուժերի կողմից չկան, միայն Դաշնակցությունն է հայտարարել, որ հստակ թեկնածու է աջակցում և վերջ»։
Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստանի կառավարությունը երեկվա նիստում 33 միլիոն 680 հազար դրամ է հատկացրել երկու կազմակերպություններին, սակայն դիտորդական առաքելությամբ երկու ՀԿ-ներն ու նրանց գործընկեր կազմակերպությունները չեն հասցնի մասնակցել Արցախի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությանը։ Այս պահին դեռ դիտորդների հավաքագրմամբ են զբաղվում։
«Ցավոք սրտի, զուտ կազմակերպչական, ժամկետային տեսանկյունից մենք չենք հասցնում այս անգամ դիտարկել նախընտրական գործընթացները: Սովորաբար մենք ընտրություններում և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ դիտորդություն ենք իրականացնում, բայց այս անգամ էլի զուտ ժամկետային տեսանկյունից չենք հասցնում: Այստեղ նաև կարողությունների խնդիր կա, այսինքն՝ սա մեր առաջին այցն է Արցախ դիտորդական առաքելությամբ ու կարող ենք այս անգամ դիտարկել ավելի շատ որպես փորձնական, ուսուցողական նաև ծրագիր», – «Ազատության» հետ զրույցում նշեց «Թրանսփարենսի ինթենեշնլ» ՀԿ դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունից հետո Ղարաբաղում 2020-ի գարնանը նախագահական և խորհրդարանական ընտրություններն են։