«Ընդհանուր խնդիրն այն է, որ մենք ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ ցանկացած քաղաքացու հայց քննարկվի օրինականության, օբյեկտիվության շրջանակներում»։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հավատարիմ է այս քաղաքականությանը։ Մեկնաբանելով հաշվեհարդարի մասին խոսակցությունները, լրագրողների հետ հանդիպմանը վարչապետն ասել է՝ եթե նման տրամադրություն լիներ, «շատ կարճ֊կոնկրետ հաշվեհարդարների և՛ հնարավորությունը կար, և՛ ժամանակը կար, և՛ համատեքստը կարող էր լինել»։ Քոչարյանի գործի վերաբերյալ շատ մեկնաբանություններ անել չցանկացավ, որպեսզի դա չընկալվի իբրև ուղղորդում։ Քոչարյանը, ով «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ է մեղադրվում, դեկտեմբերի 7-ից շարունակում է անազատության մեջ մնալ։
Փաշինյանը չի կարծում, որ մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հետ կապված նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն կա։ Նա խոսեց մեկ այլ փաստի մասին․ «Գործ ունենք՝ առնվազն էն հայտարարությունների մակարդակով, որ արվել է քննչական մարմինների կողմից, մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ՝ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են, այսինքն պարկուճները, որ հաջորդ օրը քննչական խմբի կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, կրակված են եղել, էդ պարկուճները փոխվել են: Ինչո՞ւ են փոխվել էդ պարկուճները՝ որովհետև էդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ՝ այդ թվում սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով»:
Դատական համակարգ․ արդյոք բավարար է նախկինում գործող՝ դատավորներին զանգելու պրակտիկան վերացնելը համակարգի անկախությունն ապահովելու համար։
«Բավարար չէ, բայց անհրաժեշտ պայման է», – ասել է Փաշինյանը։ Եթե հաջողվի երաշխավորել, դատական համակարգի ներսից պռոցեսներ կսկսվեն, որոնք արդյունքում իրապես կբերեն համակարգի անկախացմանը։
«Ես երբեմն ստանում եմ տեղեկություններ, որոնց հեղինակներն ինձ հավաստիացնում են՝ դուք չեք միջամտում, բայց իշխանության մեջ կան օղակներ, որոնք, հնարավոր է, միջամտություններ թուլյ են տալիս։ Որ պահին ապացույց ունենամ, էդ գործողությունն արած պաշտոնյան տեղում կազատվի աշխատանքից»։
Նախկին լրագրող Փաշինյանը դատավորների ծանրաբեռնված աշխատանքը համեմատեց ԶԼՄ֊ների աշխատանքի հետ․ «Ձեր նյութի որակը կախված է նրանից, թե օրը քանի հատ նյութ պետք է գրեք։ Նույնն էլ դատավորը։ Եթե ծանրաբեռնված է անհամար դատական գործերով և ժամկետներով կաշկանդված է, շատ դեպքերում նա կարող է չկարողանալ որակն ապահովել։ Հետևաբար, դատարանների բեռնաթափումը շատ կարևոր գործ է»։
Խոսելով Ղարաբաղի խնդրի մասին, վարչապետը նշել է․ «Էն, ինչ հրապարակային ասվում է Ղարաբաղի՝ բանակցությունների սեղան վերադառնալու մասին, նորություն չէ ո՛չ Ադրբեջանի, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար»։ Հայտարարությունների էս շարքը, ասում է նա, մարտահրավեր չէ, այլ երկխոսության հրավեր, որը նոր չի սկսվել․ «Մենք կփորձենք սեղանին դնել մեր փաստարկները և ուշադիր կլսենք հակափաստարկները»։
Նա նաև նշեց, որ իր հայտարարությունները ոչ թե բանակցությունների ձևաչափի փոփոխության, այլ վերականգնման մասին են։ «Փաստ առաջին․ 1992 թվականին ձևավորվել է Մինսկի խումբը, պոտենցիալ մասնակիցների թվում Եվրոպայի անվտանգության և խաղաղության հանձնաժողովի ընդունված փաստաթղթում նշված է եղել, որ Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչներ հրավիրվելու են համաժողովին որպես շահագրգիռ կողմ։ Հաջորդը՝ 1994 թվականի մայիսի հրադադարի պայմանագիրը կնքել է երեք կողմ, էդ պայմանագրում շատ հստակ գրված է, որ ստորագրում են հակամարտող կողմերը: Երբ ես մի հարցազրույցում ասել էի, որ հակամարտության կողմեր են Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը, հանրապետականները մի այնպիսի աղմուկ էին բարձրացրել, մինչդեռ, այս փաստաթուղթը ստորագրել է իրենց կուսակցության ղեկավարը»։