Home / Հայաստան / Ստեփանակերտ․ Ոչ թե վախենում, այլ զզվում են իշխանություններից

Ստեփանակերտ․ Ոչ թե վախենում, այլ զզվում են իշխանություններից

Այս օրերին Ստեփանակերտում հակաիշխանական ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները խոսել են Ղարաբաղի իշխանությունների՝ վտանգավոր խաղերի մասին։ Պատգամավոր Հայկ Խանումյանը հայտնում է, որ կան ձերբակալվածներ։

«Մեր իշխանությունն իրա աթոռները պահելու համար շատ վտանգավոր խաղ ա խաղում․ պատրաստ են կիսել Ղարաբաղի հայությունը Հայաստանի հայությունից, պատրաստ են հողերը հանձնել, քանի որ իրանց համար ոչ միայն աթոռի հարց է կամ թալանածը պահպանելու հարց․ իրանք գիտեն, որ մեծ հանցագործություններ են արել ու քանի դեռ իրանք են նստած էդ աթոռներին, չեն պատժվելու։ Բայց հենց էդ աթոռին նստած լինի ժողովրդական իշխանություն, ժողովրդական մարդ, իրանք պետք ա օրենքի առաջ պատասխան տան։ Դա՛ է իրանց հիմնական մտավախությունը և դրա համար նրանք պատրաստ են բոլորիս հանձնել։ Բոլորիս», ֊ ասել է մասնակիցներից մեկը։

Ըստ նրա՝ իրենք քաջատեղյակ են իշխանությունների գործելաոճից․ «Եթե մեկն ինչ֊որ դեմ զրույց ա անում, եթե էդ մարդուն չեն ճնշում, ճնշում են ախպոր էրեխուն, ճնշում են մի բարեկամի»։ Տղամարդը նաև ասել է, որ Ղարաբաղում ոչ թե վախենում են, այլ ուղղակի զզվում են իշխանություններից։

Բակո Սահակյանի իշխանությունը քննադատելուց հետո, տղամարդը խոսել է նաև Ղարաբաղի և Հայաստանի նախկին նախագահի մասին․ «Ռոբերտ Քոչարյանն էլ Երևանում ներկայացնում ա, որ Ղարաբաղի ազգի հերոս եմ, ազատամարտիկ եմ, չգիտեմ՝ պատերազմի մասնակից եմ, Արկադի Ղուկասյանն էլ իրա մարտական ընկերն ա․․․ Եթե Արկադի Ղուկասյանն ինչ֊որ մեկի մարտական ընկերն ա, դա մի բան ա նշանակում, որ էդ մարդը մարտի չի մասնակցել, որովհետև Արկադի Ղուկասյանն ու մարտը իրարից շատ հեռու բաներ են»։

«Ժամանակն է որոշում կայացնել ու պայքարել հանուն մեր հայրենիքի» խոսքերից հետո համացանցում տարածված տեսանյությում լսվում է բողոքի ակցիայի մեկ այլ մասնակցի ձայնը․ «Կեցցե՛ միասնական Հայաստանը»։

«Ազգային վերածնունդ» ղառաբաղյան կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանը «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով հայտնել է, որ մայիսի 20-ին տեղի ունեցած ցույցին մարդկանց բերման էին ենթարկել․ «Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիան ոստիկանության կողմից խոչընդոտելը և մասնակիցներին բերման ենթարկելը ցույց է տալիս, որ «Հավաքների ազատության մասին» օրենքն Արցախում չի գործում: Ոստիկանությունը շարունակում է իր ապօրինությունները: Օրենքով հստակ նշված է, որ եթե կազմակերպչի հիմնավոր կարծիքով հավաքին մասնակցելու է ոչ ավելի, քան 25 մասնակից, ապա իրազեկում ներկայացնելը պարտադիր չէ։ Հետևաբար մայիսի 20-ի Տիգրան Պետրոսյանի և մյուսների իրականացրած ակցիայի խոչընդոտումն ոստիկանության կողմից անտրամաբանական է և դատապարտելի»: